Գյուղատնտեսությունը կրկին անկում ապրեց. նախարարության գյուղատնտեսական բլոկը ուժեղացման կարիք ունի․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում գյուղացիները սկսել են գյուղատնտեսությամբ քիչ զբաղվել: «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ տարեցտարի պակասում են նաեւ ցանքատարածությունները: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների` դրանք 2018 թվականին, 2017-ի համեմատ, 52 հազար 400 հեկտարով պակասել են: Եթե 2017 թվականին Հայաստանում ցանքատարածությունները կազմել են 294 հազար 500 հա, 2018 թվականին դրանք կազմել են 242 հազար 100 հա: Նույն ցավալի իրավիճակն է նաեւ կարտոֆիլի դեպքում: Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից «Ժողովուրդ» օրաթերթին տրված պատասխանի` կարտոֆիլի ցանքատարածությունները 2019 թվականին կազմում են 20 հազար 402 հա, բայց նախորդ տարի կարտոֆիլի ցանքատարածությունը կազմել է 22 հազար 100, 1698 հա-ով պակասել է: Սրան զուգահեռ նկատենք, որ մասնագետները տեւական ժամանակ բարձրաձայնում են` այս տարին բարենպաստ չէ գյուղատնտեսության համար։ Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկումը կազմել է 7.4 տոկոս:

Եվ հետաքրքիր է, որ երբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից ճշտել, թե ընթացիկ տարում որքան են կազմում ցանքատարածությունները, պարզվեց, սակայն, Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը տեղյակ չէ, թե այս տարի քանի հա ցանքատարածություն է մշակվել: Պատճառաբանեցին, որ ամփոփվում են տվյալները: Համաձայնեք, որ սա տարօրինակ է այն դեպքում, երբ նույն նախարարությունից մեզ փոխանցեցին ցորենի, կարտոֆիլի այս տարվա ցանքատարածությունների տվյալները:
Տնտեսագետ Գագիկ Մակարյանի խոսքով` Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական բլոկը ուժեղացման կարիք ունի: «Դանդաղելու խնդիրներ կան: Մի հոգու վրա դրված է հսկայական բեռ, որը որքան էլ ակտիվ, պրոֆեսիոնալ լինի եւ ձգտի, չի կարող այդ հսկա բեռը կրել»,- նկատեց մասնագետը: Ու այսքանից հետո հարց է առաջանում` էլ ինչպե՞ս պետք է զարգանա գյուղատնտեսությունը Հայաստանում: Ի դեպ, այս տարի սերմացուներ էլ չեն բաժանվել գյուղացիներին» :

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս