Ի՞նչ փոփոխություններ կլինեն Ընտրական օրենսգրքում, և ինչ հանդիպումներ են ունենում իշխանությունները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր երեկվա համարում գրել էր, որ Ազգային ժողովումսկսում են «Կուսակցությունների մասին» օրենքի եւ ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները: Այդ մասին հայտարարել էր Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը` նաեւ հայտնելով, որ աշխատանքները համակարգելու է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս օրերին եւ նաեւ դեռեւս Լենա Նազարյանի հայտարարությունից առաջ Համազասպ Դաբիելյանն արդեն խորհրդարանի ներսում քննարկումներ էր սկսել, առաջարկներ էր արել խորհրդարանական ընդդիմադիր խմբակցություններին նախնական կազմը որոշելու համար: Սակայն հետաքրքիր է, որ երեկվա դրությամբ անգամ «Իմ քայլը» խմբակցությունում տեղյակ չեն, թե ովքեր կընդգրկվեն փոփոխությունների մշակման համար ձեւավորվելիք աշխատանքային խմբում:

Նման անտեղյակություն է նաեւ ընդդիմադիր խմբակցությունների պարագայում: Նկատենք նաեւ, որ ակնկալվում է այդ աշխատանքներին ակտիվ մասնակցություն նաեւ արտախորհրդարանական ուժերի եւ քաղաքացիական հասարակության կողմից:

Վերջիններս դեռ նախորդ տարվանից ունեն համապատասխան առաջարկներ` կապված Ընտրական օրենսգրքի եւ «Կուսակցությունների մասին» օրենքի հետ:

Հիշեցնենք, որ վեցերորդ գումարման խորհրդարանի կողմից ընտրություններից առաջ մերժվեց Ընտրական օրենսգրքի փաթեթը, որին դեմ էր Հանրապետական կուսակցությունը: Սակայն դրանից հետո եւս իշխանական խմբակցության ներկայացուցիչները ոչ մեկ անգամ հայտարարել են, որ ձեռնամուխ են լինելու Ընտրական օրենսգրքի փոփոխությանը: Դրան եւս մեկ անգամ ազդակ է հանդիսացել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից` իշխանական խմբակցության պատգամավորներին ուղղված կշտամբանքը:

«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ կշտամբանքի պատճառ է հանդիսացել այն հանգամանքը, որ այս ամիսների ընթացքում խմբակցության կողմիցորեւէ քայլ չի արվել: Դրանհետեւեց Լենա Նազարյանի կողմից համապատասխան հայտարարությունը: Եվ, ահա, սպասվելիք հնարավոր փոփոխություններից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել:

Այդպիսի փոփոխություններ, ամեն դեպքում, նախատեսում են իշխանական խմբակցության ներսում, սակայն չի բացառվում, որ խորհրդարանական ընդդիմադիր կամ արտախորհրդարանական ուժերիհետ քննարկումների ժամանակ ինչ-որ բաներ փոփոխվեն: Նախ նշենք, որ իշխանական ուժը նախատեսում է ընդհանուր առմամբ Ընտրական օրենսգրքի մշակման աշխատանքներն ավարտել 2020 թվականին եւ այն ներկայացնել խորհրդարանի քննարկմանը:

Մասնավորապես, նախատեսվում է վերացնել թեկնածուների տարածքային ցուցակներն ու անցում կատարել պարզ համամասնական ընտրակարգի: Ինչպես հայտնի է, վեցերորդ եւ յոթերորդ գումարման խորհրդարանները կազմավորվել են վարկանիշային ընտրակարգով, որի բացասական կողմերի մասին շատ կուսակցություններ են խոսել, այդ թվում` ներկայիս իշխանության ներկայացուցիչները, երբ դեռ ընդդիմադիր էին: Մյուս փոփոխությունը կարող է լինելընտրվելու համար նվազագույն շեմիիջեցումը, եւ դա մեկնաբանվում է որպես կուսակցության բազմակարծության ապահովման փորձ: Ինչպես հայտնի է, այժմ կուսակցությունների համար ընտրվելուշեմը 5 տոկոսն է, դաշինքներինը` 7: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այս հարցում մի փոքր տարակարծություն կա, եւ մի մասը կողմ է այն 1 տոկոսով նվազեցնելուն, մյուս մասն էլ` 2:

Չի բացառվում, որ փոխվի նաեւ կոալիցիաների ձեւավորման կարգը: Ինչպես հայտնի է, Ընտրական օրենսգրքով, եթե որեւէ կուսակցություն քվեարկության արդյունքներով չի ստանում մանդատների 51 տոկոսը, ապա հնարավորություն է ստեղծվում կոալիցիաների ստեղծման համար այն հաշվարկով, որ այդ կոալիցիաները կունենան ձայների 51 տոկոսը կամ 53 մանդատ: Եվ կոալիցիաները կարող են ձեւավորվել առավելագույնը երեք կուսակցությունների միջեւ: Այս կարգը եւս կարող է փոխվել, սակայն վերջնական որոշում առկա չէ:

Մյուս փոփոխությունը վերաբերում է ընտրագրավին: Այս մասին եւս շատ է խոսվել, եւ կուսակցությունների կողմից եւս բարձրաձայնվել է, որ այժմ գործող 8 մլն դրամ ընտրագրավը բավական մեծ գումար է կուսակցությունների համար:

Մերտեղեկություններով` այս հարցը եւս կկարգավորվի քննարկումների միջոցով. այն կարող է տատանվել 5 մլն-ից 7.5 մլն-ի սահմաններում: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից առաջ առաջին անգամ կազմակերպվեց բանավեճ, որին մասնակցեցին բոլոր թեկնածու ուժերի ներկայացուցիչները: Նոր Ընտրական օրենսգրքում բանավեճը կսահմանվի օրենքով եւ ավելին` կսահմանվի, որ այն պետք է տեղի ունենա միայն կուսակցությունների ղեկավարների մակարդակով:

Իհարկե, սա փոփոխությունների միայն մի մասն է, եւ դրանք ավելի լայն են լինելու, իսկ աշխատանքներն էլ նախատեսվում է ավարտել 2020 թվականին:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս