Ֆրանսահայ բժիշկների միությունը (UMAF) ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի աջակցությամբ Տավուշի մարզում իրականացրեց «Ակնոցներ Հայաստանի համար» բարեգործական, առողջապահական ծրագիրը։ Չորրորդ տարին անընդմեջ բանկի աջակցությամբ UMAF-ի բժիշկներն իրենց հետ հայրենիք են բերում մեծ թվով օպտիկական ոսպնյակներ, լաբորատոր և ակնաբուժական սարքավորումներ՝ տեղում ստուգելով երեխաների տեսողությունն ու հարկ եղած դեպքում նրանց համար պատրաստում և նվիրում անհրաժեշտ ակնոցներ: Ծրագրի շրջանակում այս տարի Տավուշում հետազոտվել է շուրջ 600 երեխա։
«Տեսողությունը շատ կարևոր բան է երեխաների համար, որովհետև, երբ երեխան լավ չի տեսնում, չի կարողանում լավ հետևել իր դասերին: Լավ սովորելու համար պետք է լավ տեսնել: Ուրիշ քաղաքներից էլ երեխաներին ավտոբուսով ենք բերում. կազմակերպում ենք, որպեսզի երեխաները կարողանան գալ և ճանապարհային խնդիրներ չունենան։ Շնորհակալ ենք մեր գործընկեր ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկին․ արդեն մի քանի տարի է բանկն է ծրագրին հարկավոր գումարի մեծ մասը տրամադրում։ Այդ միջոցներով մենք կազմակերպում ենք անհրաժեշտ սարքավորումների տեղափոխումը Ֆրանսիայից Հայսատան ու իրականացնում նաև կազմակերպչական այլ աշխատանքներ»,-իր խոսքում նշել է Հայաստան ժամանած Ֆրանսիայի բժիշկների միության անդամ, ծրագրի համահիմնադիր Պետրոս Օհանյանը:
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի և UMAF-ի համագործակցությունը մեկնարկել է 2016 թվականին, որի շրջանակում յուրաքանչյուր տարի ֆրանսահայ բժիշկները Բանկի աջակցությամբ Հայաստանի տարբեր մարզերում երեխաների համար իրականացնում են ակնաբուժական ավճար ծրագիր:
Մանրամասն՝ տեսանյութում: