ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ով համարձակվեց բռնել Գագիկ Խաչատրյանին, և ինչպես ձախողվեց գործն ի սկզբանե

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, օգոստոսի 27-ին Ազգային անվտանգության ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին եւ վերջինիս եղբորորդուն` Կարեն Խաչատրյանին պատկանող տարածքներում խուզարկություն իրականացրեց: Օգոստոսի 30-ին ՊԵԿ նախկին նախագահը կալանավորվեց եւ այժմ գտնվում է «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ում՝ «ԿԳԲ-ի պադվալ»-ում:

Ըստ ԱԱԾ-ի՝ ՊԵԿ նախկին նախագահը մեղադրվում է պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար: Նրա եղբորորդին եւս մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու համար։
Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ ԱԱԾ-ի այս գործողություններից հետո անսպասելի հայտարարությամբ հանդես եկավ Հատուկ քննչական ծառայությունը եւ նշեց, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38- 179 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելը):

Գագիկ Խաչատրյանն արդեն վերականգնել է պետությանը պատճառված 800 միլիոն դրամի վնասը։

Իսկ ինչո՞ւ էր մինչ այս լռում ՀՔԾ-ն, ինչո՞ւ չէր հայտնում այդ մասին, ավելին` ինչո՞ւ խոսեց այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն կոնկրետ քայլերի դիմեց եւ առավել համարձակ գտնվելով` կալանավորեց Գագիկ Խաչատրյանին, իսկ, ահա, ՀՔԾ-ն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրել ստորագրությամբ երկրից չհեռանալը:

Այս եւ այլ հարցերի պատասխանը ստանալու նկատակով «Ժողովուրդ» օրաթերթը Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին կոնկրետ գրավոր հարցեր ուղղեց:

1. ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ ՀՔԾ-ում ե՞րբ է հարուցվել քրեական գործ:

2.Ե՞րբ է վերջինս ներգրավվել քրեական գործով մեղադրյալ, ի՞նչ խափանման միջոց է ընտրված եղել նրա նկատմամբ:

3. Ե՞րբ է Գագիկ Խաչատրյանը փոխհատուցել 800 մլն դրամը, եւ այդ քրեական գործը ՀՔԾ-ում կարճվե՞լ է, թե՞ ներկայումս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:

4.Ներկայումս Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ է հարուցված ՊԵԿ նախկին նախագահի մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ հնարավո՞ր է ՀՔԾ-ում հարուցված քրեական գործն ուղարկվի ԱԱԾ, կամ միգուցե ԱԱԾ-ում հարուցված քրեական գործն ուղարկվի ՀՔԾ: Ասել է թե` երկու հարուցված քրեական գործերը կմիացվե՞ն, թե՞ կքննվեն առանձին -առանձին:

5. Եվ, առհասարակ, հնարավո՞ր է` մեկ անձի մասով տարբեր քննչական վարչություններում առանձին գործեր քննվեն:

6. Ինչո՞ւ Հատուկ քննչական ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի դեմ հարուցված քրեական գործի եւ նրա կողմից 800 միլիոն դրամի փոխհատուցման մասին խոսեց այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն ձերբակալեց Գագիկ Խաչատրյանին: Ինչո՞ւ մինչ այդ չէիք հայտնում նրա մասով հարուցված քրեական գործի մասին, նրա կողմից գումարի փոխհատուցման մասին. ստացվում է` երբ ԱԱԾ հայտնեց քրգործի մասին, միայն այդ ժամանակ հիշեցիք, որ գործ էիք արել: Ինչո՞ւ էիք թաքուն պահում:

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին ուղղված մեր 6 հարցերին ի պատասխան` ՀՔԾ լրատվական բաժնից հայտնեցին. «Ի պատասխան Ձեր հարցմանը` տեղեկացնում ենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործն ըստ մեղադրանքի Գագիկ Խաչատրյանի` ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ, ուստի քրեական գործի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար առաջարկվում է դիմել հիշյալ ծառայություն»։

Այսպիսով, ՀՔԾ-ն դեռեւս նախկինում իր վարույթում քննվող քրեական գործով հրաժարվեց մանրամասներ հայտնել եւ կրկին լռեց:

Սակայն դատելով պատասխանից` երկու ուժային կառույցները չեն քննելու ՊԵԿ նախկին նախագահի մասով քրեական գործը, եւ ՀՔԾ-ն Գագիկ Խաչատրյանի մասով իր վարույթում քննվող քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկել է ՀՀ ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ:

Ստացվում է, որ իշխանությունները ՊԵԿ նախկին նախագահին պատասխանատվության կանչելու քրեական գործը վստահեցին Ազգային անվտանգության ծառայությանը, այլ ոչ թե ՀՔԾ-ին, որը մինչ այդ լռում էր՝ իր վարույթում Գագիկ Խաչտրյանի մասով քրեական գործ կա, թե ոչ, եւ միայն օգոստոսի 27-ին «թաքնված բնից» դուրս եկան եւ հայտնեցին, թե ինչ են արել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ` երբ օգոստոսի 27-ին ԱԱԾ ձերբակալել է Գագիկ Խաչատրյանին, հենց այդ օրն էլ ԱԱԾ-ն պահանջել է ՀՔԾ-ին, որ իրենց վարույթում քննվող քրեական գործը փոխանցեն ԱԱԾ-ին: Ուստի վերլուծելով իրավիճակը` ՀՔԾ-ում քննվող առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մասով քրեական գործը միացվեց ԱԱԾ-ում քննվող պաշտոնեական դիրքի չարաշահման եւ առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու փաստի առթիվ հարուցված քրեական գործին:

Քնար Մանուկյան




Լրահոս