Քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար. Բակո Սահակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ցանկացած ընտրություն ԱՀ-ը բերում է պատիվ և փառք, և բացառություն չէ նաև այսօրվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Ստեփանակերտի 3/3 ընտրատեղամասում քվերակելուց հետո այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ԱՀ նախագահ Բակո Սահակյանը: Ըստ Նախագահի՝ ցանկացած ընտրություն հնարավորություն է Արցախի առաջընթացն ապահովելու համար:

«Քվեարկել եմ մեր երկրի առաջընթացի համար, և մեծ ակնկալիքներ ունեմ Ստեփանակերտի նորընտիր քաղաքապետից: Այս տարիների ընթացքում մեր քաղաքը ոչ միայն կերպարանափոխվել է, այլև՝ ստացել նոր երանգ: Կարծում եմ՝ նորընտիր քաղաքապետը և ավագանու անդամները ունակ պիտի լինեն զարդացման դինամիկան ապահովելու գործում, և ստեղծելու լրացուցիչ անհրաժեշտ պայմաններ՝ քաղաքի զարգացման և շենացման համար: Մենք տարբեր բնույթի բազմաթիվ խնդիրներ ունենք: Ես հնարավորություն եմ ունեցել հետևելու մայրաքաղաքի թեկնածուների նախընտրական ծրագրերին, և նրանք բոլորն էլ պատկերացում ունեն խնդիրների մասին: Այն թեկնածուն ով կհաղթի՝ այդ ուղղությամբ կիրականացնի համապատասխան աշխատանքներ: Ես սիրում եմ մեր քաղաքը: Այս տարիների ընթացքում պատասխանատու կառույցների ներկայացուցիչների հետ փորձել եմ քաղաքին հաղորդել նոր տեսք»,-մասնավորապես ասել է Բ. Սահակյանը:

Խոսելով ավագանու ինստիտուտի մասին՝ Նախագահն ասել է, որ ինքը ուրախ է, որ մեծ մասը երիտասարդներ են, ովքեր պատրաստ են ծառայություն մատուցել մայրաքաղաքին:
Անդրադառնալով դիտորդական առաքելությանը՝ Բ. Սահակյանն ասել է. «Բոլոր ընտրոությունների նախաշեմին մենք՝ մեր պաշտոնական տեսակետն արտահայտելու ժամանակ շահագրգռված ենք լինում, որպեսզի միջազգային և տեղական, խորհրդարանային և արտախորհրդարանային դիտորներ մասնակցեն: Բնականաբար, այս ընտրությունների կազմակերպիչների հետ քննարկումներ ենք ունեցել և նախապատրաստական աշխատանքները բարձր մակարդակով են կազմակերպվել»:




Լրահոս