ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեր երկրի ղեկավարներն իներցիոն բոլշևիկյան մտածողություն ունեն. Արտավազդ Բայաթյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանի հետ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ներքին քաղաքական կյանքի, Ամուլսարի հանքի շահագործման թեմայի, նախկին եւ ներկա պաշտոնյաների կերպարների շուրջ:

-Պարո՛ն Բայաթյան, թավշյա հեղափոխությունից հետո ավելի քան մեկ տարի է անցել: Այն ակնկալիքները, որ ունեիք, արդարացվու՞մ են: Դրական տեղաշարժեր մեր երկրում նկատու՞մ եք:

-Իհարկե, նկատում եմ փոփոխություն իշխանության, ոստիկանության, ԱԱԾ-ի եւ այլ կառույցների գործունեության մեջ: Ասել, թե ոչինչ չի փոխվել, անհեթեթություն կլինի: Բայց, իհարկե, որոշ մոտեցումներ նախկին ռեժիմից իներցիայով ժառանգել ենք: Տնտեսության զարգացումը դանդաղ է առաջ ընթանում: Նախկինում էլ էին հույս դնում մասնավոր ներդրումների վրա, հիմա էլ: Դեռ «մինուս»-ով ենք ապրում, պետք է գանք զրոյական վիճակի, հետո նոր աճ գրանցենք, եւ մեր ապրելակերպում դա դրսեւորվի:

-Ամուլսարի հանքի շահագործման թեման իշխանությունը կարծես դիտավորյալ սառեցրեց: Բողոքի ալիքը մարեց, առաջվանը չէ: Դուք ի՞նչ եք կարծում, հանքը պե՞տք է շահագործել, թե՞ ոչ:

-Նախ՝ պետք է գիտակցենք, որ այս երկիրը մերն է, ոչ թե իշխանություններինը: Բայց մեր երկրի նախկին եւ ներկա ղեկավարները բոլշեւիկյան մտածողություն ունեն: Տարիներ առաջ չորացրին Սեւանա լիճը, մակարդակն իջեցրին, հիմա էլ անցել են Ամուլսարին: Նախկինում է՛լ, հիմա է՛լ կա մի զանգված, որը իշխանությանը համարում է աստված. վերջինս ինչ ասի, պետք է անի:

Բայց դա այդպես չէ: Բնությունը չի կարելի փորձադաշտի վերածել: Եթե բնությունն ապականենք, այդ ժամանակ էլ պետք է մտածենք, թե որտեղից գումար հայթայթենք, որպեսզի բուժենք տարատեսակ հիվանդությունները, որոնք առաջ կգան հանքի շահագործման արդյունքում: Չարժե թունավորել բնակչությանը մի քանի միլիարդ եկամուտ ունենալու գնով: Որքանով հասկանում եմ, այդ հումքը, որ պետք է հանեն Ամուլսարից, գնալու է արտերկիր, մեր երկրում չի մնալու: Այսինքն՝ մեր հումքը տանում են: Ի դեպ, ասեմ` մեր «մարդկային հումքն» էլ են տանում: Հենց մի խելոք մարդ են տեսնում, տանում են արտերկիր: Բայց ինչու՞ զիջենք մեր կապիտալը:

-ՀՀ կառավարության նիստում ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» նախագծով նախատեսվում է քրեական պատասխանատվություն նախատեսել քրեական ենթամշակույթով խմբավորում ստեղծելու կամ ղեկավարելու համար, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավվելու համար: Ի՞նչ եք կարծում, այդպիսով հնարավոր կլինի՞ «գողականների» դեմն առնել:

-Նաեւ դրա համար մեր խորհրդարանը պետք է առաջնահերթ ընդուներ «Լյուստրացիայի մասին» օրենք, եւ բոլոր նրանք, ովքեր իրենց գործունեությամբ վտանգ են սպառնում պետականությանը, կպատժվեին: Այդպիսով դաշտը կմաքրվեր: Այդ մարդիկ կզրկվեին, օրինակ, պետական պաշտոններ զբաղեցնելու եւ մի շարք այլ հնարավորություններից: Հույս ունեի, որ մեր երեսփոխանները կունենային այդ իմաստությունը եւ համապատասխան օրենքն արագ կերպով շրջանառության մեջ կդնեին:

-Պարո՛ն Բայաթյան,նախորդ եւ ներկայիս պաշտոնյաների նիստուկացի, շարժուձեւի, խոսքի մշակույթի միջեւ ակնհայտ տարբերություններ նկատու՞մ եք: Ներկայիս իշխանավորների կերպարները հուսադրո՞ղ են:

-Հատուկենտ դեմքեր կան, որոնք խոսքի կուլտուրա ունեն, հավասարկշռված են, կրթված են, բայց ոչ կիրթ: Դրանք տարբեր բաներ են: Նախկին եւ ներկայիս պաշտոնյաների միջեւ այդ առումով շատ մեծ տարբերություն չեմ նկատում: Միակ տարբերությունն այն է, որ նրանք ուրիշ լիդերի ետեւից էին գնում, սրանք՝ ուրիշ: Ժամանակը ցույց կտա, թե ներկայիս լիդերի ետեւից գնալու դեպքում ինչ ճանապարհի վրա կհայտնվեն: Ինչպես ասում են, ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Ամեն դեպքում, աշխարհում կան փայլուն ղեկավարներ, ոորնցից կարելի է սովորել, թե ինչպես կառավարել երկիրը եւ կարճ ժամանակում աղքատ պետությունից վերածվել բարեկեցիկ կյանքով ապրող պետության:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս