ԵԱՏՄ գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի. Շիրակ Թորոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն բավական երկար ժամանակ է, ինչ քննարկվում է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայաստան գալու կամ չգալու հարցը: Բանն այն է, որ հոկտեմբերի 1-ին Երեւանում պետք է կայանա ԵԱՏՄ գագաթնաժողովը, որին պետք է ներկա լինի նաեւ ՌԴ նախագահը:

Բայց, ըստ շրջանառվող տեղեկությունների, Վ. Պուտինը հայաստանյան իշխանությունների առջեւ պահանջ է դրել, թե ՀՀ մուտք գործելու դեպքում պետք է անպայման այցելի իր վաղեմի ընկեր, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Թե ինչքանով են ճիշտ այս լուրերը, դժվար է ասել, քանի որ կողմերից որեւէ մեկը չի հաստատում:

Չնայած ՀՀ ԱԳՆ նախարար Զոհրապ Մնացականյանը օրերս հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե այդ պահի դրությամբ Վ. Պուտինը Հայաստան գալու է, սակայն երեկ ռուսաստանյան շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին, որ Վ. Պուտինն այս պահի դրությամբ որոշում ունի Հայաստան չգալու:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Շիրակ Թորոսյանի հետ:

-Պարո՛ն Թորոսյան, արդեն երկար ժամանակ է` քննարկվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայաստանյան այցը, որը կարծես, դեռեւս անհասկանալի է մնում: Ի վերջո, իշխանությունները ի՞նչ տեղեկություն ունեն ՌԴ նախագահի այցի վերաբերյալ:

-Որեւէ բան չեմ կարող ասել, դա իմ իրավասությունների շրջանակներում չի, իմ կոմպետենտությունը այնքանով է, որքանով մամուլում են տեղեկությունները հրապարակվում` գալու-չգալու խոսակցություններում: Հանդիպումը լինելու է հոկտեմբերի 1-ին` ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ, ու Վլադիմիր Պուտինի այցելությունը նախատեսված է հենց գագաթնաժողովի շրջանակներում, որը կերեւա առաջիկայում: Այս պահին ես հստակ որեւէ բան չեմ կարող ասել:

Գագաթնաժողովներում պետության գլուխներն են մասնակցում, բայց դա դոգմա չի, կարող է նախագահի կողմից լիազորված անձը մասնակցել. դա կտեսնենք հոկտեմբերի 1-ին:

-Տեղեկություններ կան, որ Վլադիմիր Պուտինը իշխանությունների առջեւ պահանջ է ներկայացրել` ՀՀ գալու դեպքում պետք է առաջնահերթ այցելության գնա կալանքի տակ գտնվող Ռոբերտ Քոչարյանին: Որքանո՞վ է իրատեսական այդ տեղեկությունները:

-Ես այդպիսի տեղեկատվության չեմ տիրապետում, ու մամուլում էլ պաշտոնական այդպիսի տեղեկատվություն չի շրջանառվել:

-Բայց Դուք` որպես իշխանության ներկայացուցիչ, ճի՞շտ եք համարում նման պահանջագրի ներկայացումը:

-Երբ որ իրադարձություն կլինի, այդ ժամանակ էլ կմեկնաբանենք, քանի դեռ իրադարձություն կամ եղելությունը չի եղել, կոռեկտ չեմ համարի անդրադառնալ մի բանի, որը տեղի չի ունեցել, պաշտոնական տեղեկություն էլ չկա:

-Եթե հանդիպումը տեղի ունենա, ապա հանրության համար մի քանի կարեւոր հարցեր կան. դրանցից առաջինը գազի գնի թանկացման հարցն է, ինչպես նաեւ 2020 թվականի հունվարի 1-ին ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումն է: Այդ հարցերը լինելո՞ւ են օրակարգում:

-Հիմնական խնդիրները տնտեսական են: Մեզ համար գաղտնիք չէ, որ լինի միասնական գազի գին, որը հնարավորություն կտա տնտեսություններին մրցակցելու, եւ իրավունքների հավասար պայմանների դեպքում կլինի առողջ մրցակցություն: Կարծում եմ` քննարկման թեմա կդառնա նաեւ ավտոմեքենաների մաքսատորքերի բարձրացման հարցը, միասնական մաքսային գոտի եւ այլն:

Տեսակետներ մամուլում շրջանառվում են, կարծում եմ` մաքսատուրքերի հետաձգման հարցի հնարավորություն կա. դա քաղաքական որոշման հարց է: Կարծում եմ` դրա հնարավորությունը կա, այլ բան թե ԵԱՏՄ երկրները ինչ որոշում կկայացնեն, դա մեզ համար շատ կարեւոր է, կարեւոր է այն նաեւ մեր տնտեսության համար:

Ես կարծում եմ, որ մեր կողմը այդ հարցը բարձրաձայնելու է: ԵԱՏՄ-ում հստակ ժամանակացույց է սահմանված, բայց եթե հնարավորություն ստեղծվի, ապա մեր կողմը կարող է խոսել այդ ամենի մասին, իսկ որոշում կայացնելը պետք է կատարեն ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները: Կրկնում եմ` դա կերեւա հոկտեմբերի 1-ին, երբ տեղի կունենա հանդիպումը, ու արդեն կքննարկվեն այն հարցերը, որոնք կարեւոր են այդ երկրների համար:

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ




Լրահոս