Ազգային ժողովն այսօրվա քվեարկությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց ճանապարհային երթևեկության կանոնների խախտման բալային համակարգի ներդրման մասին նախագիծը։ Նախագիծն արժանացավ 94 կողմ, 21 դեմ, 1 ձեռնպահ ձայների։
Նոր նախագիծն առաջարկում է ամեն 1 տարվա ընթացքում վարորդին տալ բալեր, որոնք համապատասխան խախտումների դեպքում նվազելու են։ Իսկ եթե այդ բալերի թիվը հասնի զրոյի, նախատեսվում է վարորդի վարորդական իրավունքի կասեցում՝ 6 ամսով, ինչից հետո վարորդին կրկին տրվելու է 9 միավոր 1 տարվա համար։ Երկրորդ անգամ իր բալերը զրոյացնելու դեպքում վարորդն իր իրավունքներից կզրկվի 1 տարով ու վարելու իրավունք նորից կստանա միայն քննությամբ։
«Ընդհանուր առմամբ, երթևեկության ոլորտի թվով 100 զանցակազմերից տուգանային միավորներ նախատեսված են 20-ի համար։ Դրանք այն իրավախախտումներն են, որոնք կատարման հետևանքով պատահարի և մահվան կամ վիրավորվելու պատճառականությունը ՃՈ-ում պարբերաբար իրականացվող վերլուծության արդյունքում ճանաչվում է որպես օրինաչափություն», – ԱԺ-ում երեկ բացատրեց ոստիկանության պետի տեղակալը։
Վարորդների բալային համակարգի ներդրմամբ տուգանքների չափերը ոչ թե կավելանան, այլ ընդհակառակը՝ որոշ դեպքերում կնվազեն։ Բայց որպեսզի անվտանգությունը չտուժի, ոստիկանությունը կներդնի հենց տուգանային միավորների՝ բալերի ինստիտուտը։
Եթե վարորդն առաջին անգամ վատնել է տրված 9 միավորը և 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից, ապա նշված ժամկետի 3 ամիսը լրանալուց հետո նա կարող է տեսական քննություն հանձնել և վերադարձնել մեքենա վարելու իրավունքը։ Նույնիսկ այն դեպքում, երբ վարորդը դեռ չի սպառել 9 միավորը, սակայն քիչ միավորներ ունի, կարող է նորից քննություն հանձնել։ Այդ դեպքում նրան կվերադարձվի 2 միավոր։