ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը երեկվա նիստում իր համաձայնությունն է տվել «Գազպրոմ Արմենիա» ընկերության գույքի առուվաճառքի պայմանագիր կնքելուն: Տեղեկացնենք, որ «Գազպրոմ Արմենիա»-ն աճուրդի էր հանել «Տրանսգազ» ընկերության գույքը: Խոսքը Կոտայքի մարզի Աբովյանի 2-րդ արդյունաբերական թաղամասում գտնվող գույքային համալիրի մասին է:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գույքի գնորդը համարվում է ծխախոտ արտադրող «Արմենիան Տոբակո Քոմփանի» ընկերությունը, որը նաեւ մասնակցել է աճուրդին: Նշենք, որ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների, Էկոնոմիկայի նախարարությունները, Ազգային անվտանգության ծառայությունը դիրքորոշում են հայտնել այս գործարքի վերաբերյալ եւ նշել, որ առարկություններ չունեն: Իսկ հանձնաժողովն իր հերթին վստահեցրել է, որ չի խախտվում էներգետիկ համակարգի հուսալիությունը, անվտանգությունը եւ ներքին շուկայի սպառողների շահերը, չի սպառնում ազգային անվտանգությանը եւ պետական շահերին: