«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ կառավարությունը մտադիր է փոխհատուցել «Ձյունիկ սառնարան» ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում գտնվող վտանգավոր սննդամթերքի տեղափոխման, ախտահանման եւ ոչնչացման, մաքրման ու ախտահանման ծախսերը: Այդ նպատակով պետական բյուջեից կհատկացվի 14 մլն 961 հազար դրամ:
Նշենք, որ օգոստոսի 19-ին «Ձյունիկ սառնարան» ընկերությանը պատկանող սառնարանային տարածքում բռնկված հրդեհի արդյունքում տիրող իրավիճակը գնահատելու նպատակով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից իրականացվել է ուսումնասիրություն: Արդյունքում արձանագրվել է, որ հրդեհված տարածքում սննդամթերքը ամբողջովին կամ մասնակի այրվել է:
Ավելին` այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ոլորտի իրավական ակտերով սահմանված անվտանգությանը, սննդամթերքի հիգիենային ներկայացվող պահանջներին եւ, հանձնաժողովի որոշմամբ, համարվել է վտանգավոր եւ ոչնչացման ենթակա: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ տարածքից դուրս է բերվել 1015 տոննա (142 բեռնատար) վտանգավոր սննդամթերք, որից շուրջ 170 տոննան մաքսային հսկողության:
Պարզվում է, որ «Ձյունիկ սառնարան» ընկերությունը այդ ծախսերն իրականացրել է իր սեփական միջոցների հաշվին: Բայց ստացվում է, որ կառավարությունը որոշել է փոխհատուցել ընկերության կատարած ծախսերը եւ տրամադրել մոտ 15 մլն դրամ գումար: Ի դեպ, նշենք, որ այդ սառնարանային պահեստում պահվում էր ավելի քան 30 մլն դոլարի մթերք` տարբեր ընկերությունների կողմից:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ սառնարանային պահեստի ամբողջ շենքը գրավ է դրված բանկում 3․5 մլն դոլարի դիմաց: Ըստ որոշ տեղեկությունների` ընկերությունը հնարավոր է գնա սնանկության ճանապարհով: Հուսանք`կառավարության մոտ 15 մլն դրամ փոխհատուցումը որոշ չափով կօգնի ընկերությանը: