ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմքայլականի սիրտը խաղի նոր կանոն է ուզում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ խորհրդարանում տեղի ունեցան ԱԺ երեք խմբակցությունների անդամների ավանդական ճեպազրույցները, որի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից լրագրողների հարցերին եկել էին պատասխանելու խմբակցության պատգամավորներ Արուսյակ Ջուլհակյանը, Գեւորգ Պապոյանն ու Սուրեն Գրիգորյանը: Վերջինս հանկարծակի որոշեց, որ ճեպազրույցում չեն հնչում այն հարցերը, որոնք պետք է հնչեին, ավելին երիտասարդ ու անփորձ պատգամավորը հայտարարեց. «Մենք երեւի քննարկենք այս ձեւաչափի արդյունավետությունը, արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, շնորհակալություն»:

Ու այս հայտարարությունն անում է մի պատգամավոր, որը նոր է հայտնվել խորհրդարանում ու, չգիտես ինչու, որոշել է ճեպազրույցների ֆորմատ փոխել:

Նախ ակնհայտ երեւում էր, որ իշխող մեծամասնության պատգամավորները ոչ պատրաստ էին եկել ճեպազրույցին ու բոլոր հարցերին պատասխանում էին ուղղակի, առանց որեւէ հիմնավորումների: Իսկ երբ լրագրողի կողմից հարց հնչեց այն մասին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ չէ խորհրդարանի աշխատանքներից, ինչպես նաեւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացի վերաբերյալ Սուրեն Գրիգորյանը հարցին պատասխանեց շատ վրդովված: Նախ հայտարարեց, թե դեմ է այն հռետորաբանությանը, որ հարց է դրվում` վարչապետը գոհ է կամ դժգոհ է ԱԺ-ից: Ակնհայտ երեւում է, որ իշխանական պատգամավորներին դուր չեն գալիս այն հարցերը, որոնք հնչեցնում էին լրագրողները, ինչից հետո Գրիգորյանը որոշեց «սաստել» լրագրողներին:

Սուրեն Գրիգորյանը հայտարարեց, թե ճեպազրույցների ձեւաչափը ԱԺ քառօրյայի օրակարգում քննարված հարցերը ամփոփելու համար է:

«Եթե մենք ամեն անգամ այս ֆորմատը օգտագործենք… եթե ԱԺ օրակարգ ենք քննարկում, կողքից մի երկու թեժ հարց է, էտ էլ եմ հասկանում, որ օբյեկտիվորեն չենք կարող այդ հարցերը չտալ, որովհետեւ հանրությանը հետաքրքրում է, բայց ֆիքսենք, որ էս նաեւ հիմնականում այլ ֆորմատ ա, որն ուղղվածա դրան, էկեք դրանից էլ չշեղվենք, առավելեւս որ դրանք էլ կարեւոր են»: Պատգամավորի հայտարարությանը շատ բուռն արձագանքեցին լրագրողները, ինչից հետո վերջինս նշեց. «Մենք երեւի քննարկենք այս ֆորմատի արդյունավետությունը, արդյոք դրա անհրաժեշտությունը կա՞, շնորհակալություն»:

Հարց է առաջանում, թե ով է իշխանական պատգամավորին թույլատրել որոշել ճեպազրույցների արդյունավետության ձեւաչափը, երբ տարիներ շարունակ նման հանդիպումներ են տեղի ունենում խմբակցությունների ներկայացուցիչների ու լրագրողների միջեւ, որի ընթացքում նախ ներկայացվում են քառօրյայի ժամանակ քննարկված հարցերը, այնուհետեւ տարաբնույթ հարցեր են հնչեցնում լրագրողները: Այսինքն` եթե իշխանությունների համար ոչ ցանկալի հարց է հնչում, պետք է փոխե՞ն ձեւաչափերը:

«Ժողովուրդ» օրաթերթը երեկ այս հարցերի շուրջ փորձեց զրուցել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս