Իշխանության՝ ժողովրդից կտրվելու վտանգը օդից կախված է նաև այսօր. Վահրամ Մարտիրոսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս օրերին մամուլը ողողված է ՀՀ ԱԱԾ արդեն նախկին պետ ԱրթուրՎանեցյանի եւ ՀՀ արդեն նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հրաժարականի վերաբերյալ մեկնաբանություններով: Թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է գրող, կինոդրամատուրգ Վահրամ Մարտիրոսյանի հետ:

-Պարո՛ն Մարտիրոսյան, Վանեցյանի եւ Օսիպյանի գործունեությունը վերջին մեկ տարում ինչպե՞ս եք գնահատում:

-Դրական տեղաշարժ եղել է: Ավելի ստույգ՝ ՀՀ ոստիկանությունը պահածոյացվել է նախկին վիճակում` հանած կոռուպցիան։ Դա էլ` վերապահությամբ։ Օրինակ, ամեն տեղ սիգա է վաճառվում։ Ես չեմ հավատում, որ ոստիկանությունը մաս չունի։ Տիգրան Մեծ փողոցի «ԵրեւանՍիթի»-ի դիմաց բանջարեղենի առեւտուրը ավելի մեծ ծավալ ունի, քան շատ միջին խանութներում։ Ողջամիտ կասկած պետք է ծագի, որ հենց «Սիթին» էլ չհարկվող գումար է հավաքում։

Բայց դա ոստիկանները չեն տեսնում (Երեւանի քաղաքապետարանն էլ մոռացավ)։ Քաղաքացիների բողոքներին ընթացք տալու, հանցագործությունների բացահայտման անկեղծ հետաքրքրություն չկա` ըստ բազմաթիվ արձագանքների։ Իսկ ԱԱԾ-ի պարագայում քնեց օտարերկրյա գործակալների բացահայտման աշխատանքը, երբ որ վարչապետն էր հայտարարել դրա մասին։ Օտարերկրյա գործակալները պետական ապարատումկքայքայեն համակարգը, իսկ դրսում «հայրենասիրությամբ» ու «ավանդական արժեքներով» կոկորդ պատռելով` կհիմարացնեն շատերին, ու ճանաչում ձեռք բերելով` չարիք դառնան մեր երկրի համար:

Մյուս կողմից, հանրության մեջ պահանջ կա պետության զավթման մասին որոշում կայացնելու, եւ ես կողմ եմ, որ դա քննվի վերջին հարյուր տարվա կտրվածքով։

ԱԱԾ նոր տնօրենի տրամադրվածությունը շատ կարեւոր է այս խնդրում: Պետք է երկու համակարգերն էլ զարգանան, իրենց հստակ փիլիսոփայությունն ունենան, դրանով նոր նշանակվելիք պաշտոնյաները պետք է շահեկանորեն տարբերվեն նախորդներից։

-Քաղաքագետներից ոմանք այն կարծիքին են, որ, օրինակ, Վանեցյանին Փաշինյանն ինքն է շոումեն եւ «կինոյի տղա» դարձրել, եւ հիմա վայելում է դրա պտուղները:

-Մարդկանց մեջ արդարության մեծ ծարավ կար: Եվ, այո, պետք էր բացահայտումների մասին շատ խոսվեր: Ժողովրդի մեկ երրորդը դեռ աղքատ է,բայց եկեք չասենք, թե նրանց սնում են տեսարաններով, շոուով: Սա մեր հայրենիքն է, մարդկանց տոնուս է պետք, որ դիմանան: Փաշինյանը վայելո՞ւմ է դրա պտուղները:

Չգիտեմ։ «Կինոյի տղայի» համբավը կամրապնդվի կամ կփոշիացվի ոչ թե մեկ հրաժարականի տեքստով (որի համահեղինակը տաղանդավոր բանաստեղծ Արմեն Դավթյանն է, նաեւ, ենթադրում եմ, «մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք» արտահայտության հեղինակը), այլ հետագա գործելակերպով։

-Դուք ի՞նչ եք կարծում, ներկայիս իշխանությունը ժողովրդից կտրվելու պոտենցիալ ունի՞:

-Այո, իհարկե, ունի: Ցանկացած իշխանություն այդ վտանգի առաջ է, հատկապես երբ Ազգային Ժողովում մեծամասնություն է, այսինքն՝ իր որոշումներն անցկացնելու համար ոչ մի խնդիր չունի: Մի օր որպես պատգամավոր զարթնած մարդիկ իրենց կհամարեն անփոխարինելի, վարչապետը կմտածի, որ ինքը երկրի լավագույն քաղաքագետն է, ռազմական գործիչը, գրողը, նկարիչը, գյուղատնտեսը… Չկա ուժեղ ինստիտուցիոնալ ընդդիմություն, որը համակարգված ձեւով կքննադատի, սխալները կներկայացնի հանրությանը:

Նախորդ իշխանությունների դեպքում շատ կարճ տեւեց այդ գործընթացը. նրանք մի քանի տարուց իրականությունից կտրվեցին: Այս վտանգն օդում կախված է նաեւ այսօր, որովհետեւ հանրության դիմադրության պաշարը փոքր է: Դրա համար էլ է իշխանությունը պատասխանատու, որ քննադատական մտածողությունը չկորցնի, ինքնաքննադատությամբ զբաղվի:

-Հիմա ժողովրդից կախված բան կա՞, թե՞ պետք է սպասել իրադարձությունների զարգացմանը:

-Ամեն ինչ ժողովրդի ձեռքում է, մեզնից յուրաքանչյուրը պետք է անի առավելագույնը: Շատ մարդիկ դժգոհում են իշխանության գործելաոճից, բայց իրենք տեղում չեն պայքարում. վախենում են: Մասնավորապես, ինձ շատերն են ասել, որ նախարարություններում վերականգնվել է մեծ պարգեւավճարների` անցած տարեվերջին հանրության կողմից դատապարտված պրակտիկան։ Բայց դա արդեն քաղաքացու պատասխանատությունն է, նա պետք է փորձի արդյունքի հասնել:

Աննա Բաբաջանյան




Լրահոս