«Ժողովուրդ» օրաթերթի զրուցակիցը դերասանուհի Ելենա Բորիսենկոն է: Նա անդրադարձել է վերջին շրջանում բուռն քննարկումների առիթ տված իր սանրվածքին, նշել է` երբեւէ պլաստիկ վիրահատության դիմել է, թե ոչ: Ելենան խոսել է իր ստեղծագործական, հայաստանյան ներքին քաղաքական կյանքի մասին:
-Ելենա՛, գլուխը թեկուզ մասնակիորեն սափրելը, պետք է նկատել, համարձակ քայլ էր: Արդյոք դա նաեւ հոգեբանակա՞ն պատճառներ ուներ: Ասում են` երբ կինը կտրուկ փոխում է սանրվածքը, նրա անձնականում եւս բեկումնային շրջան է:
-Տարիներ շարունակ ունեցել եմ երկար, գանգուր վարսեր, խոպոպներ: Մի տեսակ հրեշտակային կերպարի մեջ էի, բայց երբ տեսնում էի սափրած գլուխ, շատ էր ինձ դուր գալիս, գայթակղվում էի հատկապես Շինեյդ Օ`Քոննորի կերպարով, բայց քանի որ աշխատում էի թատրոնում, ունեի դերեր նաեւ ֆիլմերում, չէի կարող սափրել գլուխս: Նաեւ հոգեպես պատրաստ չէի այդ քայլին: Բայց չէի ասի, թե դա այսօր ինձ համար համարձակ քայլ էր: Համարձակ քայլ կլիներ, օրինակ, 20 տարի առաջ, բայց ոչ այսօր: Ես հասկանում եմ, թե որքան եմ ներքուստ փոխվել: Իհարկե, ամբողջությամբ չսափրեցի գլուխս, բայց ամեն ինչ դեռ առջեւում է (ծիծաղում է): Մի պատճառ էլ կա սանրվածքս փոխելու համար: Երբ փոքր էի, փողոցում հետեւի կողմից շատ գեղեցիկ վարսերով մեկին տեսա, վազեցի, որպեսզի տեսնեմ դեմքը, եւ ինչ… Տարեց կին էր, եւ ես մի տեսակ ցնցվեցի: Այնքան էլ հաճելի պատկեր չէր: Այդ օրվանից վճռեցի, որ երբ մեծանամ, անպայման կարճ սանրվածք եմ անելու:
-Մի ժամանակ լուրեր էին տարածվում, թե Դուք քթի պլաստիկ վիրահատություն եք արել: Դա ճի՞շտ է:
-Ոչ, միջնապատս եմ վիրահատել միայն:
-Մի փոքր ստեղծագործական կյանքի մասին զրուցենք: Ի՞նչ նոր նախագծերում եք ընդգրկված:
-Նկարահանվել եմ մի նախագծում, որը կոչվում է «Թղթե երազանք», որի շատ հերոսներ Գյումրիից են: 24 մասանոց ֆիլմի մասին է խոսքը: Ամեն տեսարանում թեկուզ չնչին մասնակցություն ունենալուց հետո երջանիկ գնացել եմ տուն, քանի որ ծառայել եմ մասնագիտությանս:
-Ելենա՛, գիտեմ, որ «Վերվարածներում«, «Անուղղելիներում» նկարահանվելուց հետո Ձեզ շատ են ասոցացրել Ձեր մարմնավորած կերպարի հետ: Կհիշե՞ք մի դրվագ, որ առանձնակի տպավորվել է:
-Երբ ես նոր էի հայտնվել «Վերվարածներում», փողոցում ինձ սկսել էին ճանաչել, մոտենալ, եւ ես չգիտեի, թե ինձ ինչպես պահեմ: Արթուր Հակոբյանը սովորեցրեց շնորհակալությամբ ընդունել ժողովրդի սերը, այնպես անել, որ աստղայինը չտանի: Հիշում եմ` մի անգամ փողոցում մոտեցավ մի աղջիկ, ասաց, որ ինձ պես գանգուր մազեր է պահում, որ նմանվի կերպարիս, ասաց, որ մանկատնից է, շատ է սիրում մեր սերիալը: Դա շատ ազդեցիկ էր: Երեւի այդ հանդիպումը բեկումնային եղավ ինձ համար, հասկացա, որ ամեն հեռուստադիտող մի անհատականություն է, եւ չի կարելի նրանից փախչել: Կար մի շրջան, երբ փողոց դուրս գալն ինձ համար իսկապես բարդ էր: Դա չէր պատկերացնում անգամ հարազատ քույրս: Մի տատիկ փողոցում շատ կոպիտ ձեռքս բռնեց ու ասաց. «Չե՞ս հասկանում, որ Կնյազը քեզ է սիրում, ո՞ւմ հետ ես ամուսնանում»: Մինչ քույրս փորձեց ազատել ինձ տատիկի ձեռքից, ես նրան բացատրեցի, որ նորմալ է, տատիկն ուղղակի ասոցացնում է ինձ կերպարիս հետ (ծիծաղում է):
-Ելենա՛, կցանկանայի նաեւ քաղաքական կյանքից խոսենք: Դուք միշտ եղել եք պայքարի կիզակետում մարտի 1-ի դեպքերի ժամանակ, «Էլեկտրիկ Երեւանի», թավշա հեղափոխության օրերին: Հիմա ի՞նչ տպավորություն ունեք երկրում տիրող իրավիճակից:
-Այո, ես միշտ եղել եմ արդարության կողմը դեռ դպրոցական տարիքից: Թավշյա հեղափոխության օրերին ես ոչ թե որեւէ մեկի կողմնակիցն էի, այլ ունեի թշնամի, որից ցանկանում էի ազատվել: Դա ստացվեց: Բնական է, որ այդ իրավիճակում երկրի ղեկավարի պաշտոնում, որպես միակ օպտիմալ տարբերակ, դիտարկվում էր Նիկոլ Փաշինյանը: Ես չեմ զղջում, որ մենք նրան ընտրեցինք, բայց ներկայիս իշխանության բռնած ճանապարհն ինձ այնքան էլ դուր չի գալիս: Սա դեպի իմ երազած երկիր տանող ճանապարհը չէ: Իհարկե, կարծիքս սիրողական է, զուտ, որպես քաղաքացի, սուբյեկտիվ դիրքորոշումս եմ արտահայտում: Ի դեպ, այսօր շատ դերասաններ սոցցանցերում լայվեր են մտնում, քաղաքականությունից են խոսում այն պարագայում, երբ իրենք հեղափոխությանը միացան վերջին օրերին միայն, երբ պարզ էր, որ հաղթանակն անխուսափելի է: Իսկ նրանք, ովքեր հենց սկզբից ծառայել են հեղափոխությանը, այդպիսի բաներ չեն անում: Աստված տա` ամեն բան հաջող ընթանա:
Զրուցեց ԱՆՆԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ
ԱՆՑՆՈՒՄ Է «ՈՐՍԻ»
Ֆրանսիական FranceFootball-ը տեղեկացնում է, որ Մյունխենի «Բավարիան» լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնա»-ի 22-ամյա ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեի տրանսֆերով: Նշվում է, որ բավարացիները այժմ առաջարկ չեն անի «Բարսելոնա»-ին, որովհետեւ հասկանում են` Կատալոնիայում մեծ չափի գումարներ կպահանջեն: Գերմանիայում կսպասեն այնքան, մինչեւ «Բարսելոնան» ձեւակերպի Նեյմարի եւ Գրիզմանի տեղափոխությունները, որն էլ զգալիորեն կնվազեցնի Դեմբելեի տրանսֆերային արժեքը: Ամեն դեպքում, այս ամենը շատ մեծ հավանականությամբ չի ավարտվի «Բավարիա»-ի «սրտով»: Կատալոնները Դեմբելեին բաց կթողնեն միայն Նեյմարի տրանսֆերը հաջողելուց հետո, իսկ այդ դեպքում ֆրանսիացին կարող է ներառվել բրազիլացու գործարքի մեջ` տեղափոխվելով ՊՍԺ:
ԸՆԿԵՐԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը «ԵՎՐՈ 2019»-ի նախապատրաստական փուլում կանցկացնի երկու ընկերական հանդիպում եւ կմրցի «Ալաշկերտ»-ի ու «Լոռի»-ի հետ: Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում: «Ալաշկերտ»-ի դեմ հանդիպումը կկայանա հուլիսի 4-ին, իսկ «Լոռի»-ի դեմ մեր երիտասարդները կխաղան հուլիսի 7-ին: Հավելենք, որ խաղերը կմեկնարկեն 18:30-ին:
ԿԱՐՈՂ Է ՏԵՂԱՓՈԽՎԵԼ
Ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստ Նեյմարը կարող է տեղափոխվել բրազիլական «Ֆլամենգո». այս մասին հայտնում է ElChiringuitoTV-ն: Նշվում է, որ բրազիլացին «Ֆլամենգոյի» կազմը կհամալրի վարձակալական հիմունքներով, եթե չկայանա «Բարսելոնա» տեղափոխությունը: Նեյմարը մտադիր է գնալ բոլոր հնարավոր քայլերին, միայն թե չշարունակի խաղալ ՊՍԺ-ում: