ՆՈՐ ՄԱՐՄԻՆԸ ԲԱԶՄԱԹԻՎ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՈՒՆԵՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթն իր հունիսի 19-ի համարում գրել էր, որ ՀՔԾ-ն լուծարվելու է, եւ դրա փոխարեն ստեղծվելու է Հակակոռուպցիոն կոմիտե: Մասնավորապես, այդ կառույցի ստեղծումը նախատեսված է Հակակոռուպցիոն ռազմավարության եւ դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրով: Եվ այդ նոր մարմինն ունենալու է մի շարք գործառույթներ, որոնք վերցվելու են այլ կառույցներից:

Օրինակ` Քննչական կոմիտեն, ՀՔԾ-ն, ԱԱԾ-ն, հարկային եւ մաքսային մարմինների կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող քննիչների հաստիքները եւ գործիքակազմը կփոխանցվեն Հակակոռուպցիոն կոմիտեին: Բացի այդ, այս կոմիտեի ծառայողների կատարած հանցագործությունների նախաքննությունն էլ կիրականացնի ԱԱԾ-ն: Այսպիսով, հակակոռուպցիոն կոմիտեն լինելու է բավական լայն լիազորություններով օժտված միասնական նախաքննական մարմին:
ՀՔԾ լուծարումը ենթադրում է նաեւ, որ ծառայության կոռուպցիոն հանցագործությունների քննության վարչության հաստիքները եւ գործիքակազմը տրամադրվում է նորաստեղծ մարմնին` Հակակոռուպցիոն կոմիտեին, իսկ ՀՔԾ-ի Խոշտանգումների ու մարդու դեմ ուղղված եւ Ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչություններն էլ` Քննչական կոմիտեին:
Սակայն, բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, լինելու է նաեւ կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան: Եվ ամենաուշը մինչեւ օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:
Ի դեպ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` օրեր առաջ արդեն ստեղծվել է հակակոռուպցիոն քաղաքականության խորհուրդ: Այն զբաղված է լինելու կոռուպցիայի հաղթահարման ուղղությամբ նախանշվող առաջնահերթությունների եւ առաջարկվող լուծումների քննարկմամբ: Խորհրդի կազմում են լինելու վարչապետը, ոլորտը համակարգող փոխվարչապետը, վարչապետի աշխատակազմի ղեկավարը, Արդարադատության նախարարը, փոխնախարարը, ԲԴԽ նախագահը, բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահը, Մարդու իրավունքների պաշտպանը, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահը, ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչ, քաղհասարակության կազմակերպությունների 5 ներկայացուցիչ:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե ընդհանուր առմամբ իրենք կողմ են, որ կոռուպցիայի հետ կապված հարցերը պետք է քննի մեկ մարմին, սակայն նախագծի հետ կապված մեկ մտահոգիչ փաստ հայտնեց: Նախ` Սաքունցը ընդգծեց, թե նախագծի առաջին տարբերակի եւ երկրորդի միջեւ որեւէ նմանություն չկա, քանի որ նախորդը դեռեւս նախկին իշխանությունների ժամանակ էր մշակված եղել, իսկ այս մեկը լիովին տարբերվում է:
«Կարեւոր սկզբունք է, որ կոռուպցիոն հանցագործություններով պետք է զբաղվի մեկ մարմին, որպեսզի չլինի այն վիճակը, որը կա: Բայց ՀՔԾ-ի հետ կապված ունենք ոչ թե կոռուպցիայի թեմային առնչվող, այլ ՀՔԾ-ի կողմից խոշտանգումների փաստերով քննության գործառույթը առաջարկվում է ուղարկել Քննչական կոմիտեին, որի հետ կտրուկ համաձայն չենք», – նշեց նա:
Սաքունցը պարզաբանեց, որ Քննչական կոմիտեն քրեական գործերով օպերատիվ-հեռախուզական գործողությունների կատարումը հանձնարարում է ոստիկանությանը, եւ նման պայմաններում, եթե վարույթը տրամադրվի ՔԿ-ին, ապա այդ քրեական գործերում նորից հանձնարարություններ կլինեն ոստիկանությանը, որն անտրամաբանական է: «Այստեղ կարող են լինել գերատեսչական շահեր: Պետք է խոշտանգումների փաստերով քրեական գործերի քննությունը իրականացվի անկախ մարմնի կողմից, եւ ինքը չունենա որեւէ առնչություն այլ իրավապահ մարմինների հետ, որոնց ներկայացուցիչների կողմից խոշտանգման փաստ է արձանագրվել»,- հավելեց Սաքունցը:
Սաքունցի խոսքով` պետք է դեռ ուսումնասիրվի նախագիծը, եւ հասկանան նոր ստեղծվելիք մարմնի գործառույթները: «Դրա մասին դեռեւս չեմ կարող ասել մանրամասն: Այո, կոռուպցիոն հանցագործություններով պետք է առանձին մարմին զբաղվի, բայց թե որքանով է այդ մարմնի անկախությունը երաշխավորված լինելու, դա այլ հարց է»,- եզրափակեց նա:
Նախագծի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանի հետ, որը եւս ճիշտ համարեց կոռուպցիոն հանցագործությունները մեկ միասնական մարմնում քննելը: «Մենք հիմա տարբեր իրավապահ մարմիններում ունենք հակակոռուպցիոն հարցերով զբաղվող ստորաբաժանումներ, ինչը նշանակում է, որ նրանց ուժերը մեկտեղված չեն: Ձեւավորվելու է մեկ գործառույթ, մեկ մարմին, որն արդարացի եմ համարում: Նախագծով արդեն նշված է, թե որ գործերն են այդ մարմինը քննելու: Բոլոր այն գործերը, որոնք առնչվում են պաշտոնյաների բարեվարքության, նրանց կողմից իրենց դիրքով պայմանավորված հանցագործությունների կատարման հետ, այդ ամենը քննելու է հենց հակակոռուպցիոն կոմիտեն: Մնացած հանցագործությունները, անգամ պաշտոնյաների, որոնք չունեն կոռուպցիոն բաղադրիչ, բոլորը քննվելու են համապատասխան մարմիններում», – նշեց նա:
Տիգրանյանը համաձայն չէ Սաքունցի այն տեսակետի հետ, թե նոր ստեղծվելիք մարմնի անկախության երաշխիքների հետ կապված կարող են խնդիրներ լինել: «Անկախության երաշխիքներից մեկն այն է, որ կոմիտեի ղեկավարի ընտրության կարգը բոլորովին այլ է իրավապահ մյուս մարմինների ընտրության կարգից: Մրցութային խորհուրդ է նախատեսվում ձեւավորել», – եզրափակեց նա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԲԱՑԱԿԱՆԵՐԸ
Հունիս ամսվա ընթացքում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մեկ նիստ է գումարել: Հանձնաժողովն արդեն ԱԺ աշխատակազմ է ներկայացրել այդ նիստից բացակա պատգամավորների ցանկը: Ինչպես հայտնի է, հանձնաժողովներից եւ լիագումար նիստերից ոչ հարգելի բացակայությունների պատճառով պատգամավորների աշխատավարձից պահումներ են կատարվում, եւ յուրաքանչյուր ամսվա սկզբում ներկայացվում է նախորդ ամսվա բացակաների ցանկը: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովի 13 անդամից այդ նիստին բացակա են եղել երեքը, որից միայն մեկի` ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի բացակայությունն է հարգելի եղել, քանի որ նա գործուղման է եղել: Մյուս բացակաները ԲՀԿ-ականներն են` ԱԺ փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը եւ Տիգրան Ուրիխանյանը: Սա հանձնաժողովի թվով հինգերորդ նիստն էր: Օրինակ` մայիս ամսվա ընթացքում եւս նիստ գումարել էր հանձնաժողովը, սակայն բացականեր չէին եղել: Ապրիլ, մարտ եւ փետրվար ամիսներին եւս հանձնաժողովների նիստերից բացակայություններ չեն եղել: Ստացվում է` միայն հունիս ամսվա հանձնաժողովի նիստից են պատգամավորներ բացակայել: Սակայն շատ հանձնաժողովներ դեռեւս չեն ներկայացրել բացակաների ցանկը, եւ միայն ամբողջական պատկերից հետո պարզ կլինի, թե ովքեր են պարտաճանաչ հաճախում նիստերին:

 

 

 

 

140 ՀԱԶԱՐ ԵՎՐՈ` ՔԱՂԱՔԱՑՈՒՆ
Հայաստանի կառավարությունը հյուսիսային եւ գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված Գայանե Թադեւոսյանին մինչեւ օգոստոսի 16-ը պետք է վճարի մոտ 140 հազար եվրոյին համարժեք դրամ: Նշենք, որ Գայանե Թադեւոսյանը, ներպետական բոլոր դատարաններով անցնելով եւ արդյունքի չհասնելով, փաստաբան Արա Ղազարյանի օգնությամբ դիմել էր ՄԻԵԴ: Մասնավորապես, դիմումատուն պնդել է, որ միջամտությունը իր սեփականության իրավունքին չի իրականացվել օրենքի հիման վրա, եղել է ոչ համաչափ եւ չի հետապնդել հանրային շահ: Գործի քննության արդյունքում Եվրոպական դատարանը, մերժելով դիմումատուի պնդումները, գտել է, որ միջամտությունը դիմումատուի սեփականության իրավունքին իրականացվել է օրենքի հիման վրա, սակայն չի հետապնդել հանրային շահ: Բացի այս, դիմումատուն պահանջել է 104 մլն 61 հազար դրամ փոխհատուցում նյութական վնասի, 5000 եվրո փոխհատուցում ոչ նյութական վնասի եւ 4 մլն դրամ՝ կատարված ծախսերի եւ ծախքերի համար: Սակայն հաշվի առնելով ՀՀ կառավարության առարկությունները` Եվրոպական դատարանը դիմումատուի պահանջը բավարարել է մոտ 140 հազար եվրոյի չափով՝ որպես նյութական վնասի հատուցում, 2000 եվրո՝ որպես ոչ նյութական վնասի հատուցում, եւ 3000 եվրո՝ կատարված ծախսերի եւ ծախքերի համար:

 

 

 

 

ՉԻ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ
Ռազմաարդյունաբերական ոլորտում Ֆրանսիա-Ադրբեջան համագործակցությունը նույնպես մշտապես հայկական կողմի ուշադրության կենտրոնում է: Այս մասին ասել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Նա այսպես է պատասխանել Ֆրանսիայի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու` մամուլի հրապարակումների մասին հարցին: Նրա խոսքով` տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հարցը Հայաստանը մշտապես բարձրացնում է ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում: «Մենք չենք հավատում, որ հնարավոր է արդյունավետություն արձանագրել բանակցային գործընթացում, եթե տեղում կա իրադրության լարում»,-նշել է նա: Նաղդալյանն ասել է, որ այն ենթադրությունը, թե Հայաստանը կարող է բանակցել սպառնալիքի ներքո, շատ վտանգավոր ենթադրություն է. «Որովհետեւ Հայաստանը մշտապես խոսել է խաղաղության դիրքերից, Հայաստանը մշտապես խոսել է բոլորի համար ընդունելի լուծում գտնելու անհրաժեշտության դիրքերից, սակայն սա չի նշանակում, որ Հայաստանը խաղաղության համար պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, որոնք վտանգի տակ են դնում Արցախի ինքնորոշման իրավունքն ու անվտանգությունը: Այն ենթադրությունը, որ միակողմանի զիջումների սցենարն իրական է, բացառվում է ու իրականությանը չի համապատասխանում»,- ասել է ԱԳՆ խոսնակը:

 

 

 

 

ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արդարադատության նախարարի տեղակալ:

 

 

 

ԿԵՂԾ
Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը զգուշացրել է, որ համացանցով կեղծ նամակ է տարածվում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից ՆԱՏՕ-ի ղեկավարությանը: «Կեղծ նամակ է վարչապետից NATO-ի ղեկավարությանը: Թե բա` ուզում ենք Նատոյի հետ ավելի սերտ կապեր ունենալ, բայց հասկանում ենք, որ Արցախն ա խնդիրը, դրա համար մեկ տարվա ընթացքում կհանենք այնտեղից զորքերը: Ո՞վ է հեղինակը: Դեռ հիմնավոր կասկածներից բացի լուրջ ապացույցներ չկան: Երկու երկրից դուրս ուղղություններից է ամենահավանականը: Եթե լավ ապացույցներ լինեն, իմաց կտամ»,- նշել է Ս. Մարտիրոսյանը:

 

 

 

ՋԱՎԱԴՅԱՆԸ ՄԵԿՆԵԼ Է
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ «Ֆինանսական շուկաներ` նոր բարդություններ եւ կայունության պահպանում» խորագրով միջազգային ֆինանսական 28-րդ կոնգրեսին մասնակցելու նպատակով: Նախատեսվում է նաեւ ՀՀ եւ ՌԴ կենտրոնական բանկերի միջեւ վերահսկողության ոլորտում համագործակցության եւ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ նոր համաձայնագրի ստորագրումը:




Լրահոս