ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՈՉ ԲԱՎԱՐԱՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ջրային ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացման թեմայով, որին մասնակցել են Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը, «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Կարեն Եփրեմյանը, Ջրօգտագործողների ընկերությունների տնօրենները եւ այլ անձինք: Նախարար Պապիկյանն ընդգծել է, որ ջրային համակարգը երկրի տնտեսության զարգացման ու շրջակա միջավայրի պահպանության գործում առանցքային նշանակություն ունի:
Նախարար Պապիկյանը Ջրօգտագործողների ընկերությունների հանդեպ հանրային անվստահությունը կոտրելու նպատակով տնօրենների առաջ խնդիր է դրել բարձրացնել աշխատանքի կազմակերպման թափանցիկությունն ու ապահովել տվյալների հրապարակայնությունը: Նախարարը հավաքագրումների ցուցանիշները գնահատել է ոչ բավարար եւ խստիվ հանձնարարել չբավարարվել գանձումների այժմյան մակարդակով եւ ձգտել ապահովել նոր նշաձող:

 

 

 

 

ԹԵՐԻ ՄԱԿՆՇՄԱՄԲ ՍՆՆԴԱՄԹԵՐՔ
ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը մշտադիտարկում է սկսել մանկական սեզոնային ճամբարներում, որի շրջանակներում վերահսկողական միջոցառումներ են անցկացվել Կոտայքի մարզի «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» եւ «Արագած ճամբար» ՍՊԸ-ներում: Պարզվել է, որ բոլոր ճամբարներում սննդամթերքը մատակարարվում է պայմանագրային հիմունքներով, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը ենթարկված է եղել բժշկական զննության, առկա են եղել բոլորի սանիտարական գրքույկները: «Հեքիաթային կիրճ մանկական տուրիստական հանգստի կենտրոն» ՍՊԸ-ում հայտնաբերվել են թերի մակնշմամբ թթվասերներ, իսկ «Արագած ճամբար» ՍՊԸ-ում` ոչ միայն թերի մակնշմամբ թթվասեր, այլեւ անհայտ ծագման թխվածքաբլիթ` գաթա, մածուն եւ պանիր: Տեսչական մարմնի կողմից հենց տեղում տրվել է իրացումը կասեցնելու մասին կարգադրագիր, եւ սահմանվել է խախտումների վերացման ժամկետ, որոնք տնտեսավարողների կողմից կատարվել են:

 

 

 

 

ԵՂԱՆԱԿՆ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ
Հանրապետության տարածքում հուլիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ հուլիսի 5-ին հյուսիսային շրջաններում, 6-8-ը` շրջանների զգալի մասում կեսօրից հետո եւ գիշերը սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաեւ կարկուտ: Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ին աստիճանաբար կբարձրանա 3-4, 6-7-ը կնվազի 2-3 աստիճանով: Երեւանում հուլիսի 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 6-8-ը` կեսօրից հետո եւ գիշերվա առաջին կեսին, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ:




Լրահոս