Առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները. ստուգվում է մարզպետի մասնակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Նաիրա Հարությունյանը գրառում է կատարել.

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ, մարզում տեղի ունեցած միջադեպին Վայոց Ձորի մարզպետի մասնակցությունը ստուգելու ուղղությամբ:

Այս պահին առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները՝ մարզպետի մասնակցությունը միջադեպին ստուգելու նպատակով:

Գործը գտնվում է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ անգիտակից վիճակում իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Շիրակի մարզի բնակիչ, 43-ամյա Արա Մխիթարյանն է, ով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել գանգուղեղային տրավմա և կոմատոզ վիճակ ախտորոշմամբ:

Վայոց Ձորի մարզի ոստիկանները պարզել են, որ նա նշված կենտրոն է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Բոնուս» առևտրի կենտրոնի հարակից Արսենյան փողոցի թիվ 5 հասցեի բակից, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել նրա և իր աշխատանքային մի քանի գործընկերների միջև: Արա. Մ.-ն և նրա գործընկերները ծառայում են ՀՀ ՊՆ N զորակասում, իսկ հիվանդանոցում կարծել են, թե նա վնասվածքները ստացել է վրաերթի հետևանքով: Ըստ լրատվամիջոցի տեղեկությունների՝ վիճաբանության մասնակցության մեջ կասկածվում է նաև Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, ով ուշ ժամին տուն վերադառնալով, նկատել է նշված անձանց և ինչ-որ հարցի շուրջ դիտողություն է արել, և վիճաբանությունը շարունակվել է:




Լրահոս