Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հակոբ Տոնոյանի անվան Հայաստանի Սուպերգավաթի «Արարատ – Արմենիա» – «Ալաշկերտ» հանդիպումը: Խաղն անցավ շատ լարված պայքարում եւ ավարտվեց արարատցիների 3:2 հաշվով հաղթանակով: «Ալաշկերտից» 24-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց Գուստավո Մարմենտինին, ապա 3 րոպե անց «Արարատ – Արմենիայից» հաշվի հավասարակշռությունը վերականգնեց Արմեն Նահապետյանը:
Երկրորդ խաղակեսում Արմեն Ադամյանի տղաները կրկին կարողացան առաջ անցնել հաշվի մեջ: Խաղի 65-րդ րոպեին աչքի ընկավ Միհրան Մանասյանը, սակայն խաղավարտից վայրկյաններ առաջ արարատցների պաշտպան Արթուր Դանիելյանը հավասարեցրեց խաղի հաշիվը: Խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որտեղ վճռորոշ դարձավ 111-րդ րոպեն: Մայիլսոն Լիման գլխի հարվածով «Արարատ – Արմենիային» պարգեւեց ակումբի պատմության առաջին Սուպերգավաթը:
Էդմոն Մարտիրոսյան