«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որքան էլ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում պնդում են, թե իշխող թիմը մեկուկես տարվա ընթացքում ձեռքբերումներ չի ունեցել, դրական ուղղությամբ զարգացման միտումն, այնուամենայնիվ, շատ ոլորտներում հնարավոր չէ չնկատել: Հենց երեկ կառավարությունն ականջալուր եղավ արտակարգ իրավիճակներում աշխատողների դժգոհությանը: Կրակի, հրդեհի, ցրտի ու ծայրահեղ այլ պայմաններում աշխատողների վարձատրությունն այժմ 85-90 հազ. դրամ է, գործադիրի որոշմամբ կավելանա 29 տոկոսով` դառնալով 130 հազ. դրամ: Ֆինանսական աջակցության ավետիս օրեր մայրերն էլ ունեցան. եկող տարվանից առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 6 անգամ կավելանա` 50 հազ. դրամից դառնալով 300 հազ. դրամ: 41 տոկոսով էլ կավելանա աշխատող մայրերի ամսական նպաստը 18 հազ.-ից դառնալով 25 հազ. 500 դրամ: Ցածր աշխատավարձերը մեր երկրում հիմնական դժգոհության պատճառ միշտ են եղել: Եվ թերեւս հենց այդ պատճառով է այս խնդիրը կառավարության ուշադրության առաջնագծում:
Նկատենք, որ բազմաթիվ ոլորտներում են աշխատավարձերի բարձրացումներ եղել: Կառավարության որոշմամբ 2019թ. հունիսի 1-ից բանակի զինծառայողների ամսական վարձատրության չափն արդեն ավելացել է մինչեւ 32,6 տոկոսով: 10 տոկոսով բարձրացել են ուսուցիչների աշխատավարձերը, գալիք տարվա հենց սկզբից 10 տոկոսով կավելանան նաեւ բոլոր կենսաթոշակները: Կառավարությունը հավանություն է տվել նվազագույն աշխատավարձի շեմը 55 հազար դրամից 68 հազար դրամ բարձրացնելու օրենքի նախագծին, որի փոփոխությունները վերաբերելու են մասնավոր ոլորտի 45 հազ. եւ պետական ոլորտի 35 հազար աշխատողների: Աշխատավարձի ֆոնդում այս դրական տեղաշարժից բացի ակնհայտ են նաեւ ձեռքբերումները տնտեսության, արդյունաբերության ու այլ ոլորտներում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։