Լոռու մարզի Ճոճկան գյուղի բնակիչ, 1982թ. ծնված Արթուր Պապինյանին մեղադրանք է առաջադրվել, ըստ որի` նա 2017թ. հոկտեմբերի 4-ին` ժամը 21.30-ի սահմաններում, Նոյեմբերյան քաղաքին հարակից անտառ տանող ճանապարհին ձեռքերը ոլորելու, մազերից քաշելու եղանակով բռնություն է գործադրել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 36-ամյա կնոջ՝ Սոֆյա Վոսկրեսենսկայայի նկատմամբ եւ վերջինիս կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:
Դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ տաքսիստ Ա.Պապինյանը ճանապարհորդել սիրող ռուս կնոջը Բագրատաշենից Երեւան տեղափոխելիս է եղել: Ա. Պապինյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով («Բռնաբարություն»): Նա 3 ամիս կալանքի տակ է եղել, հետո, սակայն, խափանման միջոցը փոխվել է, գրավով ազատ է արձակվել: Տուժողը բնակվում է Մոսկվայում, նախաքննության ավարտից հետո մեկնել է Ռուսաստան, Բերդ քաղաքում կայացած դատական նիստերին չի մասնակցել:
Արթուր Պապինյանը նախաքննության ընթացքում ինքնախոստովանական ցուցմունք է գրել, հետագայում հրաժարվել դրանից: Քրեական գործում առկա է նաեւ նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը: 2018 թօգոստոսի 24-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Արթուր Պապինյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով եւ նրան դատապարտել 2 տարի, 8 ամիս, 4 օր ժամկետով ազատազրկման:
Ա. Պապինյանի պաշտպան Սարգիս Խաչատրյանը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճռի դեմ Վերաքննիչ բողոք է ներկայացրել` խնդրելով բեկանել այդ դատավճիռը եւ կայացնել արդարացման որոշում, Ա. Պապինյանին մեղավոր ճանաչելու դեպքում նրա նկատմամբ նշանակել մեղմ պատիժ՝ ազատազրկման հետ չկապված, եւ պայմանականորեն չկիրառել այն` սահմանելով ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածով նախատեսված փորձաշրջան: 2019թ․մայիսի 13-ին քրեական գործերով Վերաքննիչ դատարանը որոշել է պաշտպան Խաչատրյանի` Վերաքննիչ բողքը մերժել, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը թողնել անփոփոխ։
Պաշտպան Խաչատրյանը Վճռաբեկ բողոք է ներկայացրել։ 2019թ. սեպտեմբերի 19-ին Վճռաբեկ դատարանը որոշել է ՀՀ վերաքննիչ դատարանի 2019թ. մայիսի 13-ի որոշման դեմ ամբաստանյալ Ա. Պապինյանի պաշտպան Ս. Խաչատրյանի Վճռաբեկ բողոքը վերադարձնել, Վճռաբեկ բողոքի սխալները շտկելու եւ այն կրկին ներկայացնելու համար սահմանել 20-օրյա ժամկետ այդ որոշումը ստանալու պահից։ Վճռաբեկ նոր բողոք դեռ չի ստացվել։
Ոսկան Սարգսյան
Տավուշ