Կոլեգաներիս հորդորել եմ չխուսափել կոորպորատիվներից. Արսեն Գրիգորյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ավելի դժվար է սովորել, յուրացնել հայ ազգային, ժողովրդական պարերը, քան երգերը: Բայց մեր երիտասարդները երգն էլ հաջողությամբ կիրառում են, եւ այն արդեն մտել է մեր կենցաղ, ինչպես եւ պարը»,-«Ժողովուրդ»օրաթերթի հետ զրույցում նշեց ժողովրդական երգիչ, Հայաստանի վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը (Մրո):

Նրա խոսքով՝ տարիներ առաջ մեր բեմերից ժողովրդական երգն անհամեմատ քիչ էր հնչում, քան այսօր. «Ժամանակին ավելի քիչ էին ժողովրդական երգ կատարող երիտասարդները, իսկ այսօր ակնհայտորեն շատացել են՝ նաեւ երաժշտական նախագծերի շնորհիվ: Հակառակ տարածված թյուր կարծիքին, թե մեր երիտասարդներին այսօր հետաքրքրում է անորակ երգն ու երաժշտությունը, պետք է ասեմ, որ նրանք մեծապես հետաքրքրված են ազգային երգով, եւ դա ինձ անչափ ուրախացնում է: Նրանք գիտակցում են, որ արժեքավորը իքնության հետ կապված մշակույթն է: Նույնիսկ մեր զինվորների մտածողությունն ու մոտեցումներն են այսօր տարբեր»:

Հարցին, թե ազգային, ժողովրդական երգը, ինչպես պարը, մտել է արդյոք կենցաղ, պարոն Գրիգորյանը պատասխանեց, որ, այո, միանշանակ մտել է: Նա նկատեց, որ այսօր հարսանիքների, ծնունդ, կնունքների ժամանակ հրավիրված երգիչները հաճախ հենց ազգային երգեր են կատարում, եւ պատվիրատուն էլ դա է պահանջում. «Ես իմ կոլեգաներին միշտ հորդորել եմ չխուսափել կոորպորատիվներից, քանի որ դրանց մասնակցելով` նրանք կարող են տարածել ազգային երգը: Շատերն ասում էին, թե մենք այդ պատնեշը հաղթահարել չենք կարող, բայց ժամանակն ապացուցեց հակառակը»:

Անդրադառնալով առաջիկա նորություններին՝ պարոն Գրիգորյանը տեղեկացրեց, որ պատրաստվում է հանդիսատեսի դատին ներկայացնել հայրենասիրական նոր երգ՝ «Հայաստան, իմ տունն ես» վերնագրով: Երգիչն ունի նաեւ համերգային շրջագայություններ զորամասերում, ինչպես նաեւ մասնակցում է «Արար» ծրագրի իրականացմանը. «Ծրագրի շրջանակում 2017-ից սկսած՝ Հայաստանի տարբեր համայնքներում ստեղծվել են հայ արվեստի կենտրոններ: Արդեն թվով 600 շահառու ունենք՝ երեխաներ եւ մեծահասակներ, որոնք ծանոթանում են ժողովրդական արվեստներից որեւէ ճյուղի»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Աննա Բաբաջանյան




Լրահոս