Դեռեւս սեպտեմբերի 1-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում եւ ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմում քննարկվում է Հովհաննես Իգիթյանին այլ պատգամավորով փոխելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արդեն որոշում կա Հովհաննես Իգիթյանին հայկական պատվիրակությունից հեռացնելու:
Բանն այն է, որ Ռուսաստանի Դաշնության` կրկին ԵԽԽՎ վերադարձի` Իգիթյանի քվերակությունը մեծ ազդեցություն է ունեցել այդ որոշման վրա: Ռուսական կողմը հստակ պահանջ է դրել Հ. Իգիթյանի մնալ չմնալու հարցում, ինչի համար էլ իշխանությունները նման որոշում են կայացրել:
Հիշեցնենք, որ այս ամենի պատճառը հունիսի 24-ին ԵԽԽՎ ամառային նստաշրջանում տեղի ունեցած դեպքն էր, երբ պատգամավորը չէր մասնակցել Ռուսաստանի պատվիրակության ձայնի իրավունքի վերականգնման հարցով քվեարկությանը, եւ դա պատճառաբանվեց այնպես, որ ուկրաինացի պատգամավորների հետ պայմանավորվածություն է եղել:
Այդ շրջանում հնարավոր եղավ հարթել հարաբերությունները ռուսական կողմի հետ, եւ Իգիթյանը մնաց պատվիրակության կազմում, սակայն, ըստ մեր տեղեկությունների, վերջին օրերին ՌԴ կողմը հստակ պահանջ է դրել` պետք է պատվիրակությունից դուրս գա, քանի որ նրա անկանխատեսելիության պատճառով չեն կարող ասել, թե եթե լինի նույնաբովանդակ մի հարց, պատգամավորն ինչ դիրքորոշում կներկայացնի:
Ու բավական երկար ժամանակ քննարկումներից հետո իմքայլականները որոշում են կայացրել Իգիթյանին փոխարինող գտնել, բայց մեր աղբույրների փոխանցմամբ` իշխանությունները այդ հարցում դեռեւս փնտրտուքների մեջ են:
Եւ այսպես, մեր տեղեկությունների համաձայն` սեպտեմբերի 30-ին մեկնարկող ԵԽԽՎ աշնանային նստաշրջանում Հովհաննես Իգիթյանը վերջին անգամ է մասնակցելու նիստերին, մինչեւ կլուծվի Իգիթյանին փոխարինող գտնելու հարցը:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ