ՄԵՐ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՄԵՆ ԻՆՉ ԱՆԵՆ, ՈՐ ՆԿԱՏԵՆ ԻՐԵՆՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն հուլիսի 14-ից Հայաստանում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի երիտասարդական հավաքականի եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Հայաստանի հավաքականի եւ ղազախական «Ժետիսուի» ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանի հետ:

-Հայաստանի հավաքականը, հաղթելով վերջին 2 խաղում, լուրջ հայտ ներկայացրեց «ԵՎՐՈ 2020»-ի եզրափակիչ փուլ դուրս գալու համար: Ինչպիսի՞ տրամադրվածությամբ եք մոտենում իտալացիների հետ խաղին:
-Քանի որ դեռ մոտ երկու ամիս կա հավաքականի հանդիպումներին, այժմ չեմ մտածում այդ խաղերի մասին, այլ կենտրոնացած եմ իմ մրցելույթների վրա «Ժետիսուի» կազմում: Կարող եմ միայն ասել, որ միանշանակ լավ տրամադրվածությամբ եւ հաղթանակի ձգտումով մտնելու ենք խաղադաշտ:
-Այդ նույն խաղերում եւ ակումբի կազմում Ձեր ցուցադրած ֆանտաստիկ խաղը, կարելի է ասել, մեծ «իրարանցում» առաջացրեց Եվրոպայում: Կա՞ն ակումբներ, որոնք այժմ հետաքրքրված են Ձեր տրանսֆերով:
-Ես դեռ պայմանագիր ունեմ ներկայիս («Ժետիսու») ակումբի հետ: Այն ավարտվում է ձմռանը, եւ մինչ այդ ես չեմ կարող որոշումներ կայացնել իմ ապագայի վերաբերյալ: Միգուցե կան ակումբներ, որոնք հետաքրքրված են իմ տրանսֆերով:
-Կցանկանայի հարցնել մեր երիտասարդական հավաքականից: Առաջիկայում Հայաստանում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես գիտենք, մեր երիտասարդները հայտնվել են «մահվան խմբում»: Ինչպե՞ս եք գնահատում մեր հավաքականի շանսերն այս առաջնությունում:
-Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը շատ լավ հնարավորություն է մեր տղաների համար: Պարզ է, որ այս մրցաշարին կհետեւեն շատ մարդիկ, սկաուտներ եւ ակումբներ, ինչն էլ նշանակում է, որ մեր տղաները չպետք է այս շանսը բաց թողնեն: Շանսերը, ճիշտն ասած, քիչ են, սակայն պետք է արժանապատիվ, համարձակ, առանց կաշկանդվելու խաղան եւ ցույց տան իրենց բարձր որակները:
-Ամեն անգամ խաղադաշտ դուրս գալիս ինչպե՞ս եք մոտիվացնում ինքներդ Ձեզ:
-Ինձ համար մոտիվացիան, առաջինը, հաղթանակն է, արժանի ելույթ ունենալը եւ անմնացորդ նվիրվելը, որ հանդիպման ավարտից հետո ափսոսանքի զգացում չունենամ: Այդ ամենից հոտո նոր գալիս են մնացած նյուանսները:
-Քանի որ հիմնականում հարցնում են, թե ֆուտբոլիստները ինչ են զգում հաղթանակից հետո, ինձ հետաքրքիր է` ինչ զգացողություններ է առաջացնում պարտությունը:
-Հաղթանակից հետո ամեն ինչ շատ լավ է. բոլորն ուրախ են, ու հեշտ է նախապատրաստվել հաջորդ հանդիպմանը, իսկ երբ պարտվում ես, նույնիսկ դժվարանում ես գլուխդ բարձր պահել: Անընդհատ գլխումդ մտքեր են պտտվում, թե ինչը լավ արեցիր, ինչը վատ: Ինչ-որ տեղ նաեւ մեղքի զգացում է առաջանում: Այդ ամենը մի օր անցնում է, եւ սկսում ես ամեն ինչ սառը գլխով դատել, վերլուծել պրոֆեսիոնալ ձեւով եւ անցնել առաջ: Սա էլ մեր աշխատանքն է, եւ պետք է այն կատարենք լավ:

Զրուցեց ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ




Լրահոս