Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու. Էդմոն Մարուքյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Օրը բացվեց Ստրասբուրգում։ Արագ նայում եմ Ֆեյսբուքն ու մամուլը, որտեղ քննարկվում է Հայաստանում քաղբանտարկյալ լինել-չլինելու հարցերը։ Մի բան լա՛վ իմացեք, որ Հայաստանում քաղբանտարկյալ լինելն առաջինը մենք այստեղ ենք զգալու՝ Ստրասբուրգում։ Դեռևս նման արձագանքներ չկան և, հետևաբար, այդ թեման այսօր արհեստական է:

Ինչ վերաբերում է երեկվա կալանավորումներին, ապա ընթացքում ժամանակ կգտնեմ նաև կանդրադառնամ այդ դեպքերին»,-Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում է կատարել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանը։

Նշենք, որ այսօր Ստրասբուրգում մեկնարկում ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը։ Հավելենք, նախօրեին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է դատավոր Աննա Դանիեբեկյանին հարցեր ուղղած երիտասարդների՝ Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ քննիչի միջնորդությունը:

Հիշեցնենք, դեպքի առիթով հարուցվել էր քրեական գործ 343-րդ հոդվածի 3-րդ մասով։ Երիտասարդներին մեղադրանք էր առաջադրվել 332-րդ հոդվածի 1-ին մասով։

Նրանք  ուղեկցել էին ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործը քննող Աննա Դանիբեկյանին եւ հարց ուղղել նրան, թե արդյո՞ք «վնգստացող դատավորների» ցանկում է։

Հիշեցնենք նաեւ, որ ձեւակերպման հեղինակը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, որը «Ազատությանը» տված հարցազրույցում, ապա նաեւ վանաձորյան ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանում կան «պատերի տակ վնգստացող դատավորներ», որոնք, ըստ վարչապետի, «նոր տերեր են փնտրում»։

 




Լրահոս