ԴՈՆԱԼԴ ՏՈՒՍԿԻ ԱՌԱՋԻՆ ԱՅՑԸ ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ մեկնարկել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի այցը տարածաշրջան. երեկ նա եղել է Բաքվում, այսօր` Երեւանում, հուլիսի 11-ին էլ կմեկնի Բաթումի: Ընդգծենք, որ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո սա Դոնալդ Տուսկի առաջին այցն է Հայաստան, եւ, իհարկե, ՀՀ-ԵՄ հարաբերությունների ֆոնին այս այցն իսկապես կարեւորություն է ներկայացնում:

Երեկ Ադրբեջան այցելությունը եւս Տուսկի համար առաջինն է եղել, եւ սա էլ հետաքրքրություն է ներկայացնում վերջին շրջանում ակտիվացող խոսակցությունների մասին, որոնք վերաբերում են Ադրբեջան-ԵՄ հարաբերություններին եւ համաձայնագրի հնարավոր ստորագրմանը:
Երեկ Ադրբեջանում Դոնալդ Տուսկ-Իլհամ Ալիեւ հանդիպումից հետո ավելի շատ անդրադարձ եղավ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող հարցերին: Նկատենք, որ Դոնալդ Տուսկի հանդիպումների ձեւաչափը նույնն է բոլոր երկրների համար. երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հանդիպելուց հետո նա վերջինիս հետ համատեղ մամուլի ասուլիս ունեցավ, իսկ այսօր արդեն նույնը կլինի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարագայում:
Ընդ որում, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն Ադրբեջանի իշխանությունների հետ առաջին անգամ է հանդիպում մայիսին Բրյուսելում տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո։ Հիշեցնենք, որ Արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը շեղվել էր նախատեսված ընթացքից Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ Բաքուն հրաժարվել էր ստորագրել հռչակագիրը տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայության պատճառով։ Արեւելյան գործընկերության հոբելյանական այդ հավաքին ակնկալվում էր նաեւ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջեւ համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն ավելի քան 4 տարի, սակայն Ադրբեջանի եւ Եվրամիության իշխանություններին այդպես էլ չհաջողվեց հարթել տարաձայնությունները, որոնք հատկապես վերաբերում են մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:
Եվ, ահա, այս ֆոնին Եվրոպական խորհրդի ղեկավարի հաջորդ կանգառն այսօր Երեւանն է: Այստեղ Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Հիշեցնենք, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Դոնալդ Տուսկը վերջին անգամ հանդիպել էր այս տարվա Մարտին Բրյուսելում: Այդ ժամանակ Տուսկը հայտարարել էր, թե Եվոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։ Իսկ, ահա, հուլիսի 11-ին Դոնալդ Տուսկը կուղեւորվի վրացական Բաթումի, որտեղ մասնակցելու է Եվրամիության արեւելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Վրաստանում եւս Տուսկը կհանդիպի վարչապետի եւ արտգործնախարարի հետ։
Երեկ Ադրբեջանում Իլհամ Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը ռազմական լուծում չունի, այն կարող է ստանալ միայն քաղաքական կարգավորում՝ համաձայն միջազգային իրավունքի եւ նորմերի: «Եվրամիությունը շարունակում է լիարժեք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ արդարացի եւ հարատեւ լուծում գտնելու ջանքերին՝ հիմնված Հելսինկյան եզրափակիչ արձանագրության հիմնարար սկզբունքների վրա»,- ասել է Տուսկը:
Դոնալդ Տուսկի` տարածաշրջան այցի եւ սպասվող զարգացումների շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը երեկ զրուցել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի հետ: «Նա շատ լավ հասկանում է տարածաշրջանը` զուգահեռ վերլուծելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների որոշ նրբություններ. մասնավորապես, մայիսին լույս տեսած ԵՄ զեկույցը` այդ հարաբերությունների վերաբերյալ, կարող ենք ասել, որ մեծ հաշվով այս ուղղությամբ մեր արտաքին դիվանագիտությունը հաջողել է: Այս այցը եւս մի փուլ կլինի այս հաջողությունների մեջ: Սա միայն Ադրբեջանի մասով, սակայն չպետք է մոռանալ ՀՀ-ԵՄ հարաբերություններն ու այդ օրակարգը», – նշեց Եղոյանը:
Վերջինս հիշեցրեց, որ հունիսի 1-ին արդեն ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզը հաստատվել է վարչապետի որոշմամբ, իսկ արդեն հունիսի 13-ին նույն փաստաթուղթն արդեն հաստատվել է ՀՀ-ԵՄ գործըկերության խորհրդում: «Ճանապարհային քարտեզը շատ մանրամասն է քննարկված եղել այս ընթացքում, շուտով կակտիվացնենք մեր հարաբերությունները նաեւ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովով, քանի որ գիտեք իրենց ընտրությունից հետո այնտեղ կազմ եւ ղեկավար է փոխվելու, եւ մեր կողմից այդ հանձնաժողովը ղեկավարում եմ ես, իսկ իրենց կողմից առաջիկա շաբաթներին կիմանանք, թե ով: Դրան կարող ենք գումարել վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի կարեւորությունը, ինչը, կարծում եմ, եւս քննարկման առարկա կարող է դառնալ: Խորհրդարանական հարթակում եւս կարեւոր ենք համարում այս հարցը, մի քանի օր առաջ մենք հանձնաժողովով հանդիպում ունեցանք ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ եւ այդ հարցը կրկին մանրամասը քննարկեցինք եւ ներկայացրեցինք մեր տեսակետներն ու փաստարկները` երկխոսության մեկնարկի շուրջ», – հավելեց Եղոյանը:
Անդրադառնալով արդեն ԵՄ-Ադրբեջան հարաբերություններին եւ համաձայնագրի հնարավոր ստորագրմանը` Եղոյանը նկատեց, որ այդ մասին մշտապես խոսվում է, սակայն որեւէ տեղաշարժ, ամեն դեպքում, առկա չէ: «Մեր հարեւաններն աշխատում են այդ համաձայնագիրը կնքելու ուղղությամբ, նույնիսկ երկու անգամ հայտարարեցին նախաստորագրման մասին, բայց երկու անգամ էլ չեղավ դա: Այստեղ պետք է ասեմ, որ նաեւ մենք որոշակիորեն աշխատանք ենք կատարել բոլոր ուղղություններով եւ բոլոր հարթակներում», – եզրափակեց պատգամավորը: Վերջինիս խոսքով` մնացած հարցերը կրկին կախված կլինեն կատարվող աշխատանքներից եւ այն բանից, թե ինչպես տարածաշրջանին վերաբերող հարցերը կարող են տեղ գտնել այդ համաձայնագրում:
Հավելենք, որ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը թերեւս վերջիններից է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում։ Առաջիկա աշնանը ավարտվում է նրա պաշտոնավարումը. նրան այդ պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

 

ԻՆՉՈ՞Ւ ԵՆ ԱՆԿԵԼ ԿՈՎԵՐԸ
Ինչպես հայտնի է, օրեր առաջ Գեղարքունիքի մարզում տասնյակ կովեր էին անկել: Ըստ տարածված վարկածի` այդ կովերը Սեւանա լճից էին ջուր խմել, ինչպես նաեւ Կարճաղբյուր գյուղի հարեւանությամբ գտնվող անտառներում, որտեղ կա ճահճոտ տարածք, որտեղ աճում է առվույտ: Ըստ մասնագետների` մատղաշ, թաց առվույտը որոճողների մոտ առաջացնում է փքվածություն եւ, որպես հետեւանք, նաեւ անկումներ: Այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանից հետաքրքրվեց` արդյոք պարզվել է, թե ինչն է Մարտունիում կովերի անկման իրական պատճառը: Մեր հարցին ի պատասխան` Ավետիսյանն արձագանքեց. «Կովերը հստակ սատկել են փքվելուց: Այսինքն` չեն սատկել, այլ մարդիկ հասցրել են մորթել: Բայց չեմ բացառում, որ դա կարող է լինել ջրիմուռներից: Ոչ թե թույնել են, այլ գազերի առաջացումն է, որը բերել է նման հետեւանքների: Քանի որ այն կովերին, որոնց հասցրել են ծակել, փրկվել են, իսկ թունավորման պարագայում պարզապես չէին փրկվի: Այդ կովերին հնարավոր է եղել փրկել»: Ապա վստահեցրեց, որ Մարտունիում արձանագրված դեպքերը տեսչական մարմնի վերահսկողության տակ են գտնվում: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերը տեղեկացավ, որ օրեր առաջ միայն Ծովինարում 12 կով է սատկել, Կարճաղբյուրում՝ 6:

 

 

 

 

ԴԵՌ ՓՆՏՐՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, հունիսի 10-ին Էրեբունի վարչական շրջանի «Ուպրավլենի»-ի մոտակայքում վիճաբանություն էր եղել, որի հետեւանքով սպանվել էր Սարգիս Ավագյանը, որը «Մարտի 1»-ի գործով տուժող Արթուր Ավագյանի հայրն է: Վերջինիս սպանության գործով կասկածյալին իրավապահները դեռ չեն գտել: Սարգիս Ավագյանին դանակահարել էին Զորիկ Մանուկյանն ու Գրիգոր Բողջողջյանը: Դեպքից որոշ ժամանակ անց Զորիկ Մանուկյանին հայտնաբերեցին, իսկ, ահա, մեկ ամիս է, ինչ մյուս կասկածյալին փնտրում են: Հիշեցնենք, որ Սարգիս Ավագյանի եւ վերոնշյալ անձանց միջեւ վեճը եղել է մեքենայի բարձր երաժշտության շուրջ, եւ Սարգիս Ավագյանին դանակահարել էին, որի հետեւանքով էլ նա մահացել էր:

 

 

 

 

ԱՆԴԱՄԱԳՐՎՈՒՄ ԵՆ
Ինչպես հայտնի է, թավշյա հեղափոխությունից հետո Հանրապետական կուսակցությունը զանգվածաբար լքելու դիմումներ եղան, եւ դրան զուգահեռ նույնկերպ զանգվածաբար դիմումներ եղան արդեն իշխող` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամագրվելու: Սակայն պարզվում է, որ Հանրապետական կուսակցություն այս շրջանում նաեւ անդամագրվելու մասին դիմումներ կան: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանը հայտնեց, որ վերջին շրջանում ոչ թե կուսակցությունից հեռանալու դիմումներն են շատ, այլ կուսակցությանը անդամագրվելու: Բայց հետաքրքիր է, որ հստակ թվեր նա չկարողացավ ներկայացնել` խոստանալով դա անել աշխատանքները վերջնականապես ամփոփելուց հետո:

 

 

 

 

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻՆ
Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում կայացել է ՀՀ եւ ՌԴ ԱԳ նախարարների հանդիպումը: Քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային եւ միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ: Հանդիպմանն անդրադարձել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

 

 

 

ԿՈՉ
ԵԱՀԿ ԽՎ պատվիրակները Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներին կոչ են անում երկխոսությունն ակտիվացնել: Լյուքսեմբուրգում ընդունված ամփոփիչ հռչակագրում նշված են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ եւ հաստատուն կարգավորմանը հասնելուն: Փաստաթղթում ողջունվում է վերջերս Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ տեղի ունեցած կառուցողական երկխոսությունը` ուղղված պայմանների ստեղծմանը, որոնք նպաստում են խաղաղության հաստատմանը եւ հումանիտար ոլորտում միջոցառումների ընդունմանը:

 

 

 

ԽՄԲԻ ՆԱԽԱԳԱՀ
Նիդեռլանդներում Հայաստանի Հանրապետության դեսպան Տիգրան Բալայանն ընտրվել է Հաագայում հավատարմագրված ֆրանկոֆոն դեսպանների խմբի (ՖԴԽ) նախագահ` փոխարինելով Մարոկկոյի դեսպանին:

 

 

 

ՉԻ ԽՆԴՐԻ
«Դուք հասկանում եք` ի՞նչ հարց եք տալիս Ծառուկյանին»,-ասել է ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն՝ անդրադառնալով լրագրողական կազմակերպությունների կողմից օրեր առաջ տարածած հայտարարությանը, որով կազմակերպությունները պահանջել էին Գագիկ Ծառուկյանից ներողություն խնդրել լրագրողներից անբարեկիրթ վերաբերմունքի եւ վիրավորելու համար: Հարցին՝ չի՞ պատրաստվում ներողություն խնդրել լրագրողներից, Ծառուկյանն արձագանքել է. «Իրենք թող նախ պահանջեն իրենց լրագրողներից իրենց պահվածքը Ծառուկյանի հանդեպ, կարող եք բոլոր տեսաժապավենները նայեք, Ծառուկյանը երբեք, բացի ջերմ, քաղցր վերաբերմունքը»:




Լրահոս