«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեւանում ու մարզերի մի մասում հուլիսի 10-ի վթարային հոսանքազրկումից, պաշտոնական պնդմամբ, վնասներ չեն եղել: Այնինչ «Հրազդանի» ՋԷԿ-ի 5-րդ բլոկի ու «Երեւանի» ՋԷԿ-ի խափանման պատճառով այդ օրերին կաթվածահար իրավիճակ էր, մետրոն, էլեկտրական տրանսպորտը չէին աշխատում, ամենուր խցանումներ էին, բնակարաններում բազմաթիվ էլեկտրական սարքեր պարզապես շարքից դուրս եկան: Եւ, ահա, մասնագիտական քննության համար ստեղծված էներգետիկ ոլորտի մասնագետների խումբը արձանագրել է, որ վթարի հետեւանքով մարդու կյանքին վնաս չի հասցվել, վնասված սարքավորումներ էլ չկան:
Բայց, պարզվում է, բնակիչների փոխհատուցման մեխանիզմներ չկան: Բացի այդ, էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի փորձագետ Արա Մարջանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, թե աշխատանքային խմբի եզրակացությունը լղոզված է: «Հետզհետե մենք էներգետիկային սկսում ենք մոտենալ որպես բիզնեսի բարդ մասնաճյուղի ու կորցնում ենք համակարգային մոտեցումը»,- ամփոփեց փորձագետը»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։