ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյան-Ռոհանի հանդիպման մանրամասները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի հետ, ով Հայաստան է ժամանել ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով:

Ողջունելով Իրանի նախագահին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է.

«Մեծարգո պարոն նախագահ,
հարգելի գործընկերներ,

ուրախ եմ Ձեզ ողջունել Հայաստանի մայրաքաղաք Երևանում՝ այս տարի փետրվարին մեր շատ տպավորիչ այցից հետո։ Մեր երկրների միջև հարաբերությունները լավ են եղել և մինչ այսօր էլ շարունակում են մնալ, և մեր դիրքորոշումն այն է, որ Իրանի հետ մեր հարաբերությունները պետք է հնարավորինս դուրս լինեն աշխարհաքաղաքական ազդեցություններից, որովհետև մենք անմիջական հարևաններ ենք և ունենք շատ ընդհանուր շահեր, և մենք դեռ շատ երկար դարեր և հազարամյակներ պետք է համագործակցենք»:

Վարչապետը նշել է, որ սա Իրանի նախագահի առաջին այցն է Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո, և Հայաստանում մեծ կարևորություն են տալիս հարևան և բարեկամ երկրների հետ հարաբերություններին։ Երկուստեք կարևորվել է պարբերաբար գումարվող երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստերի գործունեությունը, որի արդյունքում ձեռք են բերվում տնտեսական կապերի զարգացմանը միտված պայմանավորվածություններ:
Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասա¬րա¬կշռված դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար. «Մենք մեծապես կարևորում ենք Հայաստանի հետ բոլոր ոլորտներում հարաբերությունների զարգացումը և ընդլայնումը` որպես բարեկամի և հարևանի: Մենք պատրաստ ենք Ձեր կառավարության հետ շարունակել աշխատանքները` նոր ծրագրեր մշակելու և կյանքի կոչելու նպատակով, ընդլայնել գազ-էլեկտրանէներգիայի դիմաց ծրագրի ծավալները: Միաժամանակ, պատրաստակամ ենք Հայաստանում գազի, քամու և արևի միջոցով էլեկտրաէներգիայի արտադրության ծրագրերի իրականացմանը: Մենք շահագրգռված ենք էներգետիկայի ոլորտում տարածաշրջանային նախագծերի կյանքի կոչմամբ և ենթակառուցվածքների զարգացմամբ»: Հասան Ռոհանիի խոսքով` իրանական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ համագործակցությամբ նաև տրանսպորտային ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` մեր երկրում տարբեր ճանապարհաշինական ծրագրերում ներգրավվելու գործում:

Վարչապետ Փաշինյանը ողջունել է իրանական կողմի պատրաստակամությունը` ընդլայնելու գազ-էլեկտրաէներգիայի դիմաց ծրագիրը: Հայաստանի վարչապետը և Իրանի նախագահը երկու երկրների կառավարությունների պատասխանատուներին հանձնարարել են սեղմ ժամկետներում մշակել և ներկայացնել նշված ոլորտում համագործակցության ընդլայնման առաջարկություններ:

Կողմերն անդրադարձել են նաև երկաթուղային բնագավառում, բարձր տեխնոլոգիաների, մաքսային, գիտության, զբոսաշրջության ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցեր:

Հասան Ռոհանին ընդգծել է, որ վարչապետ Փաշինյանի գլխավորած թիմի` Հայաստանի կառավարության ղեկավարումը ստանձնելուց հետո երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են, իսկ համատեղ ծրագրերը շարունակում են հաջողությամբ կյանքի կոչվել: Իրանի նախագահը հավելել է, որ իրենք պատրաստակամ են քննարկել նաև Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը կյանքի կոչելու գործընթացը, ընդլայնելու երկկողմ կապիտալ ներդրումների, ազատ առևտրի գոտիների միջոցով առևտրաշրջանառության ծավալները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև Պարսից ծոցը Սև Ծովին միացնելու տրանզիտային ուղիներին վերաբերող հարցերի շուրջ: Վարչապետ Փաշինյանը շեշտել է, որ այդ ծրագիրը կյանքի կոչելը բխում է մեր երկրի ռազմավարական շահերից, և Հայաստանը պատրաստ է գործնական քայլեր իրականացնել այդ նպատակով:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցեր, անդրադարձել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Իրանի նախագահին` ԼՂ հարցում հավասարակշռված դիրքորոշում պահպանելու համար: Իր հերթին Հասան Ռոհանին կարևորել է հակամարտության կարգավորումը խաղաղ բանակցությունների միջոցով` հաշվի առնելով հակամարտող բոլոր կողմերի դիրքորոշումներն ու կարծիքները:




Լրահոս