«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ի՞նչ տվեց մեր երկրին ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի հերթական նիստը, որ Երեւան էր բերել անդամ բոլոր երկրների ղեկավարներին, եւ որին հրավիրյալներ Իրանի նախագահն ու Սինգապուրի վարչապետը, նաեւ դիտորդ-պետություն Մոլդովայի նախագահը մասնակցեցին: Աշխարհի լիդերներից այս յոթնյակն, ըստ ամենայնի, դժգոհ չի գնա մեր երկրից: Հասցրեցին թերեւս Երեւանին էլ ծանոթանալ, «Թումո» կենտրոնում լինել, նույնիսկ միասին սելֆիներ անել: Նախագահներ եղան, որ նրանց ավտոշարասյունն էլ Սեւանից հետդարձի ճանապարհին չխուսափեց լրագրողների տեսախցիկից… Որոշեցին ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի հաջորդ նիստը Սանկտ Պետերբուրգում անցկացնել: Իսկ երեւանյան նիստում, ինչպես սովորաբար լինում է ԵԱՏՄ այս հավաքներում, տնտեսական գործակցության բազմաթիվ փաստաթղթեր ստորագրեցին:
ԵԱՏՄ երկրները Սինգապուրի հետ ազատ առեւտրի համաձայնագիր կնքեցին, Սինգապուրի վարչապետը գոհ մնաց, երկու տարի այդ բանակցությունների մեջ էին: Այս Միության անդամ 5 պետությունները համաձայնության եկան միասնական ֆինանսական շուկայի հայեցակարգի շուրջ: Եւ թերեւս ամենաէականը մեզ համար. ռուսական գազի հնարավոր թանկացման մասին եղա՞ն քննարկումներ, հերքվեցի՞ն համառ լուրերը ռուսական գազի 30-տոկոսից ավելի թանկացման մասին: Հստակ հայտնի է մի բան. բանակցությունները շարունակվում են: Իսկ Իրանի նախագահ Հասան Ռոհանի- ՀՀ Նիկոլ Փաշինյան հանդիպմանն էլ նախագահ Ռոհանին պատրաստակամություն է հայտնել ընդլայնել գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց ծրագրի ծավալները»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։