Այսօր Ստրասբուրգում ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է Հայաստանում եւ Արցախում մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտի մասին, ներկայացնելով վերջիններիս գործունեությունը։
Զոհրաբյանը անդրադարձել է նաեւ ԵԽԽՎ 2240 բանաձեւին, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիներ»։
«Այս բանաձեւը վերջապես պետք է կյանքի կոչվի, որպեսզի մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չունենանք նաեւ սառեցված բանաձեւեր, ինչի պակաս մեր կառույցում, ցավոք, չկա»,- հայտարարել է հայ պատգամավորը։
Իր ելույթում Զոհրաբյանն ասել է՝
Այսօր ես խոսելու եմ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի մասին՝ որպես անկախ սահմանադրական մարմնի, որը պատասխանատու է Հայաստանում մարդու իրավունքների լիարժեք իրականացման համար։ Նշեմ, որ վերջին օրենսդրական փոփոխություններից հետո մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանի մանդատն ավելի է ուժեղացվել եւ ընդլայնվել, ինչը հնարավորություն է տալիս մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում շատ ավելի լայն շրջանակ ընդգրկել, եւ այսօր օմբուդսմանի ինստիտուտը մեր երկրի ամենակայացած կառույցներից է։ Եւ որպես արդյունք, մանրակրկիտ ուսումնասիրելով անցած տարիների գործունեությունն ու համապատասխանությունը փարիզյան սկզբունքներին, Հայաստանի օմբուդսմանին շնորհվել է ՄԱԿ-ում «Ա» կարգավիճակ։
Եւ քանի որ այսօր մենք քննարկում ենք օմբուդսմանների ինստիտուտին վերաբերող հարցեր, նշեմ, որ մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանն ունի որոշակի ինստիտուցիոնալ եւ ֆինանսական երաշխիքներ` նախատեսված ՀՀ Սահմանադրությամբ եւ Մարդու իրավունքների պաշտպանի մասին սահմանադրական օրենքով, որոնք ապահովում են մարդու իրավունքների պաշտպանի անկախությունն ու իր գործառույթների լիարժեք կատարումը: Մարդու իրավունքների պաշտպանության եւ երաշխավորման սահմանադրական իր առաքելությունն իրականացնելով` վերջինս նպաստում է երկրում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի արդյունավետ գործարկմանը:
Մարդու իրավունքների պաշտպանը սերտորեն համագործակցում եւ ակտիվ կապեր է հաստատում ոչ միայն պետական եւ ազգային, այլեւ միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ մարդու իրավունքների եվրոպական դատարանի հետ` վերջինիս տրամադրելով անկողմնակալ եւ օբյեկտիվ տեղեկություններ` Հայաստանի դեմ գործընթացներում հանդես գալով որպես երրորդ կողմ:
Ի դեպ, տեղեկացնեմ, որ մարդու իրավունքները պաշտպանելու եւ խտրականության խնդիրներն առավել արդյունավետ լուծելու նպատակով մադու իրավունքների պաշտպանի ինստիտուտն իրազեկման միջոցառումներ է անցկացնում Հայաստանի ոչ միայն քաղաքային, այլեւ գյուղական տարածքներում՝ կազմակերպելով առանձին հանդիպումներ քաղաքացիական հասարակության, մարդու իրավունքների ակտիվիստների եւ տեղական իշխանությունների հետ:
Այս նպատակով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը հատուկ ծրագիր է նախաձեռնել, որի նպատակն է կանանց տնտեսական հզորացման վերաբերյալ իրազեկումը, կանանց ասոցիացիաների ամրապնդումը, ինչպես նաեւ կանանց ռեսուրս-կենտրոնների ստեղծմանն աջակցությունը՝ հատկապես գյուղական եւ հեռավոր տարածքներում: Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ընտանեկան բռնության կանխարգելմանն ուղղված աջակցության վերաբերյալ ուղեցույց է հրատարակվել հայերեն, ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով: Իրազեկման արշավի ընթացքում կիրառվել են նորագույն տեխնոլոգիաներ՝ ապահովելով մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հասանելիությունը բոլորին, այդ թվում ՝ հաշմանդամություն ունեցող անձանց:
Բացի այդ, անչափ կարեւոր է Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտների միջեւ հաստատված արդյունավետ համագործակցությունը:
Հարգելի գործընկերներ,
Նախօրեին մեր Վեհաժողովում տեղի ունեցավ անչափ կարեւոր մի իրադարձություն. «Եվրոպայում Մոխրագույն գոտիներ՝ մոռացված մարդկանց դեպքերը» քննակմանը ներկա էր նաեւ Արցախի օմբուդսման Արտակ Բեգլարյանը։ Մարդու իրավունքների ինստիտուտը Արցախի կայացած ինստիտուտներից է, եւ արդեն տաս տարուց ավելի է Արցախի օմբուդսմանի հաստատությունը եվրոպական օմբուդսմանների ինստիտուտի լիարժեք անդամ է։ Քանիցս այս ամբիոնից հնչել է, որ Եվրոպայում չպիտի լինեն «գորշ գոտիներ» եւ որ մարդու իրավունքը չի կարող եւ չպիտի պայմանավորվի տվյալ տարածքի քաղաքական, իրավական կարգավիճակով։ Մեկ տարի առաջ մեր Վեհաժողովը ընդունեց 2240 բանաձեւը, որը հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել դեպի անդամ պետություններ, ներառյալ «գորշ գոտիները»։ Այս բանաձեւը վերջապես պետք է կյանքի կոչվի։ Հիշեցնեմ, որ բանաձեւով Վեհաժողովը վերահաստատեց ԵԽ անդամ պետությունների նկատմամբ ստանձնած իրավական պարտավորությունները՝ լիարժեքորեն համագործակցելու եւ բարեխղճորեն գործելու մարդու իրավունքների միջազգային մոնիտորինգի մեխանիզմների հետ, ներառյալ՝ հակամարտության գոտիներ մուտքի առումով: Եւ ինչպես բազմիցս նշել էր ԵԽ այլեւս նախկին գլխավոր քարտուղար Յագլանդը՝ «Մարդու իրավունքների հանձնակատարը ցանկացած պահի պետք է ունենա լիարժեք, անվճար եւ անսահմանափակ մուտք բոլոր չկարգավորված հակամարտությունների գոտիներ»: Մինչ այժմ, ցավոք, ոչ մի առաջընթաց Արցախի հարցում չի գրանցվել:
Հույս ունեմ, որ այս դեպքում մենք ի թիվս սառեցված հակամարտությունների, չենք ունենա նաեւ սառեցված բանաձեւ, ինչի օրինակները, ցավոք, մեր Վեհաժողովում քիչ չեն եղել։