Իվետա Մուկուչյան, Գոռ Սուջյան եւ Սոնա Ռուբենյան. ըստ երգահան, գործիքավորող ԴերՀովայի` այս արտիստներն են կազմում հայկական շոուբիզնեսի լավագույն եռյակը, եւ եթե նրանք աշխատեն, կարող են արտերկրում էլ բարձր պահել Հայաստանի պատիվը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգահանն առանձին-առանձին անդրադարձել է նրանց տվյալներին, տեսակին:
Իվետա Մուկուչյան
Ձայնային տվյալով, արտիստիզմով, արտաքինով որպես ամբողջական փաթեթ նա կարող է լավ ներկայանալ արտերկրում: Պարզապես Իվետայի պարագայում խնդիրն այն է, որ նա իրեն անընդհատ փորձում է տարբեր ոճերում, չունի իր կայուն ոճը՝ իվետայականը, այնինչ պետք է դրսի մարդկանց զարմացնել առանձնահատուկ լինելով:
Գոռ Սուջյան
Մեր տղամարդ արտիստները միշտ թույլ են եղել: Նրանց մեջ չեմ կարող չառանձնացնել տաղանդավոր երգիչ, երաժիշտ Գոռին: Կարեւորն այն է, որ կարողանա ճիշտ ներկայանալ դրսում:
Սոնա Ռուբենյան
Շատ վառ, կրակոտ կերպար է, լավ երգչուհի՝ վոկալային փայլուն տվյալներով: Պետք է աշխատի իր իմիջի վրա:
ԴերՀովայի համոզմամբ՝ Հայաստանում կան լավ կատարողներ, բայց, ցավոք, լավ երգեր վերջին տարիներին այդպես էլ չեն ստեղծվում: «Տարիներ շարունակ բարձրաձայնում եմ այս խնդրի մասին: Մենք ենք մեղավոր: Տասը տարի առաջ երգիչները բազմաթիվ էքսպերիմենտների էին դիմում, չէին ճնշվում, չէին վախենում փոփոխություններից, միայն փողի մասին չէ, որ մտածում էին, բայց հիմա մեկը մյուսին նմանակելով են զբաղված: Ոչ ոք հետաքրքիր բան չի ներկայացնում»,- ասաց երգահանը:
Հարցին, թե հիմա շոու-բիզնեսից ում հետ է աշխատում, մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ համագործակցում է Արփիի, Սեւակ Ամրոյանի հետ: Մենք նաեւ հետաքրքրվեցինք՝ ինչու Սոֆի Մխեյանի հետ նախկին ակտիվ համագործակցությունը չկա. «Այնպես ստացվեց, որ ամեն մեկս գնացինք մեր ուղով, բայց ասեմ, որ վերջերս մեր ուղիները կրկին խաչվեցին, եւ, հնարավոր է` կրկին համագործակցենք»,-եզրափակեց ԴերՀովան:
Աննա Բաբաջանյան