ՄԻԵԴ-ը պարտավորեցրել է ՀՀ-ին վճարել 7800 եվրո անգործունակ ճանաչված Գուրգեն Նիկոլյանի գործով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) վճիռ է կայացրել Հայաստանի դեմ Նիկոլյանի գործով։ ՄԻԵԴ-ը վճռել է, որ տեղի է ունեցել դատաքննության իրավունքի և անձնական կյանքի հարգման իրավունքի խախտում։ Դատարանը որոշել է, որ Հայաստանը պետք է Գուրգեն Նիկոլյանին վճարի 7800 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում։ Գործը վերաբերում էր հայցվորին, որն անգործունակ էր ճանաչվել 2013 թվականին դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին։

Դատարանը վճռեց, որ հայցվորը չէր կարող հայց ներկայացնել ապահարզանի և բնակարանից կնոջը վտարելու մասին, ինչպես նաև չէր կարող հասնել դատարանում իրավունակության վերականգնմանը, քանի որ Հայաստանի օրենքը լիովին արգելել է դատարանի ուղղակի հասանելիությունը նրանց համար, ովքեր անգործունակ են ճանաչվել։ Այս իրավիճակը խորանում է այն փաստով, որ իշխանությունները հայցվորի որդուն նշանակել են նրա օրինական խնամակալ՝ չնայած կոնֆլիկտային հարաբերություններին։

Բացի այդ, որոշումը, որը զրկում էր հայցվորին գործունակությունից, հիմնվում էր միայն մեկ հնացած հոգեբուժական եզրակացության վրա՝ առանց որևէ մանրամասն վերլուծության նրա հոգեկան խանգարման աստիճանի մասին կամ հաշվի առնելու այն, որ նա նման հիվանդության պատմություն չուներ։ 2012 թվականին Նիկոլյանը հայց է ներկայացրել ապահարզանի ու կնոջը վտարելու մասին՝ պնդելով, որ իրենց կոնֆլիկտային հարաբերություններն անտանելի են դարձրել համատեղ կեցությունը։

Բայց ազգային դատարաններն այդպես էլ չեն քննարկել նրա հայցը, քանի որ նա ճանաչվել է անգործունակ 2013 թվականին դատաքննությունից հետո, որը հարուցել էին նրա կինն ու որդին, որն ապրում էր իր ընտանիքի հետ նույն բնակարանում։ Մասնավորապես, 2013 թվականի նոյեմբերին շրջանային դատարանը Նիկոլյանին հայտարարել է անգործունակ՝ որոշելով, որ նա հոգեկան խանգարում ունի և չի կարող գիտակցել, թե ինչ է անում ու չի կարող վերահսկել իր գործողությունները։

 




Լրահոս