ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մխիթար Հայրապետյանը մեկուսացել է. շփվում է բացառապես Նիկոլ Փաշինյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը բավականին երկար ժամանակ է, ինչ դադարեցրել է իր շփումները իր խմբակցության պատգամավորների հետ: Ըստ մեր տեղեկությունների` Մխիթար Հայրապետյանը բացառապես իր շփումները պահում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նույն տեղեկությունների համաձայն` Հայրապետյանը խորհրդարան է գալիս շատ լուրջ դեմքով ու միանգամից ուղեւորվում իր աշխատասենյակ: Նրան կարելի է տեսնել միայն ԱԺ քառօրյա նիստերին ու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստերին, որի նախագահն էլ ինքն է:

Ըստ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների` ոչ ոքի համար պարզ չէ, թե ինչու այդքան ակտիվ, բոլոր հարցերի մեջ խառնվող Մխիթար Հայրապետյանը հանկարծակի որոշեց այլեւս իր կապը խզել խմբակցության անդամների հետ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` Մ. Հայրապետյանն իր շրջապատում հայտարարել է, որ ինքը զբաղված է բացառապես օրենսդիր գործունեությամբ ու ժամանակ կամ ցանկություն չունի որեւէ թեմայի մեջ լինել:

Ի դեպ, բավականին երկար ժամանակ է, որ Մխիթար Հայրապետյանը կտրականապես հրաժարվում է շփվել նաեւ լրագրողների հետ, որեւէ հարցի չի պատասխանում ու հրաժարվում է որեւէ թեմայի շուրջ իր դիրքորոշումը ներկայացնել: Բայց, ըստ իմքայլական պատգամավորների, սերտ հարաբերություններ ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ում հետ բոլոր հարցերի շուրջ խորհրդակցում է, ավելին` պատգամավորը համարվում է ՀՀ վարչապետի վստահելիներից մեկն, ու գրեթե բոլոր հարցերում Մ. Հայրապետյանից տեսակետ է հարցնում Փաշինյանը:

Հիշեցնենք, որ դեռեւս հունիսին Մխիթար Հայրապետյանը հայտարարեց, թե հրաժարվում է Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից: Վերջինս իր հրաժարականը բացատրել էր, թե ՔՊ կուսակցության վարչության անդամ ընտրվելուց հետո ժամանակի սղության պատճառով որոշել է հրաժարվել Եվրանեսթում հայկական պատվիրակության ղեկավարի պաշտոնից:

Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց բոլոր այս հարցերի շուրջ զրուցել ԱԺ պատգամավորի հետ, սակայն վերջինս կտրականապես հրաժարվեց որեւէ հարցի շուրջ զրուցել մեզ հետ կամ որեւէ մեկնաբանություն տալ: Թե ինչն է Հայրապետյանի լռության պատճառը, հուսով ենք` պարզ կդառնա առաջիկայում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս