ՖՈՏՈ. Ավտոկայանում ապամոնտաժվեցին նաև «Բոգո» մականունով հայտնի սեփականատիրոջ կրպակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի Կենտրոնական ավտոկայանում արդեն մի քանի օր է՝ հաճելի իրարանցում է: Համենայն դեպս, ինչպես ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեցին անցորդներն ու Հանրապետության տարբեր շրջանների բնակիչներ, ովքեր մարզեր մեկնելու համար այցելում են այս ավտոկայան, նոր որոշումը միայն գոհունակության է արժանի: Իսկ ինչ որոշման մասին է խոսքը:

Պարզվում է՝ տարիներ շարունակ ավտոկայանի հարակից տարածքում գործող առևտրի կետերը, որոնք ոչ միայն տարածքի արտաքին տեսքն էին գցում, այլև խանգարում էին մարդկանց անխափան անցուդարձին, այլևս անցյալում են: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 1-ին Իսակով 6 հասցեի կանաչ գոտուց Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կողմից ապամոնտաժվել են թվով երեք ապօրինի կրպակներ։

Հերթը հասել է նաև «անձեռնմխելի» կետերին: Բանն այն է, որ Կենտրոնական ավտոկայանի տարածքում գործող առևտրի կետերը այս կամ այն կերպ պատկանում են Բոգո անունով հայտնի Ռուբեն Կոստանյանին և «Ֆառ» անունով հայտնի Արթուր Սարգսյանին: Ըստ մեր տեղեկությունների՝ Վիկտոր Մնացականյանը բանակցություններ է վարել նրանց հետ՝ հարցը «բարիով» լուծելու ուղղությամբ: Ասել է, թե դուք ձեր ձեռքով ապամոնտաժեք անօրինական կետերը, հակառակ դեպքում իրենք իրենց ուժերով դա կանեն. այլ տարբերակ լինել չի կարող: Այսպիսով, կողմերի փոխադարձ համաձայնությամբ, «Բոգոն» ու «Ֆառը» ապամոնտաժել և տեղափոխել են տարիներ շարունակ գործող անօրինական առևտրի կետերը:




Լրահոս