Հայհոյանք՝ քվեարկության փոխարեն․ ովքե՞ր են «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման մասին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախագիծը երեկ, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով 98 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ ձայներ, հաստատվեց եւ կուղարկվի ՀՀ Սահմանադրական դատարան: Բայց մինչ այդ քվեարկության արդյունքները հետաքրքիր պատկեր են ուրվագծում: Եթե «դեմ» եւ «կողմ» ձայները հասկանալի են, պատգամավորները կոնկրետ դիրքորոշում են արտահայտել, ապա անհասկանալի է մնում, թե ինչ է եղել այն քվեաթերթիկների հետ, որոնք «անվավեր» են ճանաչվել:

«Ժողովուրդ» օրաթերթը ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ իր աղբյուրներից կարողացավ ճշտել, որ պատշաճ քվեարկության նշանի փոխարեն ԱԺ երկու պատգամավոր ուղղակի հայհոյախառն արտահայտություններ են գրել, ըստ ամենայնի, Հրայր Թովմասյանի հասցեին: Կատարվածն ուշագրավ է այնքանով, որ քաղաքական մեծամասնության համար այս քվեարկությունը կյանքի ու մահու հարց էր, եւ ամեն ինչ արվեց, որպեսզի անգամ եվրոպաներից պատգամավորները գան, հասնեն, եւ ԱԺ-ն կարողանա բարձր ձայներով անվստահություն հայտնել ՍԴ նախագահին: Եւ, ահա, գտնվում են 2 ազգընտիրներ, որոնք փոշիացնում են իրենց քվեները: Ինչպես հայտնի է, ԲՀԿ-ն չմասնակցեց քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստանը» հայտարարեց, որ բոլորով կողմ են քվեարկելու նախագծին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ երեկ ԱԺ քննիչ հանձնաժողովում գրեթե համոզված են եղել, որ երկու «անվավեր» քվեաթերթիկների հեղինակները «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են եղել՝ բարկացած իրավիճակի վրա»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս