ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐՋՆԱԿԱՆԱՊԵՍ ԿՈՂՄՆՈՐՈՇՎԵԼ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, դեռեւս նախորդ տարի ՀՀ արդարադատության նախարարության կողմից շրջանառության մեջ էր դրվել «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը եւ դրա իրականացման 2019-2022 թթ. միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը, որը, սակայն, առաջացրել էր քաղաքացիական հասարակության դժգոհությունը, եւ հենց դա էր պատճառը, որ ընդամենը 20 օր առաջ շրջանառության մեջ դրվեց այդ նախագծի երկրորդ տարբերակը:

Ինչպես հայտնի է, առաջարկվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե, որը փոխարինելու է Հատուկ քննչական ծառայությանը, եւ լինելու է միասնական նախաքննական մարմին` ունենալով մի շարք գործառույթներ, որոնք վերցվելու են Քննչական կոմիտեից, ԱԱԾ-ից եւ ՊԵԿ-ից, եւ որը մասնավորապես վերաբերում է կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող բաժիններին:
Եվ հաշվի առնելով նախորդ տարվանից առկա դժգոհություններն ու առաջարկությունները` 20 օր առաջ ներդրվեց նոր ռազմավարություն: Եվ արդեն այս ռազմավարության շրջանակում նախատեսվում է իրականացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ձեւավորում եւ կոռուպցիայի կանխարգելում: Սակայն, բացի հանցագործությունները քննող մեկ միասնական մարմնից, այն լինելու է նաեւ կոռուպցիայի գործերով զբաղվող մասնագիտական դատարան, որն էլ զբաղվելու է հայտնի վեթթինգի իրականացմամբ: Եվ ամենաուշը մինչեւ օգոստոսի վերջ Արդարադատության նախարարությունը կառավարության հաստատմանը պետք է ուղարկի քննարկման դրված հակակոռուպցիոն ռազմավարությունը, իսկ արդեն մինչեւ տարեվերջ նախատեսվում է ավարտել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ի սկզբանե իշխանությունները միտված են եղել այս կառույցին միավորել նաեւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը փոխարինելու է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին, սակայն քննարկումների արդյունքում եզրակացության են եկել, որ այդ կառույցներն ունեն տարբեր գործառույթներ, եւ չպետք է խառնել դրանք:
Երեկ հակակոռուպցիոն ռազմավարության շուրջ կազմակերպվել էր հանրային քննարկում, որին ներկա է եղել նաեւ ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը: Քննարկման ընթացքում քաղհասարակության ներկայացուցիչները հիմնականում կողմ էին արտահայտվում նախագծում տեղ գտած փոփոխություններին, սակայն փաստացի դրանք վերջնական փոփոխությունները չեն, եւ չի բացառվում` այլ փոփոխություններ լինեն:
Մասնավորապես, տեղեկացանք, որ ռազմավարության հաստատումից հետո կսկսվեն արդեն օրենսդրական փոփոխություններ, որոնք կբխեն հենց այդ ռազմավարության իրականացումից: Եվ կոմիտեն ունենալու է կոռուպցիոն բնույթի գործերով նախաքննություն իրականացնելու եւ այդ նույն բնույթի գործերով օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կոնկրետ լիազորություններ: Ավելին, կոմիտեն բաժանված է լինելու մասնագիտական վարչությունների, որոնք լինելու են բարձրաստիճան պաշտոնյաների, տնտեսական հանցագործությունների հետ կապված:
Սակայն հետաքրքիր է, որ չնայած մյուս մարմիններից այդ վարչություններն ու լիազորություններն անցնելու են նոր մարմնին, սակայն չի բացառվում, որ լինեն կառույցներ, որտեղ կպահպանվեն կոռուպցիայի դեմ պայքարի բաժինները: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երեկ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, թե հիմա այդ առումով քննարկումներ են ընթանում, եւ առաջիկայում հստակ կլինի, թե որ կառույցներում որ բաժիններն ինչպես կպահպանվեն եւ կգործեն, որպեսզի չխանգարեն նոր մարմնի գործունեությանը:
«Նախատեսել ենք նաեւ հակակոռուպցիոն մասնագիտացված դատարանի ձեւավորումը, դրա համար նախատեսել ենք ժամկետ, կձեւավորվի եւ կունենա կոռուպցիոն գործերով մասնագիտացված արդարադատություն իրականացնելու անհրաժեշտ գործիքակազմ: Հակակոռուպցիոն ռազմավարության նախագծի միջոցառումների շրջանակում նախատեսվում է ձեւավորել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ», – մեզ հետ զրույցում նշեց Խաչիկյանը: Եվ չնայած ռազմավարությունը պետք է աշնանն արդեն ներկայացվի հաստատման, սակայն այդ ընթացքում եւս փոխնախարարը չբացառեց, որ կարող են փոփոխություններ լինել, եւ հատկապես խոսքը վերաբերում է հակակոռուպցիոն մասնագիտական դատարանի ձեւավորմանն ու նոր ստեղծվելիք մարմնի վերջնական լիազորություններին:
Հավելենք, որ նոր ստեղծվելիք մարմնի ղեկավարի հարցում իշխանությունները, կարծես թե, վերջնականապես կողմնորոշվել են: Ինչպես հայտնի է, ի սկզբանե ասվում էր, թե Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի լինի կոմիտեի ղեկավար, սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ քննարկումների արդյունքում ընտրությունը կանգ է առել հենց նրա վրա:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

 

ԶՈՒ ՊԵՏԻ ԴԵՄ ՀԱՅՑ
ՀՀ Զինված ուժերի շտաբի պետ Արտակ Դավթյանի որոշումները Զինված ուժերի պաշտոնատար անձինք վիճարկում են դատարանում` դատի տալով ԶՈՒ պետ Արտակ Դավթյանին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հուլիսի 8-ին Հովհաննես Պողոսյանը դիմել է ՀՀ վարչական դատարան` ընդդեմ Արտակ Դավթյանի կողմից 2019թ.-ի մայիսի 8-ին կայացրած հրամանը անվավեր ճանաչելու եւ հայցվոր Հովհաննես Պողոսյանին իր նախկին պաշտոնում վերականգնելու: Ասել է թե` ԶՈՒ աշխատակիցները բանավոր կերպով չեն կարողանում իրենց խնդիրները լուծել Արտակ Դավթյանի հետ եւ դատարանի միջոցով են փորձում վերադառնալ համակարգ` իրենց նախկին պաշտոններին:

 

 

 

Ի ՎԻՃԱԿԻ ՉԷ
Երեկ դատարանը բավարարել է ՀՀ քննչական կոմիտեի միջնորդությունը` Արարատի մարզի Արարատ քաղաքի ՈԿՖ Բանավանի կամրջի վրա ողբերգական ավտովթարի` «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին կալանավորելու մասով: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդին իրավապահները դեռեւս չեն հարցաքննել, քանի որ նա ի վիճակի չի եղել խոսել. դեռեւս գտնվում է վերակենդանացման բաժնում: Ինչպես հայտնի է, 2019 թվականի հուլիսի 6-ին` ժամը 15:00-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ավտոճանապարհին բախվել էին «ԳԱԶԵԼ», «Տոյոտա Հիլուքս» եւ «ՎԱԶ 21063» մակնիշի ավտոմեքենաները, որի հետեւանքով հրդեհ էր բռնկվել «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենայում: Այրվածքներից 6 անձ տեղում մահացել էր, մյուսները, ինչպես նաեւ «Տոյոտա Հիլուքս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները` ընդհանուր թվով 11 մարդ, մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական կենտրոններ: Դեպքի առթիվ Վեդիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնների խախտում):

 

 

 

ԱՎԵԼԻ ՔԱՆ 9.5 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ ՀՈԼՈՎԱԿ
ՀՀ առողջապահության նախարարությունն իր կարիքների համար հեռուստատեսային ծառայությունների ձեռքբերման նպատակով կնքված պայմանագրի մասին հայտարարություն է հրապարակել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարությունը ձեռք է բերել հեռուստահաղորդումների հեռարձակման ծառայություններ: Պայմանագիրը կնքվել է հուլիսի 4-ին «Ին Փրոգրեսս Փրոդաքշն» ընկերության հետ, որի արժեքը կազմել է 9 մլն 590 հազար դրամ: Մրցույթին մասնակցել է 3 ընկերություն, սակայն հաղթող ճանաչվել է ցածր գին առաջարկած մասնակիցը: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը պատրաստելու է գովազդային (սոցիալական) հոլովակներ` մեկ խաղարկային եւ մեկ անիմացիոն: Պատրաստման ժամկետը պայմանագրի կնքման օրվանից 40 աշխատանքային օրն է, եւ յուրաքանչյուր հոլովակը պետք է հեռարձակվի առնվազն օրական 4 անգամ առնվազն 3 ամսվա ընթացքում:

 

 

 

ԴԵՍՊԱՆ Է ԱՌԱՋԱԴՐԵԼ
Եվրոպական միության արտաքին եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան է առաջադրել Անդրեա Վիկտորինին: Եթե նրա թեկնածությունը հաստատվի, ապա նա կփոխարինի դեսպան Պյոտր Սվիտալսկիին, որը այդ պաշտոնում նշանակվել է 2015թ. սեպտեբերին եւ այս տարվա օգոստոսին ավարտում է իր առաքելությունը Հայաստանում: Անդրեա Վիկտորին այս պահին զբաղեցնում է Բելառուսում ԵՄ դեսպանի պաշտոնը:

 

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ՏՈՒՍԿԻՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկին, որը ՀՀ վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա մարտին Բրյուսելում: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե Եվոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին: Նշենք, որ Տուսկի այցը տարածաշրջան մեկնարկել է երեկ, նա երեկ Բաքվում հանդիպել է Իլհամ Ալիեւի հետ: Եվրոպական խորհրդի նախագահը հուլիսի 11-ին կմեկնի Բաթումի:

 

 

 

ԿՈՉ` ԹՈՒՐՔԻԱՅԻՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ` Թուրքիայի` Կիպրոսի ԲՏԳ նոր հորատում իրականացնելու փորձի վերաբերյալ: «Մեր խորին մտահոգությունն ենք հայտնում Թուրքիայի` Կիպրոսի հյուսիս-արեւելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը եւ նրա ժողովրդին եւ կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը եւ Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացմանը` առանց արտաքին ճնշման»,- ասված է հայտարարության մեջ:

 

 

 

ՄԵԿՆՈՒՄ Է ՎՐԱՍՏԱՆ
Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այսօր աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Նախարարը կմասնակցի Բաթումիի 16-րդ միջազգային համաժողովին` նվիրված Արեւելյան գործընկերության 10-ամյակին: Նա հանդես կգա ելույթով:




Լրահոս