Այսօր ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում Երեւանի ժամանակով 19:00-ին կկայանա Եվրոպա Լիգայի որակավորման առաջին փուլի «Ալաշկերտ»-«Մակեդոնիա» հանդիպումը: Խաղից մեկ օր առաջ հանդիպման մասին լրագրողների հետ զրուցել են հայկական թիմի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը եւ թիմի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը:
Խոսելով խաղի սպասելիքների մասին` Աբրահամ Խաշմանյանն ասաց. «Մենք ամեն բան անելու ենք մյուս փուլ անցնելու համար. դա է մեր նպատակը, սակայն պարտվելու դեպքում ձախողում չեմ համարի, որովհետեւ սա ֆուտբոլ է, եւ այստեղ ամեն ինչ հնարավոր է»:
«Ալաշկերտի» գլխավոր մարզիչն անդրադարձավ նաեւ նորեկներին. «Նրանք դեռ նոր են միացել թիմին եւ դեռ չեն ադապտացվել, ասեմ ավելին` նրանցից ոչ մեկ մեկնարկային կազմում չի լինելու: Մենք դեռ ունենք եւս երեք դիրք ուժեղացնելու կարիք, այդ ֆուտբոլիստները կարող են լինել ե՛ւ հայազգի, ե՛ւ արտասահմանցի: Միայն դարպասապահի դիրքում է հստակություն»:
Խաշմանյանը հավելեց, որ մեծ հույսեր է կապում թիմի ֆուտբոլիստների հետ. «Մենք պատվախնդիր թիմ ենք, ամեն բան կանենք հաղթելու համար: Ես վստահում եմ տղաներին, մնում է սպասել: Խաղից առաջ ամեն ինչ հավասար է, եթե, իհարկե, քո մրցակիցը համաշխարհային մակարդակի թիմ չէ: Բարդ հանդիպում է սպասվում»:
Թիմի ֆուտբոլիստ Արտակ Գրիգորյանը խոսեց թիմի երիտասարդների մասին եւ նշեց, որ նրանք աշխատում են քրտնաջան եւ ունեն մեծ պոտենցիալ:
Հավելենք նաեւ, որ Արտակ Գրիգորյանը ներկա էր Չեմպիոնների Լիգայի որակավորման առաջին փուլի «Արարատ-Արմենիա»-ԱԻԿ (2:1) հանդիպմանը եւ նշեց, որ հայկական թիմի հաջողությունը նոր մոտիվացիա է հաղթանակի հասնելու համար. «Առաջինը ցանկանում եմ շնորհավորել «Արարատ-Արմենիային» հաղթանակի համար: Հայկական թիմերի հաջողությունները միշտ էլ մոտիվացրել են մեկը մյուսին, այդպես էր նաեւ անցած տարի, երբ «Փյունիկը» հաղթահարեց մյուս փուլը, եւ հաջորդ օրը նմանատիպ արդյունք ունեցանք նաեւ մենք: «Արարատ-Արմենիայի» հաղթանակը նոր մոտիվացիա տվեց մեզ, եւ հուսով եմ, որ կկարողանանք հաղթել մրցակցին»:
Հավելենք, որ երեկ կայացավ նաեւ «Մակեդոնիայի» գլխավոր մարզիչ Ալեքսանդր Տանեւսկու մամուլի ասուլիսը, որը հայկական թիմին համարում է դիմակայության ֆավորիտ. «Չափազանց բարդ է լինելու: Ուսումնասիրել ենք «Ալաշկերտին» եւ գիտենք, որ նրանք վերջին 4 տարիներին հաղթահարում են առնվազն մեկ փուլի արգելք: Դիմակայության ֆավորիտ համարում ենք նրանց, բայց, իհարկե, չենք հանձնվում: Բացի պարտությունից, մնացած բոլոր արդյունքները գոհացնող կլինեն»:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ