Արդեն հուլիսի 14-ին Երեւանում կմեկնարկի մինչեւ 19 տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի Մ-19 հավաքականը ընդգրկված է «Մահվան խմբում» եւ հանդիպումներ կանցկացնի Իսպանիայի, Իտալիայի եւ Պորտուգալիայի ընտրանիների դեմ:
Իհարկե, կարելի է անդադար ասել, որ վիճակահանությունը չափազանց դաժան գտնվեց մեր հանդեպ, որ հույսեր այդքան էլ չկան, սակայն ունենք այն, ինչ ունենք: Վերը նշված հավաքականները, իհարկե, դասվում են Եվրոպայի եւ աշխարհի հզոր հավաքականների շարքին, բայց ֆուտբոլը սկսվում է հավասար պայմաններում, եւ այստեղ ամենաանհնարին թվացող արդյունքն էլ կարող է դառնալ իրականություն:
Երեկ` հուլիսի 11-ին, Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը բաց մարզում անցկացրեց ՀՖՖ Տեխնիկական կենտրոն Ավանի ակադեմիայում: Մարզման ավարտից անմիջապես հետո մեր ֆուտբոլիստները եւ հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանը լրագրողների հետ կիսվեցին իրենց սպասելիքներով: Հիշեցնենք, որ մեր երիտասարդական հավաքականը երկու ընկերական հանդիպում անցկացրեց Հայաստանի Բարձրագույն խմբի ներկայացուցիչներ «Ալաշկերտի» եւ «Լոռիի» հետ: Արթուր Ոսկանյանը այս փաստը կարեւորագույններից մեկը համարեց. «Մենք պատրաստ ենք մրցաշարի մեկնարկին: Տղաները կփորձեն խաղալ իրենց խաղը, եւ, իհարկե, մենք ունենք նաեւ «պլան Բ», որը կօգտագործենք խաղի ժամանակ, եթե հարկավոր լինի: Վերջերս մենք երկու ընկերական հանդիպում անցկացրինք «Ալաշկերտի» եւ «Լոռիի» հետ եւ խաղալով Հայաստանի ուժեղ թիմերի հետ` մենք վատ արդյունքներ չգրանցեցինք: Մենք պատրաստ ենք նաեւ հոգեբանորեն, որովհետեւ երկար ժամանակ է, ինչ սկսել ենք նախապատրաստվել հանդիպումներին»,- ասաց Արթուր Ոսկանյանը` ի պատասխան «Ժողովուրդ» օրաթերթի հարցին:
Ե՛ւ հավաքականի գլխավոր մարզչի, ե՛ւ հավաքականի ֆուտբոլիստների խոսքերը լսելուց հետո իրոք կարելի է հանգել այն եզրակացմանը, որ մեր ֆուտբոլիստները պատրաստ են «կռիվ տալ» հզորագույնների հետ: Չպետք է մոռանալ նաեւ այն փաստը, որ Եվրոպայի առաջնության ժամանակ հանդիպումներին ներկա են գտնվելու մի շարք սկաուտներ, որոնք ուշիուշով հետեւելու են բոլոր երիտասարդների մրցելույթներին:
Այդ թեմային «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադարձել էր նաեւ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Կամո Հովհաննիսյանը, որը նշել էր, որ մեր ֆուտբոլիստները պետք է ամեն բան անեն, որ երեւան սկաուտների աչքերին:
Եւս մեկ անգամ շեշտենք այն փաստը, որ Հայաստանի Մ-19 հավաքականը ֆավորիտ չի Եվրոպայի առաջնությունում, բայց այս մրցաշարը շատ բան կարող է տալ մեր ֆուտբոլիստներին, եւ, հաշվի առնելով շատ կարեւոր մի հանգամանք, այն է` հավաքականում կան նորեկներ, որոնք զգալիորեն ուժեղացրել են թիմը, պետք է ասել, որ ֆավորիտ չենք, բայց նվեր էլ չենք եվրոպական «գիշատիչների» համար:
Հավաքականի նորեկներից մեկը` Յուրի Օգանեսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց. «Մենք պատրաստ ենք մրցաշարին: Մենք կարող ենք բոլորին ապացուցել, որ ուղղակի չենք մասնակցում այս առաջնությանը: Ես դեռ նոր եմ հավաքականում եւ կարող եմ ասել, որ մենք իսկական միասնական թիմ ենք»: Ամեն դեպքում, հուսանք, որ մեր երիտասարդական հավաքականը հաջող ելույթներ կունենա, եւ այս առաջնությունը կօգնի մեր ֆուտբոլիստներին ավելի բարձրակարգ ակումբներ տեղափոխվել:
Հավելենք, որ Եվրոպայի Մ-19 առաջնությունը կավարտվի հուլիսի 27-ին: Հանդիպումներ կանցկացվեն Հանրապետական մարզադաշտում, Ավանի ակադեմիայում եւ «Բանանց» մարզադաշտում:
Մեր ընտրանին իր առաջին հանդիպումը կանցկացնի հուլիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Մեր թիմի մրցակիցը կլինեն իսպանացիները:
ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ