Օրերս հրապարակվել է Վենետիկի հանձնաժողովի 119-րդ նստաշրջանի արձանագրությունը, որն իր մեջ հետաքրքիր եւ դիվանագիտական առումով կոշտ նկատառումներ է պարունակում նաեւ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ: Խոսքը Հայաստանում սպասվող վեթթինգի գործընթացի, Սահմանադրական դատարանում առկա ճգնաժամի շուրջ խոսակցությունների, ինչպես նաեւ դատարանները շրջափակելու մասին է:
Եվ առանձնացնելով Վենետիկի հանձնաժողովի կողմից արված դիտարկումները` կարող ենք արձանագրել, որ Վենետիկի հանձնաժողովում ողջամիտ չի համարվել Սահմանադրական դատարանի «դատավոր-անդամ» բառախաղը, Սահմանադրական դատարանի դատական կազմի հետագա պաշտոնավարումը նախատեսող դրույթը (ՀՀ Սահմանադրության 213-րդ հոդված) Վենետիկի հանձնաժողովում համարում են «հստակ» եւ «աներկբա», Վենետիկի հանձնաժողովում մտահոգիչ է գնահատվել Վահե Գրիգորյանի հայտնի պնդումները ՀՀ խորհրդարանի կողմից ծափողջույններով ողջունելը։
Դատարաններն արգելափակելու որոշման մասին Վենետիկի հանձնաժողովի հայտարարությունում ասվում է. «ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին դատարանի որոշումից հետո՝ մայիսի 19-ին, վարչապետ Փաշինյանը խիստ քննադատության է ենթարկել դատարանները, իր աջակիցներին խնդրել է դատարանների մուտքերն ու ելքերն արգելափակել, ինչպես նաեւ հայտարարել դատական համակարգի նորացման մասին։ Պարոն վարչապետին ուղղված իր նամակում հանձնաժողովի նախագահն ընդունել է, որ դատական համակարգի նկատմամբ կա վստահության պակաս, սակայն նաեւ պնդել է, որ կիրառվող ցանկացած միջոց պետք է ամբողջությամբ համապատասխանի Սահմանադրությանը եւ միջազգային ստանդարտներին։ Գործող դատավորներին համընդհանուր վեթինգի ենթարկելը չի կարող լինել ո՛չ անհրաժեշտ, ո՛չ էլ օգտակար։
Անդրադառնալով Սահմանադրության մեկնաբանությանը` նրանք նշել են. «Փոփոխված Սահմանադրության 213-րդ հոդվածը հստակ եւ աներկբա սահմանում է, որ Սահմանադրական դատարանի՝ մինչեւ 2015թ. փոփոխություններն ուժի մեջ մտնելն ընտրված նախագահը եւ անդամները կշարունակեն պաշտոնավարել մինչեւ իրենց պաշտոնավարման՝ 2005թ. փոփոխություններով Սահմանադրությամբ սահմանված ժամկետի ավարտը։ Անհանգստացնող է, որ դատավորի նման հայտարարությունը Ազգային Ժողովում ընդունվել է ծափահարություններով, եւ կարող է առաջանալ գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»:
Ստացվում է` որքան էլ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները փորձում են ապացուցել Սահմանադրական դատարանում ճգնաժամի առկայության փաստը եւ ընտրված գործիքակազմի կարեւորությունը, միջազգային հանրությունը, ամեն դեպքում, քննադատաբար է վերաբերում արված հայտարարություններին եւ փաստացի կերպով դատապարտում Ազգային ժողովի` Վահե Գրիգորյանի հայտարարությունները սատարելը:
Այս առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց մեկնաբանություն ստանալ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամներից եւ հատկապես այն պատգամավորներից, որոնք ջանասիրաբար եւ ամեն առիթն օգտագործելով` պաշտպանում էին Վահե Գրիգորյանին` պնդելով, որ նրա ասածները վերին աստիճանի ճշմարտություն են: Սակայն հետաքրքիր է, որ, օրինակ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Նիկոլայ Բաղդասարյանը, որը ամեն կերպ փորձում էր արդարացնել Վահե Գրիգորյանի հայտարարությունները եւ նույնիսկ Հրայր Թովմասյանին խորհուրդ էր տալիս առհասարակ Սահմանադրական դատարան չմտնել, երեկ խուսափեց պատասխանել «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին` կապված Վենետիկի հանձնաժողովի հայտարարության հետ, այլ խորհուրդ տվեց դիմել ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին, որը, նկատենք, ամենահամեստ հայտարարությունների հեղինակն է եղել այդ թեմայով եւ ամեն կերպ Վահե Գրիգորյանի հայտարարությունների տիրույթը փորձում էր դուրս հանել խորհրդարանից` ի տարբերություն իր մյուս գործընկերների: Սակայն Պետաիրավական հանձնաժողովի իշխանական պատգամավորներից շատերը երեկ եւս տարբեր պատճառաբանություններով խուսափեցին անդրադառնալ հնչած հայտարարություններին:
Հանձնաժողովի դիրքորոշումների շուրջ երեկ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի հանձնաժողովի անդամ Տարոն Սիմոնյանի հետ։ Նա նշեց, թե այն խնդիրներին, որոնք արձանագրված են հայտարարության մեջ, իրենք անդրադարձել էին վաղուց: «Ես կարծում եմ, որ սա ավելի հեղինակավոր կարծիք պետք է լինի իշխանության ներկայացուցիչների համար, եթե մեր կարծիքը նրանց համար այդքան էլ հեղինակավոր չէր։ Հանձնաժողովն ընդգծեց, որ դատարանների մուտքերն արգելափակելը ճիշտ ճանապարհը չէր խնդիրների լուծման, ավելին` դա նաեւ հակասահմանադրական տարրեր էր իր մեջ պարունակում, ինչը մենք եւս ասում էինք։ Ինչ վերաբերում է վեթթինգին, մենք կողմ ենք ոչ թե անպայմանորեն վեթթինգի իրականացմանը, այլ մենք վեթթինգն առաջարկում ենք այսօրվա իշխանություններին որպես մեր առջեւ դրված խնդիրների լուծման տարբերակներից մեկը, քանի որ նրանք արմատական փոփոխություններ էին ուզում դատական համակարգի ներսում։ Կարելի է օգտագործել այլ մեթոդներ. ընդհանրապես, վեթթինգի պետք է գնալ այն ժամանակ, երբ սպառվել են մինչ այդ անհրաժեշտ բոլոր գործիքներն ու մեթոդները, եւ այլեւս հույս չկա, որ եղած գործիքներով կարելի է խնդիր լուծել», – նկատեց Տարոն Սիմոնյանը։
Դիտարկմանը` ինչ հետեւությունների պետք է հանգել այս զեկույցից, Տարոն Սիմոնյանը նշեց. «Միակ հետեւությունն այն է, որ պետք է սկզբից մտածենք, հետո խոսենք, իսկ եթե խոսում ենք առանց մտածելու, առանց մասնագիտական հիմնավորվածության, հետո փորձում ենք մեր ասածի «տակից դուրս գալ», վերացական մակարդակում խնդիրներ ենք առաջացնում եւ փորձում ենք «քաջաբար» հաղթահարել դրանք։ Ես խորհուրդ կտամ մեր քաղաքական իշխանության ներկայացուցիչներին եւ նաեւ իրավական համակարգի ներկայացուցիչներին մինչեւ վերջնական եզրակացություններ անելը ավելի լուրջ մասնագիտական հետազոտություններ անել, որից հետո միայն հանդես գալ հայտարարություններով»։
Մեկնաբանությունների համար դիմեցինք նաեւ ՀՀ արդարադատության նախարարություն, քանի որ Վենետիկի հանձաժողովի հետ գլխավոր բանակցությունը հենց այս նախարարությունը պետք է վարեր: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնեցին. «Արդարադատության նախարարությունը հաստատակամ է իր մոտեցման մեջ, ըստ որի՝ դատական համակարգի բարեփոխման առանցքում լինելու են դատավորի գույքի, եկամուտների ծախսերի, շահերի հայտարարագրման ինստիտուտի կատարելագործումն ու բարեփոխումը, դատավորների բարեվարքության ու գույքային դրության գնահատման օբյեկտիվ մեխանիզմների արդյունավետ ներդրումն ու կիրառումը: Ուստի այս առումով որեւէ խզում նախկինում արված հայտարարությունների եւ Վենետիկի հանձնաժողովի զեկույցի միջեւ չկա:
Ինչ վերաբերում է Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ զեկույցում տեղ գտած անդրադարձին, ապա տեղեկացնենք, որ գործադիր իշխանությունը որեւէ պաշտոնական դիրքորոշում դեռեւս չի արտահայտել», – նշեցին մամուլի ծառայությունից:
Հ.Գ. Առաջիկայում հարցի վերաբերյալ հանդես կգա նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԱՎԵԼԱՑԵԼ Է
ՀՀ ԿԲ-ն հրապարակել է այս տարվա ընթացքում ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված դրամական փոխանցումների մասին հաշվետվությունը, սակայն միայն մայիս ամսվա կտրվածքով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այդ գումարները, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, որոշակի ավելացել են: Այս տարվա մայիսին ՀՀ փոխանցվել է 168 մլն 851 հազար դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրամական փոխանցումներն ավելի քիչ են եղել՝ 139 մլն 673 հազար դոլար: Նկատենք, որ այս տարի եւս հիմնականում գումարները ստացվել են ՌԴ-ից՝ 70.3 մլն դոլար, իսկ ԱՄՆ-ից ստացվել է 23.6 մլն դոլար: Սա նշանակում է, որ ՌԴ-ում եւ ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներն ավելի ու ավելի շատ են սկսել գումար ուղարկել Հայաստանում մնացած իրենց հարազատներին: Ավելացել է նաեւ ՀՀ-ից գումարների արտահոսքը. եթե 2018թ. մայիսին այն կազմել էր 92 մլն 360 հազար դոլար, ապա այս տարի՝ 113 մլն 60 հազար դոլար: Ի դեպ, տեղեկացնենք, որ դեպի ՌԴ արտահոսքը կազմել է 22 մլն 665 հազար դոլար:
ԿՐՃԱՏՈՒՄ ԵՆ ԾԱԽՍԵՐԸ
Երեւանի աղբահանությամբ իբր զբաղվող «Սանիտեք» ընկերությունում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունն այս օրերին լծված է ծախսերը կրճատելու գործընթացին: Պարզվում է` երեկոյան ժամերին ընկերության ղեկավարությունն իր վարձակալած մեքենաներով մաքրուհիներին տուն է տեղափոխել: Բայց մեզ հայտնի դարձավ, որ վերջերս ընկերության ղեկավարությունը մաքրուհիների խմբապետերին (բրիգադիրներին) պարտադրել է իրենց սեփական միջոցներով տուն ճանապարհել, ինչի դիմաց նրանց վճարում են չնչին գումար մեքենան գազով կամ բենզինով լիցքավորելու համար: Սակայն խմբապետերը խիստ դժգոհ են ստացած գումարի չափից եւ «սիմպատիայով» են առաջնորդվում` ում ուզում են, տուն են տանում, իսկ մյուսները ստիպված սեփական միջոցներով են տուն գնում: Այս թեմայի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց «Սանիտեք», սակայն մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին: Բացի այս, մաքրուհիները մտադիր են իրենց աշխատանքային պայմանագիրը լուծարել «Սանիտեք»-ի հետ եւ աշխատանքի տեղավորվել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկում: Ավելին, «Սանիտեք»-ի մաքրուհիները օրեր առաջ հանդիպել են հիմնարկի ղեկավարության հետ եւ քննարկել աշխատանքային պայմանները: Պարզվում է` նրանց խոստացել են ամսական 10 հազար քմ տարածք մաքրելու համար վճարել 130 հազար դրամ: Նրանք կվճարվեն նաեւ հանգստյան օրերին եւ գիշերային ժամերին աշխատելու դիմաց:
ԿԼԻՆԻ ԱՄՆ-ՈՒՄ
Հուլիսի 15-20-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանն աշխատանքային այցով լինելու է ԱՄՆ-ում: Նյու Յորքում Հայաստանի փոխվարչապետը մասնակցելու է ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհրդի Կայուն զարգացման հարցերով բարձր մակարդակի քաղաքական ֆորումին եւ այլ միջոցառումների: Այցի շրջանակում տեղի կունենան նաեւ հանդիպումներ ՄԱԿ-ի եւ մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
ՀԵՌԱՑԱՎ
Երեկ Երեւանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը հաստատեցին Երեւանի քաղաքապետարանից: Նշենք, որ Հակոբյանն ազատվել է իր դիմումի համաձայն:
ԱՌԱՋԻՆ ԴԵՄՔԵՐՈՎ
Հանրապետության նախագահի նստավայրում երեկ կայացել է նախագահ Արմեն Սարգսյանի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հերթական աշխատանքային հանդիպումը: Քննարկվել են երկրի զարգացման ծրագրերին վերաբերող ընթացիկ հարցեր: