ԵՐԵՎԱՆԸ` ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն տեղեկացրել ենք, որ հուլիսի 14-ին Երեւանում մեկնարկել է Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը:

Այս առաջնությունը, կարելի է ասել, մեծ իրարանցում է առաջացրել ամբողջ Հայաստանում: Եվրոպայի տաղանդավոր ֆուտբոլիստները այժմ Երեւանում փորձում են գտնել աշխարհամասի ուժեղագույնին: Եվրոպայի երիտասարդների առաջնության ամեն մի հանդիպմանը հետեւում են 100-ից ավելի սկաուտներ, ինչը, իհարկե, նոր մոտիվացիա կարող է լինել երիտասարդ ֆուտբոլիստների համար:
Երեկվա մեր նյութում մենք անդրադարձանք A խմբին, իսկ հիմա առաջարկում ենք ծանոթանալ նաեւ B խմբի մրցաշարային աղյուսակին:
Առաջին հանդիպումներից հետո B խմբի «գագաթին» կանգնած են ֆրանսիացիները, որոնք կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել Չեխիայի դարպասը: Մյուս խաղը անցավ ավելի շատ լարված, սակայն ավելի քիչ հետաքրքիր պայքարում: Նորվեգիայի եւ Իռլանդիայի երիտասարդները փոխանակվեցին մեկական գոլով եւ վաստակեցին մեկական միավոր: Խաղից հետո «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում իր տպավորություններով կիսվեց Իռլանդիայի հավաքականի հարձակվող Ջոնաթան Աֆոլաբին, որը նաեւ խոսեց Հայաստանի մասին. «Հայաստանից տպավորություններս շատ լավն են: Ուրախ եմ, որ այստեղ եմ, բայց կասեմ նաեւ, որ այստեղ շատ շոգ է` ի տարբերություն Իռլանդիայի, որտեղ անդադար անձրեւում է»:
Հավելենք, որ Իռլանդիայի ընտրանին հուլիսի 18-ին կմրցի Ֆրանսիայի հավաքականի դեմ, իսկ Նորվեգիան նույն օրը կհանդիպի Չեխիային:
Իսկ հիմա վերադառնանք A խումբ, որտեղ այսօր իր հանդիպումը կանցկացնի Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը:
Հայաստանի հավաքականը, չնայած որ պարտվեց առաջին խաղում իսպանացիներին (1:4), դեռեւս հույսեր փայփայում է կիսաեզրափակչի ուղեգիր ձեռք բերելու համար: Արդեն այսօր` հուլիսի 17-ին, մեր երիտասարդական հավաքականը ուժերը կչափի Իտալիայի հասակակիցների հետ: Իսպանիայի հավաքականից կրած պարտությունից հետո այսօր մեզ հարկավոր է միայն հաղթանակ խմբից դուրս գալու հնարավորությունները պահպանելու համար:
Հավելենք նաեւ, որ խմբային փուլի առաջին տուրի Հայաստան-Իսպանիա խաղին Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում ներկա էին 10,200 հանդիսականներ, եւ այդ փաստը, մեր երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստների խոսքերով, մեծ ուժ էր տալիս նրանց:
Հիշեցնենք, որ Եվրոպայի մինչեւ 19 տարեկանների առաջնությունը կավարտվի հուլիսի 27-ին, իսկ մինչեւ մրցաշարի ավարտը համաշխարհային ֆուտբոլի էպիկենտրոնը կշարունակի մնալ Երեւանը:
Հավելենք նաեւ, որ Հայաստանի հավաքականի վերջին մրցակիցը կլինեն պորտուգալացիները` Եվրոպայի գործող չեմպիոնները, որոնք առաջին տուրում կարողացան 3 անպատասխան գնդակ ուղարկել Իտալիայի դարպասը: Իտալացիները անցած առաջնության եզրափակչում պարտվել էին հենց Պորտուգալիային եւ այս խաղում ռեւանշի հասնել չկարողացան:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

 

 

 

111-Ի ՓՈԽԱՐԵՆ 42-Ը
Երեւանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաեւ փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս եւ 101 տրոլեյբուս: Ավտոբուսների թվում ներառված են նաեւ պահուստային միջոցները, որոնք ընդհանուրի 15 տոկոսն են կազմում: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաեւ ցանցի երկարությունը: Սա չի նշանակում, թե նվազելու է ծածկույթը, պարզապես կպակասեն կրկնվող գծերը, որի շնորհիվ հնարավորություն կլինի ցանցի կիրառման եւ շահագործման ընթացքում լուրջ խնայողություններ անել, ինչը էապես կթեթեւացնի սակագնային բեռը: «Սա ծանր բեռ ու մեծ պատասխանատվություն է, որն իրենց ուսերին կրում են պետությունն ու Երեւան համայնքը: Հուսով ենք, որ ցանցը գործարկելու ժամկետը չի գերազանցի երկու տարին»,- ընդգծել է Հայկ Մարությանը:




Լրահոս