Մալաթիայում սպանության հեղինակը 23-ամյա երիտասարդ է եղել. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում շարունակվում է Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019 թվականի հոկտեմբերի 09-ին՝ ժամը 21:10-ին, ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ: Նույն օրը՝ ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից այն մասին, որ հրազենային վնասվածքներով Երևան քաղաքի Հարավարևմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, որի շրջանակներում ձեռնարկված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել էր տուժողի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին:

Մշակվել է քննչական պլան, առաջ են քաշվել աշխատանքային վարկածներ, որոնց ստուգելու ուղղությամբ կատարված մեծածավալ գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել` ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996 թվականին:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:

Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին:




Լրահոս