Սահմանադրական դատարանը մերժեց ԱԺ-ի` Հրայր Թովմասյանի վերաբերյալ դիմումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ սահմանադրական դատարանը որոշում է կայացրել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել։

Սահմանադրական դատարանը նման որոշում է կայացրել հոկտեմբերի 14-ին տեղի ունեցած աշխատակարգային նիստում: Սահմանադրական դատարանի աշխատակարգային որոշումը կհրապարակվի օրենքով սահմանված ժամկետներում։

ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմաբկցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հիշեցնենք՝ Ժողովուրդ օրաթերթը գրել էր, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը, եթե Սահմանադրական դատարանը մերժի ընդունել իրենց որոշումը եւ չդադարեցնի Հրայր Թովմասյանի լիազորությունները: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքել էր, թե քայլերը շատ են. «Դե, ես շատ քայլեր ունեմ իմ մտքում, բայց պիտի հասկանանք` հիմա պրոցեսը ինչ պիտի լինի: Մենք, ընդհանրապես, որեւէ բան որ անում ենք, իրավական կարգավորումների շրջանակում է, բացառվում է իրավական կարգավորումների շրջանակից դուրս որեւէ քայլ ցանկացած հարցի պարագայում»:

Նշենք, որ Սահմանադրական դատարանի մասին օրենքի համաձայն` դիմումը քննության ընդունելու պահից Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները կասեցվում են մինչեւ դատաքննության ավարտը: Հետևաբար այդ սցենարի դեպքում Հրայր Թովմասյանը իր լիազորությունների դադարեցման հարցի քննարկմանը չի մասնակցի: Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունների դադարեցման համար անհրաժեշտ են դատարանի առնվազն 6 դատավորների կողմ ձայները: Դատարանը ունի 9 անդամ` ներառյալ Հրայր Թովմասյանը:




Լրահոս