«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Անդրանիկի փողոցում 29-ամյա երիտասարդի սպանությունը կապված է գումարի պարտք ու պահանջի հետ, եւ ներկայումս իրավապահները փնտրում են սպանություն կատարողին:
Հիշեցնենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 09-ին` ժամը 21:10-ին, ահազանգ էր ստացվել, որ Երեւան քաղաքի ՀԱ թաղամասի Անդրանիկի փողոցի շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ:
Նույն օրը` ժամը 22:15-ին, ահազանգ է ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից, որ հրազենային վնասվածքներով Երեւան քաղաքի Հարավարեւմտյան թաղամասից իրենց մոտ է տեղափոխվել անհայտ տղամարդու դի:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները Երեւան քաղաքի Հարավարեւմտյան թաղամասում կատարել են անհետաձգելի մի շարք քննչական գործողություններ` հարցաքննություններ, դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 4 հատ պարկուճ եւ 1 գնդակ, արնանման հետքեր, վերցվել են փորձանմուշներ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է տուժածի ինքնությունը, որը Երեւան քաղաքի բնակիչ է` ծնված 1990 թվականին:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, որոշում է կայացվել` քննչական խումբ կազմելու մասին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։