ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է 22-ամյա երիտասարդի սպանության, ևս երկու անձի հրազենային մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել 23-ամյա երիտասարդին։ Ինչպես հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, քննվող քրեական գործով իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ՝ դեպքի վայրը, շարժառիթը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1996թ.:
Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երևան քաղաքի 23-ամյա բնակիչն իր ընկերոջ հետ, վերջինիս պատկանող ավտոմեքենայով, 2019թ. ապրիլի 14-ին՝ ժամը 18:00-ից 20:00-ն ընկած ժամանակահատվածում, հանդիպել է իր վաղեմի ծանոթ Մուշեղ Ղևոնդյանին: Զրույցի ընթացքում նրանց միջև վիճաբանություն է առաջացել՝ կարմիր բաճկոն հագնելու շուրջ, որի ժամանակ 23-ամյա երիտասարդը ծեծի է ենթարկել Մ.Ղևոնդյանին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Քննությամբ պարզվել է, որ դրանից հետո՝ 2019 թվականի ապրիլի 15-ին՝ ժամը 21:00-ից 21:30-նն ընկած ժամանակահատվածում, 23-ամյա երիտասարդը կարմիր բաճկոն հագնելու հետ կապված հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Մուշեղ Ղևոնդյանի ծեծի ենթարկելու կապակցությամբ պարզաբանում կատարելու համար դարձյալ հանդիպել է վերջինիս և նրա երկու ընկերների հետ:
Հանդիպման ժամանակ 23-ամյա երիտասարդը, վրեժ լուծելու չնչին առիթով, երկու և ավելի անձանց՝ Մուշեղ Ղևոնդյանին և վերջինիս երկու ընկերներին, ապօրինաբար կյանքից զրկելու ուղղակի դիտավորությամբ, իր կողմից ապօրինի կերպով ձեռք բերված և կրվող 7.62 մմ տրամաչափի հրազեն հանդիսացող ատրճանակից մոտ տարածությունից դիտավորությամբ 2 կրակոց արձակել է Մ.Ղևոնդյանի ընկերներից մեկի և 1 կրակոց մյուսի ուղղությամբ, որից հետո նույն հրազենով մեկ կրակոց է արձակել «BMW» 318 մակնիշի ավտոմեքենայի հետևամասում գտնվող Մուշեղ Ղևոնդյանի ուղղությամբ՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի՝ հրազենային, գնդակային կույր վիրավորում, իսկ վերջինիս ընկերներից մեկի առողջությանը պատճառել միջին, մյուսին՝ ծանր վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 23-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան: