Սոցիալական գովազդն ազատում են հարկերից, բայց պայման կա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սոցիալական գովազդը կազատվի հարկումից: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս մասով վերահսկողություն կիրականացնի ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը:

Բայց գովազդակիրը պետք է գովազդի տեղադրման ժամկետների վերաբերյալ տեղեկությունը ներկայացնի ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն եւ պետական եկամուտների կոմիտե:

Ըստ մասնագետների` Հայաստանում սոցիալական գովազդի ինստիտուտը, որպես այդպիսին, կայացած չէ: Բացի այս, նկատենք, որ դրա պատրաստման բոլոր ծախսերը պատվիրատուն է հոգում,մինչդեռ որպես պատվիրատու այս դեպքում կարող է եւ պետությունը լինել: Չնայած սրան` գերատեսչությունները յուրաքանչյուր տարի միլիոններ են ստանում սոցիալական գովազդներ պատրաստելու եւ այն հեռարձակելու համար:

Այսպես, մեզ հայտնի դարձավ, որ «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է ավտոմոբիլային ճանապարհների վրա տեղադրված գովազդային վահանակների վրա տեղադրված սոցիալական գովազդը ազատել հարկումից, իսկ դատարկ վահանակների եւ գովազդակիր ընկերության սեփական գովազդի մասով ճանապարհային հարկի դրույքաչափերը համապատասխանեցնել համայնքներում տեդադրվող գովազդի համար վճարվող տեղական տուրքի դրույքաչափերին:

Այսպես, միջպետական, հանրապետական եւ մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին, ինչպես նաեւ այդ ճանապարհների օտարման շերտերում եւ պաշտպանական գոտիներում տեղադրվող գովազդային վահանակին սոցիալական գովազդ տեղադրելու դեպքում տեղադրվող գովազդային վահանակի մակերեսի յուրաքանչյուր քառակուսիմետրը կկազմի 0 դրամ:

Բացի այս, առաջիկայում հնարավոր է` սահմանվի նորմ, որի համաձայն` կառավարությունը կհաստատի ապօրինի կամ օրենքի խախտմամբ տեղադրված գովազդային վահանակի ապամոնտաժման կարգը:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս