Իջեւանի բժշկական կենտրոնի 115 աշխատողներից շուրջ 90-ը գրավոր դիմել է Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանին` հայտնելով, որ Վազգեն Մարգարյանն Իջեւանի ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար աշխատելու ընթացքում այդ ԲԿ-ում արձանագրվել է վճարովի ծառայություններից առաջացած եկամուտների մեծ աճ, հիվանդանոցն աշխատում է թափանցիկ, կոռուպցիոն գործընթացները վերացել են, ԲԿ-ն ձեռք է բերել էնդոսկոպիկ սարքավորումներ, որոնք բարելավել են մատուցվող ծառայություների որակը, աշխատողների աշխատավարձի ֆոնդն ավելացել է:
ԲԿ-ի աշխատողները մարզպետին հայտնել են, որ Վ. Մարգարյանը կարող է ԲԿ-ն հաջողությամբ ղեկավարել: Վազգեն Մարգարյանը Ժողովրդին ասաց` մարզի ոչ մի ԲԿ չի կարող ապահովել իրենց հիվանդանոցի ունեցած եկամուտների անգամ կեսը:
Նա հայտնեց, որ հոկտեմբերի 1-ին Տավուշի մարզպետարանում կայացած, Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու մրցույթի ընթացքում իրեն տրվել են հարցեր, որոնք չեն եղել իրեն նախօրոք տրված հարցաշարում, որի պատճառով ինքը դուրս է եկել մրցույթից, բողոքարկել այն:Նա ասաց, որ մրցութային հանձնաժողովի ղեկավարը եղել է Տավուշի մարզպետի խորհրդական Արբակ Գրիգորյանը, մինչդեռ նախկինում ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցութային հանձնաժողովի նախագահը կա՛մ մարզպետն էր լինում, կա՛մ նրա տեղակալը, կա՛մ մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը, նույնիսկ մարզպետարանի առողջապահության վարչության պետը երբեւէ մրցութային հանձնաժողովի նախագահ չի եղել` էլ չասելով մարզպետի խորհրդականի մասին: Արբակ Գրիգորյանի մասին Վազգեն Մարգարյանն ասաց`նա Հայաստանում կրթությունչի ստացել, համապատասխան լիզենզիաներ չունի, քաղաքացիական ծառայության մասին օրենքին անտեղյակ մարդ է. սովորել է Ռուսատանում, Հայաստանում մի քանի կլինիկաներում աշխատել է, իրենք ներքին կարգով պարզել են, որ նա Հայաստանի ոչ մի առողջապահական հիմնարկում չի աշխատել:
Վ. Մարգարյանն ասաց, որ նախկինում մարզպետարանի աշխատողները Իջեւանի ԲԿ-ում ներքին աուդիտ են արել, սակայն խախտումներ չեն հայտնաբերել, ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատողներն են Իջեւանի ԲԿ-ում ստուգումներ կատարել, սակայն իրավախախտումներ չեն արձանագրել եւ իրեն շնորհակալություն են հայտնել բարեխիղճ աշխատանքի համար: Նա Տավուշի մարզպետ Հ. Չոբանյանի կողմից իրեն հայտարարված նկատողությունը համարեց անհիմն:
Վ. Մարգարյանը հայտնեց, որ հոկտեմբերի 1-ի մրցույթում իր մրցակից, Բերդի զինվորական հոսպիտալի նախկին պետ Էդուարդ Գրիգորյանի նկատմամբ նախկինում 3 քրեական գործ է հարուցվել: Նա ասաց, որ առաջիկայում` 45-60 օրվա ընթացքում, կանցկացվի Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթ, ինքը կմասնակցի դրան, հաղթելուց հետո եթե տեսնի վերադասի կողմից իր հանդեպ անվստահություն, ինքնակամ դիմում կգրի եւ կհեռանա այդ պաշտոնից:
Ոսկան Սարգսյան
Տավուշ