Հուլիսի 22-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի նյութերի հիման վրա, ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնակատարի որոշմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ.-ն ներգրավվել է որպես մեղադրյալ:
Իսկ ի՞նչ է պարզել ԱԱԾ-ն
Տվյալներ են ձեռք բերվել, որ ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը ծանրացուցիչ հանգամանքներում ավազակություն կատարելու համար 2013 թվականին 10 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված եւ համապատասխան քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող Գ. Գ.-ին, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցի հետ կապված, իր պաշտոնեական դիրքի օգտագործմամբ նշված դատավարական գործընթացին միջամտելու, այն է` դատապարտյալի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագրի քննարկման ընթացքում տվյալ վարույթին մասնակցող դատախազի կողմից դա չառարկելու, դատարանի կողմից պատժից պայմանական վաղաժամկետ ազատելու վերաբերյալ միջնորդագիրը բավարարելու դեպքում այն չբողոքարկելու եւ, դրանով պայմանավորված, դատապարտյալի համար ցանկալի արդյունքի ապահովմանը նպաստելու համար դատապարտյալի մտերիմ անձից 2019 թվականի հունիս ամսին պահանջել, ապա մաս-մաս ստացել է խոշոր չափերով կաշառք: Գլխավոր դատախազի պաշտոնակատարի հրամանով` ավագ դատախազ Լ. Կ. -ի պաշտոնավարումը կասեցվել է: Վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել Երեւանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Նախաքննությունը շարունակվում է:
Ո՞վ է Գ.Գ.-ն
«Ժողովուրդ» օրաթերթին ԱԱԾ-ի այս բացահայտումից մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես` որ դատապարտյալին է ցանկացել ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը պայմանական շուտ ազատել եւ նրա համար ցանկալի արդյունք ապահովել: Այսպիսով, ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգը, համադրելով իրավապահների ներկայացրած տվյալները` Գ.Գ.-ն, ամենայն հավանականությամբ, Գուրգեն Գալստյանն է, որի մասով քրեական գործը Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է մտել 2012 թվականի օգոստոսի 30-ին: Իրավապահները Գուրգեն Գալստյանին մեղադրանք են առաջադրել, որ նա 2009թ.-ի նոյեմբերի 3-ին` ժամը 02:00-ի սահմաններում, ավազակային հարձակում կատարելու եւ ուրիշի գույքը հափշտակելու նպատակով նախնական համաձայնության է եկել Մանուկ Մանուկյանի, Արսեն Գրիգորյանի, Ռոմեն Բարսեղյանի եւ Անուշավան Սահակյանի հետ, եւ իր «Ռենո» մակնիշի ավտոմեքենայով մեկնել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամաս: Այնտեղ Ռոմեն Բարսեղյանը սպասել է ավտոմեքենայում, հսկել տարածքը, իսկ ինքը, Անուշավան Սահակյանը, Մանուկ Մանուկյանը եւ Արսեն Գրիգորյանը` դանակով, 9 մմ տրամաչափի «ATMAGA-2004-LIGHT» տեսակի գազային ատրճանակով զինված եւ դիմակավորված, կոտրել են Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասի Մ. Մաշտոց փողոցի 32 հասցեում գտնվող տան դուռը, ապօրինի մուտք են գործել բնակարան եւ տանը քնած ամուսիններ Փորսոր Արջամի Նավոյանի եւ Մոսկով Սաբրիի Ռավոյանի ձեռքերն ու ոտքերը կապելով, վերջիններիս կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` հարվածներ են հասցրել նրանց մարմնի տարբեր մասերին: Այս ամենի հետեւանքով Մոսկով Ռավոյանի առողջությանը պատճառել են ծանր վնաս, հափշտակել խոշոր չափի` 908 հազար դրամին համարժեք 1600 եվրո, 10000 ՀՀ դրամ, մեկ հատ 25000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոս ու դիմել փախուստի: Այսինքն` Գուրգեն Գասպարյանը մեղադրվում է ՀՀ քր.օր-ի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (ավազակային հարձակում) նախատեսված արարքի կատարման համար: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2013 օգոստոսի 22-ին ամբաստանյալ Գուրգեն Գասպարյանին մեղավոր է ճանաչել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության կատարման համար եւ այդ հոդվածի սանկցիայով դատապարտել ազատազրկման` 10 տարի ժամկետով, առանց գույքի բռնագրավման: Նկատենք, որ Գուրգեն Գասպարյանն իր դեմ կայացրած վճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ եւ ՀՀ վճռաբեկ դատարան, բայց որոշումը մնացել է անփոփոխ:
Գլխավոր դատախազի հայտարարությունից 2 ամիս անց
Սակայն այս պատմության մեջ երկու ուշագրավ հանգամանք կա: Ըստ օրենքի` դատախազների նկատմամբ քրեական հետապնդումը հարուցում է ՀՀ գլխավոր դատախազը, սակայն դատելով իրավիճակից` ԱԱԾ-ն այնպիսի նյութեր է, այնպիսի ապացույցներ է ներակայացրել ՀՀ գլխավոր դատախազությանը, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնակատարին այլ ելք չի մնացել, քան խոշոր չափերով կաշառք ստանալու համար ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազ Լ. Կ.-ին ներգրավել որպես մեղադրյալ:
Ուշագրավ հանգամանք
Դեռեւս 2019 թվականի մայիսի 10-ին ԱԺ-ում «2018 թվականին դատախազության գործունեության մասին» հաշվետվության քննարկման ժամանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին, հայտնել էր, որ այսօր Հայաստանի դատախազության համակարգում կոռուպցիոն բաղադրիչ չկա:
Ընդ որում, նա հիշեցրել էր, որ «երկրի վրա սրբեր չկան եւ դատախազները նույնպես սուրբ չեն», բայց կրկին հավաստիացրել` իր գլխավորած կառույցում կոռուպցիոն բաղադրիչ չկա: Իհարկե, երկրի վրա «սրբեր չկան եւ դատախազները նույնպես սուրբ չեն», բայց կաշառք վերցնողը մարզային դատախազ չէ, որ, օրինակ, ասենք, թե գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը չէր կարող վերահսկել մարզի դատախազի գործունեությունը կամ նրա հնարավոր քայլերը: Այս դեպքում կաշառքը ստացել է, ըստ նախաքննական մարմնի, ՀՀ գլխավոր դատախազության վարչության ավագ դատախազը: Ստացվում է, որ գլխավոր դատախազի քթի տակ կաշառք են ստացել, եւ նա, մեղմ ասած, իրավիճակին չի տիրապետել, եւ ԱԱԾ-ի այս բացահայտումը, ոչ ավել, ոչ պակաս, անհարմար իրավիճակի մեջ է գցել ՀՀ գլխավոր դատախազությանը:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿՌՎԻ ՊԱՏՃԱՌԸ
2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Վոլոդյա Գալոյանին գտել էին մահացած: Ավելի ուշ նախաքննական մարմինը հայտնեց դեպքի մանրամասները, որ վերոնշյալ օրը ժամկետային զինծառայող Գալոյանը իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել: Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վոլոդյա Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո` 2019թ. հուլիսի 24-ին` ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ հայտնաբերվել է վերջինիս դին:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով («Ինքնասպանության հասցնելը») նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: ArmLur.am-ը գրել է, որ Վոլոդյա Գալոյանը դիրքի ավագի հետ խնդիր է ունեցել, մեկ թեմայի շուրջ լուրջ վիճել են, եւ դա է եղել պատճառը, որ նա կրակել է դիրքի ավագի վրա, բայց գնդակը չի կպել դիրքի ավագին, որից հետո էլ զինվորին գտել են մահացած: Իսկ ի՞նչ խնդիր է ունեցել ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանը դիրքի ավագի հետ:
«Ժողովուրդ» օրաթերթին զինվորի մահվանից առաջ տեղի ունեցած միջադեպի դրդապատճառների մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեզ հասած լուրերի համաձայն` իրավապահ մարմինները ներկայումս ունեն տվյալներ, որ զինվորներին դիտորդ դիրք բարձրանալուց առաջ դիրքի ավագը նկատել է, որ ժամկետային զինծառայող Վոլոդյա Գալոյանի գրպանը ուռած է: Դիրքի ավագը ժամկետային զինծառայողին հարցրել է, թե ինչու է գրպանն ուռած, ինչ կա մեջը: Զինվոր Գալոյանը պատասխանել է, թե զինգրքույկն է: Դիրքի ավագը նրան ասել է, որ գրպանը դատարկի, եւ այդ դատարկելու ժամանակ զինվորի գրպանից հանել է հեռախոս, որից հետո էլ սկսվել է վիճաբանություն: Դիրքի ավագը զինվոր Գալոյանից բացատրություն է պահանջել, թե ինչու է խաբում, որ ինքը հազար անգամ ասել է` դիրք դիտորդ բարձրանալու ժամանակ հեռախոս չի թույլատրվում, ինչու է վերցրել: Ըստ իրավապահների ձեռքի տակ հայտնված տվյալների` այդ խոսակցության ժամանակ դիրքի ավագը ապտակել է զինվոր Գալոյանին: Վերջինս, միգուցե դիրքի ավագի այդ քայլից ու խոսքերից վրդովված, կրակել է դիրքի ավագի ուղղությամբ, սակայն գնդակը չի դիպչել ավագին, եւ նա կարողացել է փախչել:
Այս դեպքից հետո ժամկետային զինծառայողին արդեն գտել են մահացած: Նկատենք, որ իրավապահները արձանագրել են, որ զինվորը դիրքից դուրս է եկել, 50 մետր գնացել է եւ հակառակորդի դիրքում իրեն մահացու հրազենային վիրավորում հասցրել: Որքանով են իրավապահների ձեռքում հայտնված այս տվյալները հավաստի` ցույց կտա տարվող քննությունը, սակայն եթե անգամ դա է դեպքի իրական պատճառը, ապա ցավալի է, որ մեկ հեռախոսի պատճառով 7 ամսվա զինծառայողը իր կյանքին վերջ տվեց:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՊԱՏՎԻՐՎԱԾ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է: Այս մասին ասել է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը` հավելելով, որ կա պատվեր, կա կատարող: «Շուտով մենք հանրությանը կներկայացնենք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- ասել է ոստիկանապետը` հավելելով, որ առայժմ փակագծեր չի բացելու: Իջեւանում օրեր առաջ տեղի ունեցածի մասին ոստիկանապետն ասել է, որ անկարգություն ու խուլիգանություն էր: «Մեր նպատակն է նրանց հայտնաբերել եւ օրենքի ամբողջ խստությամբ պատասխանատվության ենթարկել»,- ասել է նա: Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումներին, ոստիկանապետը հայտարարել է, որ ոստիկանությունը սկզբունքային է լինելու` այլեւս թույլ չտալով ապօրինի ծառահատումներ Իջեւանում եւ հանրապետության այլ տարածքներում: Դիտարկմանը` ապօրինի ծառահատումների հետեւում կանգնած են օլիգարխներ, այլ ոչ թե Իջեւանի ցուցարարները, Օսիպյանն արձագանքել է. «Ոստիկանությունը համապատասխան աշխատանքներ է տանում, մենք տեսադաշտում ունենք անձինք, որոնց նկատմամբ օպերատիվ գործողություններ են իրականացվում: Մենք ունենք ենթադրյալ կասկածյալ, բայց պետք է ունենանք հիմնավորումներ»:
ԽՈՇՈՐ ԱՎՏՈՎԹԱՐ
Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում. Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին` Վանաձոր քաղաքի վերջնամասում, բախվել են Moskvich-ն ու Ford Transit-ը: Բախման հետեւանքով Ford Transit-ը կորցրել է կառավարումն ու բախվել հաստաբուն ծառին: Վթարի հետեւանքով երկու մեքենաների վարորդները տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց: