Այս տարի եւս հայերի մեծ մասն իր հանգիստը նախընտրում է անցկացնել արտերկրում: Մեր հայրենակիցներն ավելի շատ ոչ թե կոնկրետ երկիր են նախընտրում գնալ, այլ այնպիսի վայր, որն ավելի մատչելի է:
«Ժողովուրդ» օրաթերթի փոքրիկ հարցախույզի արդյունքում պարզ դարձավ, որ այս տարի հայերն ավելի շատ մեկնել են Եգիպտոս, Քոբուլեթի, Հունաստան: Բնականաբար այնպիսի վայրեր, որտեղ կա ծովափնյա հանգստի հնարավորություն: Տուրիստական ընկերությունից մեզ տեղեկացրեցին, որ հունիս ամսին ամենից պահանջված են եղել համակցված փաթեթները, երբ հնարավոր էր միանգամից մի քանի երկիր գնալ, իսկ հուլիսին էլ պահանջված է եղել Եգիպտոսը:
«Արարատ տուր» ընկերությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ այս տարի շատերի մոտ Քոբուլեթին փոխարինվել է Եգիպտոսով: Բայց քիչ չեն նաեւ մարդիկ, որոնք այս տարի իրենց հանգիստը անցկացրել են կամ ծրագրել են անցկացնել Իսպանիայում` Բարսելոնայում: Հունաստան մեկնողները եւս քիչ չեն: Տուրընկերությունից նշեցին, որ հայերը վերջերս սկսել են նախընտրել նաեւ էկզոտիկ երկրները, իսկ նման երկրներ մեկնելու ամենահարմար ժամանակահատվածը սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներն են:
«Կադր գրուպ» տուրընկերությունից մեզ հայտնեցին նաեւ, որ ե՛ւ անցած տարի, ե՛ւ այս տարի դեպի Վրաստան մեկնողների թիվը շատ է: «Բայց ավելի աճել է դեպի Եգիպտոս մեկնողների թիվը: Դեպի Հունաստան մեկնողները եւս ավելացել են: Քանի որ չարթերային թռիչքները ներմուծվել են Հայաստանի օդային ուղեւորափոխադրման ոլորտ, դրանք հնարավորություն են տալիս ավելի էժան գնով ավիատոմսեր ձեռք բերել: Սա է պատճառը, որ այս տարի Եգիպտոսում ամառային արձակուրդն անցկացնելը էժան է»,- ներկայացրին «Կադր գրուպ» ընկերությունից:
Բայց մեր հայրենակիցների փոքր տոկոսն է կարողանում իր հանգիստն անցկացնել եվրոպական երկրներում: Ինչպես հայտնի է, սեզոնային գործոնով պայմանավորված` Հայստանում ամեն տարի ավիատոմսերի գները շեշտակի բարձրանում են, իսկ դեպի եվրոպական երկրներ` առավել եւս: Ըստ տուրօպերատորների` ամբողջ աշխարհում այս ամիսներին թանկանում են ավիատոմսերը:
Վաղուց արդեն գաղտնիք չէ, որ Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանով դեպի Փարիզ, Բարսելոնա կամ այլ եվրոպական երկրներ ավիատոմսերը բավականին թանկ են վաճառվում: Եւ շատերը սեզոնին այդ երկրներ նախընտրում են մեկնել Թբիլիսիով կամ Մինսկի օդանավակայանով, քանի որ տարբերակը մատչելի է ու ձեռնտու:
Օրինակ` Երեւանից դեպի Բարսելոնա մեկ անձի համար ավիատոմսի արժեքը օգոստոսի 12-ից մինչեւ 26 ընկած ժամանակահատվածի համար արժե 600 եվրո, իսկ, ահա, նույն ժամանակահատվածի համար, բայց Թբիլիսիի օդանավակայանով, այն 140 եվրոյով մատչելի է` մեկ անձի համար` 460 եվրո: Անգամ եթե հաշվարկենք դեպի Թբիլիսի գնալ-գալը, ապա, միեւնույնն է, սա ձեռնտու տարբերակ է: Նկատենք, որ սեպտեմբերի սկզբին այն փոքր-ինչ էժանանում է, իհարկե Թբիլիսիով: Երեւանից էժանանում է, բայց չնչին:
Մասնագետների խոսքերով` աշնան ու ձմռան ամիսներին ուղեւորահոսքը նվազում է, եւ ավիաընկերությունները տեղափոխում են քիչ քանակի ուղեւորներ, դրա համար վնասներ են կրում: Իսկ սեզոնին, երբ ուղեւորաշրջանառությունը մեծանում է, նրանք, առիթից օգտվելով, ավիատոմսերի գները բարձրացնում են, որպեսզի կարողանան բալանսի բերել եկամուտները:
Բայց, մյուս կողմից, այս սեզոնին տուրընկերությունները մարդկանց հիմնականում առաջարկում են տուրփաթեթներ, որի մեջ ներառված են հյուրանոցում հանգիստը, սնունդը եւ այլն: Օրինակ տուրօպերատորներից մի քանիսը դեպի Խալկիդիկի ուղեւորությունը 9 գիշեր եւ 10 օրը 4 աստղանի հյուրանոցում մեկ անձի համար առաջարկում են 1190 եվրոյին համարժեք դրամ: Այս գնի մեջ ներառված են երկանգամյա սնունդը, դիմավորում- ճանապարհում, վիզայի աջակցություն:
Իսկ, ահա, Եգիպտոսում յոթօրյա հանգիստ կարելի է անցկացնել 180-200 հազար դրամով: Դեպի Հուրգադա տուրփաթեթների արժեքը սկսում է 455 դոլարից մինչեւ 690 դոլար (տարբեր հյուրանոց տարբեր գին է առաջարկում): Բայց, արի ու տես, այս տարի շատերի բախտը Եգիպտոսի հարցում այնպես չէ, որ բերել է: Արդեն մի քանի օր է` Եգիպտոսի ուղեգրեր ունեցող քաղաքացիները դժգոհում են. երեկ նրանք անգամ բողոքի ակցիա իրականացրին տոմսերը վաճառած ընկերության մոտ չվերթների չեղարկման պատճառով: Մոտ 100 քաղաքացիներ չվերթի չեղարկման պատճառով մնացել են Հուրգադայում, իսկ նախօրեին հաղորդվել էր, որ չեղարկվել է Շարմ էլ Շեյխ-Երեւան չվերթը, ինչի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ չէին կարողացել վերադառնալ, բազմաթիվ քաղաքացիներ չէին կարողացել նաեւ մեկնել: Անգամ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարարություն տարածեց , որ մշտական կապի մեջ է այդ 100 քաղաքացիների, ինչպես նաեւ փոխադրող ընկերության հետ եւ ձեռնարկում է բոլոր հնարավոր քայլերը խնդիրը կարգավորելու համար:
ՈՒՐԻՇԻ ՀԱՇՎԻՆ ՓԻԱՌՎԵԼՈՒ ՏԱՐԲԵՐԱԿ
Երեկ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարություն տարածեց այն մասին, որ «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ին մատակարարվել է անորակ սնունդ (միս): Բայց թե իրականում ով կամ ում կողմից է բացահայտվել, որ միսն անորակ է եղել, նախարարության տեքստում ոչինչ չկա նշված: Չմոռանանք նշել, որ մանկատանը միս մատակարարել է «Ֆոտոն» ՍՊԸ-ն հուլիսի 23-ին: Պարզվում է, որ 40 կգ միսը մատակարարվել է սառնարանային պայմաններ չունեցող մեքենայով:
Այսպես, ըստ այդ հայտարարության` անորակ մսի մատակարարման մասին պարզ է դարձել նախարարության ներքին աուդիտի բաժնի իրականացրած ստուգումների արդյունքում, այնինչ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ մսի մատակարարման ժամանակ նախարարության ներկայացուցիչներից եւ որեւէ մեկը ներկա չի եղել: Նրանք, ինչպես ասում են, դեպքի վայր են ժամանել ուշացած` հաջորդ օրը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հուլիսի 23-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի հրամանով` մանկատանն իրականացվել են դիտարկումներ, որոնք ավարտվել են հուլիսի 24-ին: Եւ հենց այդ ժամանակահատվածում է, որ բացահայտվել է անորակ մսի առկայության փաստը:
«Ժողովուրդ»» օրաթերթը կապ հաստատեց Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզային կենտրոնի գլխավոր մասնագետ, տեսուչ Հովհաննես Սահակյանի հետ, որն ասաց. «Սնունդ ստանալիս մանկատան տնօրենը կապ է հաստատել ինձ հետ եւ տեղեկացրել, որ մատակարարված մսի գույնը, հոտը դուր չի գալիս իրեն: Խնդրեց մոտենալ, ստուգել այն: Մանկատան տնօրենը սննդի հարցում շատ ուշադիր է, համագործակցում է մեզ հետ: Գնացի միսը տեսելու, այնտեղ նախարարությունից որեւէ մեկը ներկա չէր»: Մեր զրուցակցից տեղեկացանք, որ ինքը մսից նմուշառում է վերցրել եւ ուղարկել լաբորատոր փորձաքննության: Այսքանը այն մասին, թե ով եւ ինչպես է բացահայտել մանկատուն մատակարարված անորակ մսի մասին:
Բայց «փրկիչները»` այս դեպքում նախարարության ներքին աուդիտի աշխատողները, մանկատուն այցելել են հուլիսի 24-ին` մսի մատակարարման հաջորդ օրը: Եւ նրանք, լսելով մսի հետ կապված պատմության մասին, ՍԱՏՄ տեսուչից լուսանկարներ են պահանջել: Իսկ, ահա, երեկ լուսանկարն ու մսի պատմությունը հայտարարության տեսքով տարածել են լրատվամիջոցներով, որտեղ ոչ մի խոսք անգամ չկա ՍԱՏՄ-ի գործունեության ու բացահայտման մասին: Ասել է թե` ուրիշի կատարած գործը անազնիվ կերպով վերագրել են իրենց, իբր, իրենք են եկել ու բացահայտել:
Մեր այն հարցին՝ ինչու պաշտոնական հայտարարության մեջ նշված չէ ՍԱՏՄ աշխատանքի մասին, Սոցապ նախարարությունից փոխանցեցին. «Ավելացնելու ոչինչ չունենք. ինչ գրվել է պաշտոնական հայտարարության մեջ, դա է։ Դա առաջինն արձանագրել է մանկատան տնօրենը»։
Հ.Գ. Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը միսը ձեռք է բերել Գումի շուկայից եւ այն մատակարարել մանկատուն: Հուսանք` այս հրապարակումից հետո գոնե «Գումի» շուկան կհայտնվի ՍԱՏՄ-ի տեսադաշտում:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՓԱՅՏԸ ՆԵԽՈՒՄ Է
Երբ իրավապահները Սեւանա լճից ապօրինի որսած սիգ են հայտնաբերում, սիգը չեն թափում կամ հորում, այն հանձնում են մանկատներին, մանկապարտեզներին: Տավուշի մարզում բռնագրավված ապօրինի փայտանյութը կուտակում, թափում են «Հայանտառ» ՊՈԱԿ «Իջեւանի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում, փայտը մի քանի տարի անց արեւի, անձրեւների, ձյան ազդեցությունից փտում է: Խնդրի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար «Ժողովուրդը» դիմեց Իջեւանի անտառտնտեսություն:
Անտառտնտեսությունից հայտնեցին, որ իրենց անտառտնտեսության տարածքը հանդիսանում է փայտանյութի պահեստարան, այդտեղ կուտակվում են Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հայտնաբերված, բռնագրավված ապօրինի ձեռք բերված փայատանյութը: Անտառտնտեսությունից հայտնեցին, որ այդ փայտանյութի խմբաքանակները հարուցված քրեական գործերի քննության, այդ կապակցությամբ ընթացող դատավարությունների ընթացքում հանդիսանում են իրեղեն ապացույցներ:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին, թե այդ քրեական գործերի, դատավարությունների ավարտից հետո այդ փայտանյութը ինչու չի հանձնվում մանկապարտեզներ, դպրոցներ, մանկատներ, ինչպես արվում է բռնագանձված որսի դեպքում, անտառտնտեսությունից դժվարացան պատասխանել՝ ասելով, թե հարցն իրենց իրավասության շրջանակներում չէ, իրենք չեն կարող այդ խնդրով որոշում կայացնել:
ԵՐԿՈՒ ՊԱՇՏՈՆՅԱ ԱԶԱՏՎԵԼ ԵՆ
Փայտի բիզնեսով զբաղվողների բողոքի գործողություններից, ոստիկանության հետ բախումներից հետո Իջեւան քաղաքում կադրային որոշ փոփոխություններ են կատարվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ պաշտոնից ազատվել է ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ավետիսյանը: Նա ուղարկվել է ոստիկանության կադրերի ռեզերվ: Իր սեփական դիմումի համաձայն` պաշտոնից ազատվել է ՀՀ շրջակա միջավայրի պահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի պետ Վահագն Առաքելյանը, թեեւ այդ նախարարության ինտերնետային կայքում դեռեւս որպես Տավուշի տարածքային բաժնի պետ նշված է Վահագն Առաքելյանի անունը:
Վ. Առաքելյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ իր` աշխատանքից դուրս գալը կապ չունի Տավուշի մարզում կատարված ապօրինի ծառահատումների հետ` չհայտնելով, թե ինչու է այդ դեպքում ինքնակամ թողել պաշտոնը: Նշենք, որ Վ. Առաքելյանը նախկինում տարբեր պաշտոններ է զբաղեցրել, եղել է նաեւ զբաղվածության Իջեւանի տարածքային կենտրոնի տնօրենը:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ