ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է բուռն քննարկումները «Կուսակցությունների մասին» օրենքի շուրջ: Ինչպես հայտնի է, «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու համար ստեղծվել էր Ընտրական բարեփոխումների աշխատանքային խումբ, որը համակարգում էր ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը: Եվ հոկտեմբերի 18-ին խորհրդարանում այդ թեմայով տեղի ունեցած խորհրդարանական լսումները հենց նպատակ են ունեցել ամփոփել տարբեր հանդիպումների հետեւանքով ունեցածը, եւ սկսվելու է արդեն բուն նախագծի վրա աշխատանքները` ամփոփելով հասարակական սեկտորից, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերից ստացված առաջարկները:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ աշխատանքային խմբի անդամները` ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանի գլխավորությամբ, նպատակ ունեն «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը պատրաստել մինչեւ տարեվերջ, որպեսզի կարողանան հասցնել ընդունել, իսկ, ահա, Ընտրական օրենսգրքի հետ կապված աշխատանքները մի փոքր կձգձգվեն, քանի որ առավել լայն աշխատանքներ են կատարվելու, եւ օրենքը գրեթե ամբողջովին փոփոխվելու է, որը կարճ ժամանակահատվածում անիրականանալի են համարել: Եվ այդ ամենը հաշվի առնելով` որոշում է կայացվել նախագծի աշխատանքներն ավարտել ավելի ուշ:
Եվ, ահա, «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու աշխատանքների հետ կապված` «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, մեր տեղեկություններով` համակարգող խումբը եւհատկապես իշխանական թեւի ներկայացուցիչները նպատակ ունեն ստեղծել նոր համակարգ եւ բարձրացնել կուսակցական գործունեության հաշվետվողականությունը եւ թափանցիկությունը: Խոսքը քաղաքական կուսակցությունների ֆինանսավորմանն է վերաբերում:
Բացի հաշվետվողականության բարձրացումից իշխանական թեւի ներկայացուցիչների համար կարեւորություն է ներկայացնում սեռերի ներկայացվածությունը. խոսքը կանանց ներկայացվածության բարձրացման մասին է: Մենք տեղեկացանք, որ իշխանական թեւի ներկայացուցիչները, ի վերջո, եկել են եզրահանգման` օրենքով պարտադրվի, որ կուսակցության ղեկավար կազմում լինի սեռերի առնվազն 30 տոկոս ներկայացվածություն:
Նկատենք, որ առաջարկներ ներկայացնելու առումով բավականին ակտիվ է նաեւ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը: Նրա առաջարկներից մեկն էր օրենքով պարտադրել կուսակցություններում ղեկավար կազմի կոլեգիալության ընտրության սկզբունքը, կամ նախատեսել, որ կուսակցությունները իրենց կանոնադրություններում ամրագրեն իրենց ղեկավար կազմերի ձեւավորումը: Իսկ դա, ըստ Նազարյանի, ենթադրում է ներքին ընտրություն՝ փակ քվեարկությամբ:
Բացի իշխանական խմբակցության ներկայացուցիչներից բավականին ակտիվ են եղել նաեւ խորհրդարանում ներկայացված ընդդիմադիր ուժերը: Օրինակ` «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է ավելի դյուրին դարձնել կուսակցությունների գրանցման գործընթացը, որպեսզի նրանք կարողանան մաս կազմել քաղաքականությանը:
Իսկ, օրինակ, ԲՀԿ-ն առաջարկել է կուսակցությունների գրանցման համար անհրաժեշտ հիմնադիր անդամների թիվը նվազեցնել` 150-ից դարձնելով 50: Նշենք, որ գործող օրենքով կուսակցությունը գրանցելու համար անհրաժեշտ է ունենալ 800 անդամ: Խմբակցությունն առաջարկում է ամրագրել 500 անդամի անհրաժեշտությունը:
Բացի վերը նշված առաջարկից «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նաեւ առաջարկում է բարձրացնել կուսակցություններին տրամադրվող ֆինանսավորումը։ Բացի այդ, նրանք կարծում են, որ պետք է փոխել նաև սկզբունքը, թե մասնավորապես որ կուսակցություններին է տրամադրվում ֆինանսական աջակցություն։ Այսպիսով, աշխատանքները տեղափոխվում են վերջնական փուլ:
Նաիրա Հովհաննիսյան