Իջեւանի ԲԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նոր մրցույթը նշանակվել է 2019թ. դեկտեմբերի 18-ին: Նախորդ մրցույթը կայացել է հոկտեմբերի 1-ին, մրցույթի մասնակիցները երկուսն էին` Իջեւանի ԲԿ-ի պաշտոնակատար, 2019թ. ապրիլի 22-ից այդ կենտրոնը ղեկավարող Վազգեն Մարգարյանը եւ արդեն լուծարված Բերդի զինվորական հոսպիտալի պետ Էդուարդ Գրիգորյանը:
Վ. Մարգարյանը հոկտեմբերի 1-ի մրցույթի սկզբից այն բոյկոտել է` պարզաբանելով, որ նախօրոք իրեն տրված հարցաշարում չեն եղել մրցութային թեստում ընդգրկված հարցերը: Նշելով, որ տեղի է ունեցել օրենքի խախտում, Վ. Մարգարյանը բողոքարկել է մրցույթի օրինականությունը, եւ նոր մրցույթ է նշանակվել: Վազգեն Մարգարյանն ասաց, որ Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ցանկանում էր Իջեւանի ԲԿ-ում մարզպետարանի կողմից օրենքի խախտումներով անցկացված ներքին աուդիտի, իրեն նկատողություն տալու միջոցով հարկադրել, որպեսզի ինքը մրցույթին չմասնակցի, եւ Իջեւանի ԲԿ-ի տնօրեն դառնա Էդուարդ Գրիգորյանը:
Վերջինիս մասին էլ Վ. Մարգարյանն ասաց, որ իր համար առեղծված էր, որ Իջեւանի հիվանդանոցում գեթ մեկ օր չաշխատած Է. Գրիգորյանը մասնակցել է մրցույթին, նրա նկատմամբ քրեական 3 գործ կա, նրան ուղարկել են Արցախի Հանրապետություն ծառայության, հրաժարվել է, նրան բանակի շարքերից վտարել են: Վ. Մարգարյանն ասաց, որ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները Իջեւանի ԲԿ-ում ստուգումներ են կատարել, 50-ից ավելի հիվանդների հարցաքննել, ուսումնասիրել հաշվապահության փաստաթղթերը, սակայն ոչ մի օրինախախտում չեն հայտնաբերել: Ստուգող խմբի ղեկավարը դրա համար իրեն շնորհակալություն է հայտնել: ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարը համոզված է, որ ոստիկանության այդ ստուգումը նախաձեռնվել էր, որպեսզի ինքը չառաջադրվեր Իջեւանի ԲԿ-ի տնօրենի մրցույթում:
Վ. Մարգարյանը «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ որոշել է մասնակցել նոր մրցույթին, հաղթել, ապա հրաժարականի դիմում գրել, եթե զգա , որ վերադասը չի ուզում իր հետ աշխատել: Սակայն նրան ոգեւորել է փաստը, որ Իջեւանի ԲԿ-ի 115 աշխատողներից 90-ը գրավոր դիմել են մարզպետ Հ. Չոբանյանին, որպեսզի Վ. Մարգարյանը պաշտոնավարի որպես Իջեւանի ԲԿ-ի տնօրեն: Նա կարծում է, որ նոր մրցույթը արդար կկազմակերպեն` ցույց տալու համար, որ նոր Հայաստանում ենք ապրում: Հակառակ դեպքում ասում է` ինքը վարչապետ Փաշինյանից ընդունելություն կխնդրի ու 10 րոպեում կներկայացնի իրավիճակը: Վազգեն Մարգարյանն, ի դեպ, Նիկոլ Փաշինյանի համերկրացին է, ծագումով Ենոքավան գյուղից ու ասում է` անձնապես վաղուց է ճանաչում վարչապետին:
Ոսկան Սարգսյան
Տավուշ