ՀԱՅԿԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԸ` ԵՎՐԱԳԱՎԱԹՆԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայկական երեք ակումբներ դեռեւս շարունակում են պայքարը Եվրոպա Լիգայի որակավորման փուլում: Հայաստանի չեմպիոն «Արարատ – Արմենիան», փոխչեմպիոն «Փյունիկը» եւ Հայաստանի գավաթակիր «Ալաշկերտը» առաջիկա օրերի ընթացքում կանցկացնեն Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպումները:
Հիմա փորձենք հասկանալ թե ինչ շանսեր ունեն մեր ակումբները որակավորման երրորդ փուլ անցնելու համար:

«Լինկոլն Ռեդ Իմպս» (Ջիբրալթար) – «Արարատ – Արմենիա» (0:2)
Առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը կարողացավ հաղթել ջիբրալթարական թիմին 2:0 հաշվով եւ այդ հաղթանակի շնորհիվ լուրջ հայտ ներկայացրեց մյուս փուլ դուրս գալու համար: Հաշվի առնելով մրցակցի թիմի կարգը եւ այն, որ նրանք գրեթե ողջ երկրորդ խաղակեսը անցկացնում էին 10-ը ֆուտբոլիստներով` կարծում ենք` Երեւանում գրանցված հաշիվը այդքան էլ գոհացուցիչ չէր: Ամեն դեպքում, կարեւորը այն է, որ կա հաղթանակը, եւ մրցակցի դաշտում արագ գոլը վերջնականապես կարող է վճռել դիմակայության ելքը: Հայկական ակումբը պարտավոր է անցնել մյուս փուլ, եւ այդ ամենը ավարտին հասցնելու համար հարկավոր է գոնե այնպիսի խաղ, ինչպիսին մեր թիմը ցույց տվեց տանը: Ջիբրալթարցիները խաղալու են սեփական դաշտում եւ ամեն հնարավոր բան կանեն իրենց երկրպագուների սպասելիքներն արդարացնելու համար:
«Արարատ – Արմենիան» այս դիմակայության բացահայտ ֆավորիտն է, եւ եթե ինչ-որ անհասկանալի բաներ տեղի չունենան, ապա մեր թիմը պայքարը կշարունակի մյուս փուլում:
Հանդիպումը կկայանա այսօր` Երեւանի ժամանակով 19:45-ին:

«Յաբլոնեց» (Չեխիա) – «Փյունիկ» (1:2).
Չեխական հզոր «Յաբլոնեցի» հետ խաղում «Փյունիկը», Արթուր Միրանյանի դուբլի շնորհիվ, տանը կարողացավ հաղթել 2:1 հաշվով: Չնայած հաղթելու հանգամանքին, միեւնույնն է, հայկական ակումբը ֆավորիտ չի համարվում պատասխան խաղից առաջ: Հաղթանակը լուրջ քայլ էր մյուս փուլ անցնելու համար, սակայն սեփական դաշտում բաց թողած գնդակը ավելի մշուշոտ է դարձնում մեր թիմի շանսերը:
Պարտված խաղից հետո չեխական թիմի մարզիչ Պետր Ռադան նշել էր, որ թիմը թերագնահատել էր «Փյունիկին», եւ դա է պարտության պատճառը: Միայն այսպիսի խոսքերի համար կարելի է հաղթել պատասխան խաղում եւս եւ նոր էջ բացել հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Ե՛ւ խաղի, ե՛ւ դիմակայության ֆավորիտը շարունակում է մնալ «Յաբլոնեցը». մնում է հուսալ, որ մեր տղաները կանեն անհնարին թվացողը եւ կանցնեն մյուս փուլ:
Հանդիպումը կկայանա օգոստոսի 1-ին` Երեւանի ժամանակով 21:00-ին:
Հավելենք նաեւ, որ այս զույգի հաղթողը, ամենայն հավանականությամբ, կմրցի անգլիական «Վուլվզի» հետ:

«Ստյաուա» (Ռումինիա) – «Ալաշկերտ»
Հայկական թիմերից ամենավատ եւ ամենաբարդ վիճակում գտնվում է «Ալաշկերտը»: Հայկական թիմը առաջին խաղում սեփական դաշտում 0:3 հաշվով զիջել է Ռումինիան ներկայացնող «Ստյաուային»: Այդ խաղը Աբրահամ Խաշմանյանի տղաները շատ լավ անցկացրին, սակայն երկրորդ խաղակեսում Դաղբաշյանի եւ Չանչարեվիչի թույլ տված կոպիտ սխալի պատճառով թիմը բաց թողեց առաջին գնդակը, ինչից հետո պայքարել այլեւս չկարողացավ: Իրոք ցավալի էր այն փաստը, որ հայկական ակումբը պարտվեց խոշոր հաշվով այն պարագայում, որ խաղում էր ավելի լավ ֆուտբոլ մրցակցից: Ինչեւէ, եղածն արդեն եղել է, եւ մեզ մնում է հուսալ, որ ֆուտբոլային հրաշքների շարքին կդասվի նաեւ Բուխարեստում կայացող հանդիպումը: «Ալաշկերտի» շանսերը գրեթե զրոյական են, սակայն առջեւում կա 90 րոպե, եւ հանձնվել ուղղակի հարկավոր չէ:
Այս խաղը նույնպես կկայանա օգոստոսի մեկին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 22:30-ին:

ԷԴՄՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ




Լրահոս