Համայնքների խոշորացման գործընթացը վերսկսվել է. որ համայքները կմիավորվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է, նախորդ իշխանությունների ձեռնարկած համայնքների խոշորացման ծրագիրը ժամանակավորապես դադարեցվել էր: Այս ծրագիրը Հայաստանում կասեցվել էր մինչեւ խորհրդարանական ընտրություններ: Բայց պարզվում է` իշխանությունները մտադիր են այն շարունակել եւ ավարտին հասցնել:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջիկայում նախատեսվում է իրականացնել համայնքների միավորման 3 ծրագիր` ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Իջեւան համայնքային փնջերում:

Այսպես, նախատեսվում է ձեւավորել հետեւյալ համայնքային փնջերը. ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո` Լերմոնտովո, Անտառաշեն (թվով 2), Կոտայքի մարզի Քասախ` Քասախ, Պռոշյան (թվով 2), Տավուշի մարզի Իջեւան` Իջեւան, Ազատամուտ, Ակնաղբյուր, Աճարկուտ, Այգեհովիտ, Աչաջուր, Բերքաբեր, Գանձաքար, Գետահովիտ, Դիտավան, Ենոքավան, Լուսահովիտ, Լուսաձոր, Խաշթառակ, Ծաղկավան (Իջեւանի շրջ.), Կիրանց, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն (թվով 19):

Այսինքն` կմիավորվեն նախկին Իջեւանի շրջանի համայնքները, Կոտայքի մարզի Քասախ եւ Պռոշյան, ինչպես նաեւ մեծամասամբ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներով բնակեցված Լոռու մարզի Լերմոնտովո եւ Անտառաշեն համայնքները: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ առաջարկվող ծրագրերում ներգրավված է լինելու 23 համայնք, որոնց միավորման արդյունքում ձեւավորվելու է 3 համայնք: Եւ Տավուշի մարզում համայնքների միավորման գործընթացը կավարտվի:

Ըստ որոշ տեղեկությունների` մեր երկրում չխոշորացված համայնքների թիվը 450-ն է: Ավելին, խոշորացման գործընթացը պետք է ավարտվեր 2019 թվականին, բայց, պարզվում է, որ ներկայիս իշխանությունները չեն կարողանում մինչեւ այս տարեվերջ այն ավարտին հասցնել, քանի որ մեզ հայտնի դարձավ, որ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Քասախ, Տավուշի մարզի Իջեւան համայնքներում 2020 թվականի մարտի 15-ին անցկացվելու են համայնքների ղեկավարների եւ ավագանու անդամների ընտրություններ:
Կհիշեք, որ համայնքների խոշորացման ծրագիրը մարզերի բնակիչների կողմից այնքան էլ ոգեւորությամբ չի ընդունվել: Սկզբնական շրջանում անգամ բողոքի ակցիաներ իրականացվեցին` ընդդեմ այս ծրագրի: Բայց, մյուս կողմից, գործադիրը միջազգային պարտավորություններ ունի այդ ծրագրերի շարունակականության հարցում:

Ի դեպ, նշենք, որ նախկին իշխանությունները համայնքների միավորման գործընթացը կազմակերպում էին առանց տեղական հանրաքվեների:

Մեզ հայտնի դարձավ, որ այս անգամ միավորվող համայնքների տեղական ինքնակառավարման մարմինների եւ բնակչության հետ (բացառությամբ Քասախի եւ Պռոշյանի) կազմակերպվել են քննարկումներ: Դրա արդյունքներով մշակվել է «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծը, որն էլ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածների նախարարությունը քննարկման է դրել:

Պարզվում է, որ Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի համայնքներում քննարկումների ընթացքում բնակչության մեծամասնությունը հակված է եղել համայնքների միավորման «շրջանային» մոդելին: Որպես «շրջանային» տարբերակի լրացուցիչ հիմնավորում` դիտարկվել է նաեւ այն հանգամանքը, որ այդպիսով կկարգավորվեն միավորվող համայնքերի միջեւ ներկայումս առկա հողային վեճերը, որոնք առաջացել էին 2008-2011թթ. իրականացված հողային ռեֆորմի ընթացքում: Այսինքն` նախարարությունը հույս ունի, որ համայնքների միավորման արդյունքում այդ հողերը հնարավոր կլինի օգտագործել արդարացի եւ հավասարակշռված սկզբունքով:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ զրուցեց ՀՀ Լոռու մարզի Լերմոնտովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանի հետ, որն ասաց, որ իրենց գյուղում հիմնականում ապրում են մոլոկանները, որոնք նախկինում չեն համաձայնել միավորվել այլ գյուղերի հետ: Այս անգամ նախատեսվում է Լերմոնտովո համայնքը միավորել Անտառաշենին: «Անատառաշենը մեր հարեւան գյուղն է, իրենց երեխաները հաճախում են մեր գյուղի դպրոց, մանկապարտեզ: Անտառաշենի գյուղապետն է առաջարկել միավորվել մեր համայնքին, մենք էլ համաձայնել ենք: Մենք 100 տոկոսով համաձայն ենք Անտառաշենին միավորվելու ծրագրին»,- նկատեց գյուղապետը:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կկարգավորվի նաեւ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի կենտրոնը Սոթք բնակավայրից Գեղամասար բնակավայր տեղափոխելու հարցը: Նշենք, որ վերջին երկու տարվա ընթացքում համայնքի բնակչությունն ու ՏԻՄ-երը բազմաթիվ դիմումներ են գրել այն մասին, որ համայնքային կենտրոնը տեղափոխվի Գեղամասար բնակավայր:

Ի դեպ, տեղեկացնենք, որ 2016 թվականի փետրվարի 14-ից ի վեր իրականացվել է համայնքների միավորման թվով 52 ծրագիր, ինչի արդյունքում 465 համայնքների միավորման արդյունքում ձեւավորվել է թվով 52 համայնք: Ըստ նախարարության` վարչատարածքային բարեփոխումների ծրագրի շրջանակներում միավորված համայնքներում իրականացվել են ներդրումային ծրագրեր` ԱՄՆ ՄԶԳ (8.6 մլն դոլար) եւ Շվեյցարական դաշնային զարգացման գործակալության (2,3 մլն դոլար) ֆինանսավորմամբ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս